Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՊԵՏԸ ՄԻՇՏ ՆՈՐ ՁԵՎՈՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ

Դեկտեմբեր 01,1998 00:00
Smbat Ayvazyan

Հարկային տեսչության նոր պետը՝ ԱԺ պատգամավոր եւ «Երկրապահ» խմբի արդեն նախկին նախագահ Սմբատ Այվազյանը, մեր զրույցի սկզբում նախ խոստովանեց, թե այս օրերին մամուլին միտումնավոր չի հետեւել, որ իր նշանակման առթիվ մեկնաբանություններին պատասխանելու ցանկություն չառաջանա։

-Այնուամենայնիվ նշեմ, որ Ձեր նշանակման առիթով այսօրինակ մեկնաբանություններ կան, թե քանի որ ԱԺ «Երկրապահ» խմբի անդամ եք մնում՝ հարկային լծակները կօգտագործեք կարեւոր քվեարկությունների վրա ներազդելու համար։

– Բացարձակապես չի կարող նման բան լինել։ Նորից հարազատ ենք մնալու մեր խմբի աշխատաոճին եւ բոլոր տեսակետները համադրելով պիտի փորձենք մի ընդհանուր հայտարարի գալ։

– Կարո՞ղ եք այժմ խոստանալ, որ երբեւէ չեք փորձի այս պաշտոնի ընձեռած հնարավորություններն օգտագործել խորհրդարանում։

– Ես ուղղակի հայտարարում եմ. նման բան երբեք չի կարող լինել։ Չի կարող լինել այն պատճառով, որ չի կարող լինել նման բան։

– Ձեր նշանակման առիթով մեկնաբանությունների երկրորդ խումբը մոտավորապես այսպիսին է, թե սա հավելյալ ոլորտներ ստանձնելու կամ բյուջեի ընդունումից առաջ «Երկրապահի» եւ կառավարության միջեւ, այսպես ասած, բանակցությունների արդյունքն է։

– Ո՛չ։ Իրականում այս ամենը մոտավորապես այսպես եղավ. պրն Թումանյանի տեղափոխության առիթով ինձ առաջարկ արվեց։ Հանրապետության նախագահի եւ վարչապետի կողմից խնդիրները մի քիչ ավելի հստակ էին սահմանվել՝ գտնել այնպիսի մեկին, որի վրա որպես հարկային տեսչության պետի՝ ոչ ոք չի կարողանա ներազդել եւ, որն ի վիճակի կլինի ողջ հանրապետությունում հարկային հավասար դաշտ ապահովել։ Սրանք էին հիմնական չափանիշները եւ դրանք հաշվի առնելով էր ընտրությունը կանգ առել իմ թեկնածության վրա, սակայն նշանակումը տեղի ունեցավ երկար քննարկումներից հետո։

– Սա նշանակում է, որ հարկային տեսչության նախորդ ղեկավարի վրա ներազդելու փորձերը որոշ իմաստով հաջողվո՞ւմ էին։

– Ոչ։ Նա ուղղակի տեղափոխվում էր այլ աշխատանքի։

– Եվ հաստատ է, որ Ձեզ առաջարկ է արվել Արտաշես Թումանյանի տեղափոխման որոշումից հետո՞ միայն, ո՞չ նախապես։

– Այո, իհարկե։

– Ավանդական հարցեր. ի՞նչ ժառանգություն եք ստացել, ի՞նչ վիճակում է համակարգը, ի՞նչ առաջնահերթ անելիքներ եք որոշել։

– Ժառանգությունս պետության մեջ բավական լուրջ ու հաստատուն համակարգ է, որը եթե առաջ չէ շատ այլ համակարգերից, գոնե շատ էլ հետ չէ։ Կարող եմ ասել, որ ընդհանուր մակարդակից մի քիչ առաջ է։ Ընդհանուր առմամբ, ի տարբերություն նման այլ երկրների՝ հարկային կարգապահությունը մեզ մոտ ավելի լավ վիճակում է, բայց եւ բավարար չէ։ Վերջին տարիներին առաջընթաց արձանագրվել է, բայց նաեւ լուրջ անելիքներ կան, որ այդ առաջընթացը շարունակվի ու տեմպերն էլ փոքր-ինչ արագանան։ Հիմնական խնդիրներս՝ այս են ու նաեւ հարկային վարչարարության կատարելագործումը։ Նորից նշեմ, որ դա էլ է նորմալ հիմքերի վրա դրված, բայց այստեղ եւս շատ անելիքներ կան։ Իմ կարծիքով, հարկային քաղաքականությունը պիտի նպաստի տնտեսության զարգացմանը։

– Այսինքն, հարկային մե՞ղմ քաղաքականության կողմնակից եք։

– Մեկը մյուսից չի հետեւում։ Եվ ասածս էլ չի նշանակում, թե հարկային մեղմ քաղաքականություն է իրականացվելու։ Իրականացվելու է այնպիսի քաղաքականություն, որը պիտի նպաստի տնտեսության զարգացմանը։

– Մինչ այս պաշտոնին նշանակվելը «Սապֆիր» գործարանի տնօրենն էիք։ Որպես նախկին գործարար եմ խնդրում գնահատեք, արդյոք հարկային ներկա քաղաքականությունը նպաստո՞ւմ է տնտեսության զարգացմանը։

– Այստեղ իհարկե փոփոխությունների անհրաժեշտություն կա, բայց հարկային դաշտը մեզ մոտ բավական ազատական է բազմաթիվ այլ երկրների համեմատ։ Սակայն համեմատություն անելն այստեղ բարդ է. մեր տնտեսությունն այն վիճակում է, որ ստանդարտ մոտեցումներով զարգացած պետությունների հետ համեմատելիս բավական ոչ իրական պատկեր է ստացվում։ Պետք է մի քիչ ուսումնասիրենք, թե ինչ մոտեցումներ կարելի է կիրառել տարբեր ճյուղերի նկատմամբ, որ նրանց զարգանալու հնարավորություն տանք։ Մեր ամենամեծ դժվարությունները միգուցե սրանք են՝ բավական հին հիմնական միջոցներ ենք ժառանգել եւ շրջանառու միջոցների պակաս կա։ Այս երկուսի առկայությունը հարկային դաշտում մեզ կարծես ստիպում է որոշ ոչ ավանդական մոտեցումներ կիրառել։ Եթե աշխատանքիս ընթացքում կարողանանք հարկային դաշտի կատարելագործման իսկական մեթոդը գտնել՝ համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգամ։

– Հարկային տեսչությունում կադրային փոփոխություններ արդեն արե՞լ եք, թե՞ դեռ մտադիր չեք։

– Բացարձա՛կ։ «Սապֆիրում» էլ սկզբնական ժամանակաշրջանում ոչ մի փոփոխություն չէի արել։ Այնուհետեւ 1-2 նոր մարդ եմ բերել եւ աշխատանքը հների եւ նորերի միացյալ ջանքերով ենք կազմակերպել։ Եվ այժմ կարող եմ ասել, որ կադրային փոփոխություններ չկատարելով, ես ճիշտ էի վարվել։

– Եվ նույն կերպ մտադիր եք նաեւ այժմ վարվե՞լ։

– Եթե հնարավոր լինի նույն կերպ աշխատել՝ բնականաբար, փորձառու մասնագետների ծառայություններից անպայման օգտվելու եմ։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031