Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունեց Ազգային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի տնօրեն Արմեն Արզումանյանին, «Ար» հեռուստատեսության տնօրեն Վահրամ Մարտիրոսյանին եւ «Ա1+» հեռուստաընկերության մեկնաբան, «Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանին ու պատասխանեց նրանց հարցերին։ Որոշ կրճատումներով եւ խմբագրմամբ ընթերցողին ենք ներկայացնում այդ զրույցի առավել հետաքրքիր մասը։
Արմեն Արզումանյան. -Ես առաջարկում եմ խոսել նախորդ իշխանությունների քաղաքական գնահատականի մասին։ Ի՞նչ եք կարծում, արդյոք վտանգավոր նախադեպ չէ՞ ինքնին քաղաքական գնահատական տալ իշխանափոխությունից հետո։ Արդյոք դա չի՞ նշանակում, որ հաջորդ իշխանությունը գնահատական է տալու այս իշխանությանը, եւ այսպես շարունակ։ Ի վերջո, եթե եղել են ինչ-որ սխալներ կամ, թեկուզ նույնիսկ հանցագործություններ, նրանք պետք է պատժվեն օրենքով։ Ո՞րն է իրականում այդ քաղաքական գնահատականի բուն իմաստը։
-Գիտեք, ես էլ ունեմ որոշ վերապահումներ այս քաղաքական գնահատական տալու, ընդհանրապես երեւույթի վերաբերյալ։ Ես հայտարարել եմ, որ նոյեմբերի վերջին՝ քաղաքական խորհրդի վերջնական որոշումից հետո, այս հարցի վերաբերյալ կարտահայտվեմ։ Սակայն հիմա կարտահայտվեմ մի քիչ վերապահումներով, քանի որ քաղաքական խորհրդի որոշումը, հայտարարությունը դեռ չեմ ստացել։ Գործընթացը շարունակվում է, եւ ստանալուց հետո միգուցե նաեւ վերջնական կարծիքս կասեմ։ Համաձայն եմ, կան բազմաթիվ հարցեր։ Ի՞նչ ենք հասկանում «նախորդ իշխանությունների» տակ։ Դա երկրի պրեզիդե՞նտն է, կառավարությո՞ւնն է, պառլամե՞նտն է, բոլորը միասի՞ն։ Գուցե խոսքը երկրի այն ժամանակվա իշխող քաղաքական ուժի՞ մասին է։
Բացի դրանից, ի՞նչ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Որտեղից ենք սկսելու՝ անկախությունը ձեռք բերելուց հետո, 95-ից հետո, թե չգիտեմ, ասենք՝ 88 թվից հետո։ Ինչի համար ինչ կարգի գնահատական է տրվում։ Նման հարցերը բազմաթիվ են։ Անձնավորվա՞ծ, թե՞ ընդհանուր գնահատական պետք է լինի։ Եթե կառավարությանը պետք է գնահատական տան, ապա եւ անկախության ձեռքբերումից հետո կառավարության կազմը բազմաթիվ անգամ փոփոխվել է, հիմա ո՞ւմ գնահատականն ենք տալիս՝ վարչապետների՞, թե՞ կառավարության։ Մեր Սահմանադրությամբ վարչապետը նախարարների կոորդինատորն է։ Եթե նախագահի մասին է խոսքը, մեկ այլ պրոբլեմի առջեւ ենք կանգնում։ Դրա համար շատ կարեւոր է, որ ամեն ինչ լինի օբյեկտիվ, կարեւոր է, որ երկրի բոլոր քաղաքական ազդեցիկ ուժերը փորձեն ինչ-որ փաստաթուղթ մշակել, եւ ոչ թե դա անի երկրի նախագահը։ Ի վերջո, նախագահի իշխանությունն անձնավորված իշխանություն է, եւ երաշխիքները լիակատար չեն, որ այդ գնահատականը օբյեկտիվ է լինելու։
Կարդացեք նաև
Արամ Աբրահամյան. -Այս տարվա սկզբին իշխանությունն ամբողջությամբ չի փոխվել՝ մի մասը գնաց, մյուսը՝ մնաց։ Ինչպե՞ս է ստացվել, որ մթան, ցրտի, արտագաղթի, կաշառակերության, թալանի համար պատասխանատու են միայն նրանք, ովքեր գնացին, իսկ Ղարաբաղը ազատագրելու, պետության հիմքերը դնելու, ազատ մամուլ ստեղծելու համար պատասխանատու են միայն նրանք, ովքեր մնացին։
-Ձեր այդ մտահոգությունը ինչ-որ տեղ կար նաեւ իմ ասածի մեջ։ Այո, պետք է ճիշտ որակավորել։ Կան երեւույթներ, որոնք ես բացասաբար եմ գնահատում, բայց կարող է դա լինել սուբյեկտիվ գնահատական։ Կային նաեւ դրական արդյունքներ, որոնք պետք է անպայման նշվեն։ Ամենից վատն այն է, որ երկրի նախագահի իշխանությունն իսկապես անձնավորված է, եւ շատ դեպքում բոլոր դժգոհությունները կենտրոնացվում են այդ անձնավորված իշխանության վրա։ Երկրում ինչ կատարվի-չկատարվի՝ պրեզիդենտն է մեղավոր։ Բայց պրեզիդենտի իրավասությունների շրջանակն իմանալու համար բավական է բացել մեր Սահմանադրության 85 հոդվածը եւ կարդալ՝ պրեզիդենտը ինչ իրավունք ունի անելու, ինչի համար է պատասխանատու, ինչի համար՝ ոչ։ Եթե խոսում են գնահատականի մասին, ես ասում եմ՝ պետք է հստակ նշվի, ով ինչի համար է պատասխանատու, ինչն էր սխալ, ինչը ճիշտ։ Մեկն 91 թվին գնաց, կարծես թե պատասխանատու չէ այսօրվա երեւույթների համար, մեկը մի քիչ ուշ, մեկը մի քիչ շուտ։
Արամ Աբրահամյան. -Կարելի է 18 թվականից էլ սկսել, որովհետեւ այդ ժամանակվանից մենք ունեինք պետություն եւ երեք տիպի նախորդ իշխանություններ՝ դաշնակցական, կոմունիստական եւ ՀՀՇ-ական։ Եկեք այդ բոլոր իշխանություններին, եթե այդպիսի իրավասություններ ունենք՝ գնահատենք։
-Գիտեք, մեր Սահմանադրության 5-րդ հոդվածը բավականին հստակ նշում է, որ պաշտոնյան, պաշտոնատար անձը եւ ընդհանրապես պետական մարմիններն իրավունք ունեն ինչ-որ գործողություններ անել միայն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում։ Այդ առումով նախագահը նման լիազորություններ Սահմանադրությամբ չունի։ Ունի ժողովրդին ուղերձով դիմելու իրավունք։ Բայց ուղերձն ու գնահատականը մի քիչ տարբեր բաներ են։
Խոսենք կոնկրետ երեւույթների մասին։ Ես չեմ ընդունում այն սեփականաշնորհման ձեւը, որն իրականացրեց Հայաստանը՝ չնայած համոզված եմ, որ սեփականաշնորհում պետք է լիներ։ Ես չեմ ընդունում գնահատման այն մեթոդիկաները, որը կատարվում էր, չեմ ընդունում ընդհանրապես վաուչերների սկզբունքը։ Համարում եմ, որ կարելի էր էժան սեփականաշնորհել, բայց սեփականաշնորհման հետ միասին սեփականատերը պետք է ունենա նաեւ պարտավորություններ՝ ձեռնարկության հետագա շահագործման հետ կապված։ Մեզ մոտ ստացվեց, որ սեփականաշնորհեցինք ունեցվածքի մեծ մասը, եւ ոչ մեկն իր վրա պարտավորություն չստանձնեց հետագա շահագործման համար։ Եվ մեր սեփականաշնորհումը դարձավ անշարժ գույքի ձեռքբերում։
Մարդ կա, որ ուներ հնարավորություններ եւ եթե ինքը սեփականաշնորհեր, օրինակ, 2-3 օբյեկտ էժան գնով, բայց իր վրա պարտավորություն վերցներ այդ օբյեկտները շահագործել, զարգացնել, մյուս միջոցներն ուղղեր այդ նպատակներին, մենք կունենայինք միանգամայն այլ վիճակ։ Իսկ մեզ մոտ հնարավորություն կար ձեռք բերել էժան անշարժ գույք, մարդիկ բոլոր իրենց հնարավորությունները դրեցին որքան հնարավոր է շատ անշարժ գույք առնելու համար՝ չունենալով դրա հետագա շահագործման համար հնարավորություն, ցանկություն, ընդունակություն։ Այ, սա է, որ չեմ ընդունում եւ համարում եմ, որ այստեղ հնարավորություն կար այլ ճանապարհով շարժվել։ Չեմ ընդունում այն մոտեցումը, որը կար 15 թվականի մեր ցեղասպանության վերաբերյալ։ Համարում եմ, որ Հայաստանն անկախությունը ձեռք բերելուց հետո, կարող է հստակ ձեւակերպել իր մոտեցումները եւ նաեւ քայլեր ձեռնարկել՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ինձ համար անընդունելի է նաեւ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ մոտեցումները 96 թվից հետո։
Զիջողական, ոչ հստակ էր ձեւակերպված Հայաստանի մոտեցումը, եւ սա բերեց այնպիսի մի վիճակի, երբ թվում էր, թե միայն Ղարաբաղն է անկախության ձգտում, իսկ Հայաստանում յուրաքանչյուր մի տարբերակ ընդունելի կլինի, եթե դա ընդունի Ղարաբաղը։ Իսկ Ղարաբաղի ուժերով միայն շատ դժվար է միջազգային ատյաններում իսկապես պայքարել հարցի ճիշտ ընկալման համար։ Եվ այս վերջին մեկ տարին ցույց տվեց, որ այլ մոտեցումներ հնարավոր են։ Երեւի, կարելի է գնահատական տալ այս վերջին ընտրություններին, 95, ինչ-որ տեղ 96-ի երեւույթներին, բայց այստեղ դա էլ միանշանակ չէ, այսինքն՝ միայն իշխանությունների մեղքը չէ։ Ես համարում եմ, որ պատճառը նաեւ ընդդիմության՝ ինչ-որ չափով ռադիկալ կեցվածքն էր։
Կարելի է շարունակել այս ցանկը, բայց մեղադրել գործադիր իշխանությանը, որ ժողովուրդը առանց լույս էր մնացել՝ մեկ այլ խնդիր է։ Այդ դեպքում պետք է մի քիչ ավելի խորանանք եւ հայտնաբերենք, թե ով էր փակել ատոմակայանը, որովհետեւ եթե այն փակված չլիներ 89 թվին, շատ հավանական է, որ ժողովուրդն այս վիճակում չէր լինի 92-93 թվին։ Ո՞վ էր սկսել այս շարժումը, հիմա որտե՞ղ են այդ մարդիկ։
Դրա համար երեւի պետք է իրարից զատել այն օբյեկտիվ երեւույթները, որոնք պետք է լինեին Հայաստանում, կապված անցումային շրջանի, Սովետական Միության փլուզման հետեւանքների հետ, պետք է ճիշտ գնահատենք պատերազմի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա՝ ի վերջո, եթե չեմ սխալվում, 28 անգամ պայթեցրել են միայն գազամուղը։ Պետք է նաեւ ճիշտ գնահատել մի շարք այլ գործոններ՝ կապված, օրինակ, Վրաստանի անկայուն վիճակի հետ, որը տեւել է մի քանի տարի։ Այս բոլոր երեւույթներն օբյեկտիվորեն ազդել են Հայաստանի տնտեսության վրա, եւ այստեղ երեւի իշխանությունների մեղքը չկա։ Դրանք պետք է զատել այն սուբյեկտիվ բացասական երեւույթներից, որից հետո կարելի է տալ գնահատական։ Բայց սա բավական դժվար գործ է. որտե՞ղ է վերջանում օբյեկտիվ երեւույթների ազդեցությունը, որտեղ են սկսվում սուբյեկտիվ երեւույթները։ Մեծ, դժվար գործ է։ Միայն եթե պրեզիդենտի նպատակը լինի միայն ինչ-որ մեկին մեղադրել, ասել, որ իրենից առաջ ոչ մի բան չի եղել, այ, ինքը եկավ ամեն ինչ լավացրեց, ապա կարելի է դա սպեկուլյացիայի լուրջ առարկա դարձնել եւ նաեւ պոպուլիզմի տեսակետից բավական դրական արդյունքներ ունենալ։
Արամ Աբրահամյան. -Բայց մի՞թե դա չի արվում։ Երբ ասենք, մեկ տարվա ընթացքում մեր ժողովրդի սոցիալական վիճակը չի բարելավվում, չի՞ ասվում՝ «մենք ստացել ենք ծանր ժառանգություն»։ Այս «ծանր ժառանգությունը» մեզ որքա՞ն ժամանակ է խանգարելու, քանի՞ տարի է դա բերվելու որպես արդարացում։
-Առաջինը՝ իսկապես ստացել ենք ծանր ժառանգություն եւ կարող ենք մի բան հստակ արձանագրել, որ վիճակն ավելի վատ չէ, քան եղել է մեկ տարի առաջ։ Մի բան եւ քիչ էլ ավելի լավ պետք է լինի։ Եվ կա՝ օբյեկտիվ ցուցանիշները դա ցույց են տալիս։ Ես համարում եմ, որ ամեն ինչում մենք պետք է փորձենք տալ օբյեկտիվ գնահատական։ Եվ վատ ավանդույթ է դառնալու, եթե ամեն մի իշխանափոխության պարագայում սկսեն միայն քննադատել նախորդներին։
Արամ Աբրահամյան. -Անցյալի սխալների մասին խոսելով հիշեցնեմ մի ավանդույթ. ղեկավարի, նախագահի, նախարարի կամ վարչապետի մոտ մտնում էր պալատական «холуй»-ը եւ ասում էր այն, ինչ-որ նա ուզում էր լսել՝ ամեն ինչ շատ լավ է, ժողովուրդը քեզ պաշտում է եւ այլն։ Այն մարդիկ, որոնք ձեզ ինֆորմացիա են հաղորդում, նրանք, օրինակ, կանգնո՞ւմ են խնայդրամարկղերում էլեկտրաէներգիայի վարձը մուծող հերթերում եւ լսո՞ւմ են, թե ինչ են խոսում ներկա եւ նախորդ իշխանության մասին հասարակ մարդիկ՝ մասնավորապես, էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու հետ կապված։
-Կարծում եմ, որ ինֆորմացիան ինչ-որ տեղ ճիշտ եմ ստանում, որովհետեւ հասարակական կարծիքների ուսումնասիրություններն ինձ չեն տալիս գեղեցկացրած ձեւով։ Ես գիտեմ, որ կա ռեյտինգի անկում, կան ինչ-որ պրոբլեմներ, բայց ես նաեւ ունեմ, իմ կարծիքով, օբյեկտիվ գնահատականներ ունենալու հնարավորություն։ Երեւի դուք նկատել եք, որ մենք տնտեսական քայլեր անելիս, փորձում ենք պատրաստել նաեւ հասարակական կարծիքը, փորձում ենք հասկանալի դարձնել, թե ինչի է արվում այս կամ այն քայլը։