Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՈՐՏԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ՝ ՀԱՐԳԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ

Նոյեմբեր 28,1998 00:00
abort

Ռուսաստանում 15-45 տարեկան 1000 կնոջից տարեկան արհեստական վիժում են անում 99-ը, Հոլանդիայում եւ Դանիայում՝ 5-ը։ Այս հարցը շատերին է հուզում։ Այն երկրներում, որտեղ ուժեղ են կաթոլիկական ավանդույթները՝ Իռլանդիայում, Լեհաստանում, հղիության արհեստական ընդհատումը արգելված է, եւ կանայք պայքարում են հանուն դրա թույլտվության։ Փոխարենը ԱՄՆ-ում, որտեղ նման արգելք չկա, ամերիկուհիները ակտիվորեն պայքարում են դրա դեմ, եւ անցյալ տարում նման վիրահատություններ կատարող բժիշկ-գինեկոլոգների վրա հարձակումների մի քանի դեպք է գրանցվել։ Սովետական Միությունում արհեստական վիժումները 1936-1955 թթ. արգելված էին։

Անլեգալ վիրահատությունները ե՛ւ բժիշկներին, ե՛ւ բուժվող կանանց կարող էին հասցնել մեղադրյալի աթոռին։ Բայց, լեգալ դառնալով, վիժումներն իսկական համաճարակի վերածվեցին, եւ կանայք այդ վիրահատությանը գնում են նույնքան հեշտ, որքան ատամը կամ մատի փուշը հանելու։ Սա էլ է բարբարոսություն։ Հղիությունը կարող է անցանկալի լինել նույնիսկ այն դեպքում, երբ բեղմնավորումը կատարվել է սիրած տղամարդուց։ Որոշ կանայք փորձում են «ժողովրդական միջոցները», մյուսները գերադասում են ավելի լուսավորյալ մեթոդները՝ հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբեր, որոնք երբեմն օգնում են։ Կարճ ասած, իրենք իրենց տանջելու եւ ժամանակ ձգելու շատ միջոցներ կան։ Բայց երբ խոսքը իսկապես հղիության մասին է եւ ոչ թե՝ դաշտանային ցիկլի խախտման, արհեստական վիժումն անխուսափելի է։

«Չի կարելի հույսը բախտի վրա դնել,- ասում են մասնագետները։- Բոլոր վիժումները տարրական կուլտուրայի բացակայությունից են։ Աղջկա առաջին հղիության ընդհատումը նրա մորն է պատկանում, որը ժամանակին իր դստերը տարրական տեղեկություններ չի տվել, չի սովորեցրել պաշտպանվելու միջոցները։ Տղամարդը անցանկալի հղիության դեպքում հաճախ է մի կողմ քաշվում, թեեւ, իհարկե, պատասխանատվությունը երկուսով պետք է կրեն։ Հղիության արհեստական ընդհատումից խուսափելու համար կինը պետք է սիրի եւ հարգի առաջին հերթին իրեն։ Այսինքն՝ անհրաժեշտ է ընդունել հակաբեղմնավորիչ միջոցներ, որոնք անհատապես են ընտրված։ Ավելորդ չեն լինի նաեւ պահպանակները»։

«Ականջ դնելով» նման վիրահատության սպասող կանանց խոսակցություններին՝ կարելի է իմանալ, թե ինչու են նրանք դիմել այդ քայլին, ինչու է դեռ չծնված երեխան անցանկալի։ Մեկը պատահական կապի «զոհ» է, մյուսի ընկերը «գլխացավանք» չի ուզում, իսկ ինքը բոլորովին ցանկություն չունի երեխային միայնակ դաստիարակել, երրորդը՝ հաբեր կուլ տալու «ախորժակ» չունի, չորրորդը գտնում է, որ դեռ շատ երիտասարդ է՝ երեխա ունենալու համար։ Իհարկե, ոչ բոլորն են հեշտությամբ դրան գնում։

Մի երիտասարդ կին պատմում է, որ իր վիրահատությունը բժշկական տեսակետից հաջող է անցել, բայց մի քանի օր հետո արդեն նրան սկսել է տանջել խիղճը. չէ՞ որ նա սպանել է իր հարազատ զավակին։ Վիրահատող բժշկի համար, ամեն ինչից զատ, կարեւոր է նաեւ հղիության ժամկետը։ 25-րդ շաբաթում պտուղն արդեն եղունգներ, մազիկներ ունի, արդեն փոքրիկ մարդ է։ Ամեն ինչ շատ ավելի հեշտ է, երբ պտուղը դեռ բջջային մակարդակի վրա է։ Սա կարեւոր է ոչ միայն բժշկի, այլեւ վիրահատության ենթարկվող կնոջ համար, եւ ոչ միայն հոգեբանական տեսակետից։ Հետեւանքները կարող են լինել շատ ավելի լուրջ, այսինքն՝ արհեստական վիժումները կարող են ազդել հետագա հղիությունների վրա։ Եվ որքան մեծ է հղիության ժամկետը, այնքան ավելի վատ։ Վտանգը մեծանում է նաեւ այն դեպքում, երբ կինը փոքր է 19 տարեկանից կամ մեծ՝ 45-ից։

Այժմ ամենուրեք ստեղծվում են ֆոնդեր, որոնք նպատակ ունեն հնարավորություն տալ կանանց չընդհատել հղիությունը մեծ ժամկետների դեպքում, այլ պահպանել երեխային եւ ծննդաբերել։ Նման օրինակներ Արեւմուտքում արդեն կան, եւ շատ կանայք, կյանք տալով մանկիկին, խնամք եւ հոգատարություն զգալով իրենց թիկունքում, չեն լքում նրան։ Սա լուրջ քայլ է եւ կարող է օրինակ ծառայել։ Սակայն այս հարցը երբեք չի ստանա իր վերջնական լուծումը, քանի դեռ իրենք՝ կանայք, շարունակում են մնալ անտեղյակ եւ անհոգ վերաբերմունք ունենալ իրենց նկատմամբ՝ հույսը դնելով վիրահատական դանակի վրա։ Ոչ ոք խորհուրդ չի տալիս հրաժարվել ինտիմ կյանքի վայելքներից կամ էլ կյանքը բարդացնել մշտական մտավախություններով։ Պարզապես այս մասին պետք է նախապես մտածել։ Մտածել եւ պաշտպանվել՝ լուրջ, անհատապես, յուրաքանչյուր տարիքում՝ համապատասխան միջոցներով։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30