Հայ-ամերիկյան մշակութային միության նախագահ Ռիտա Պալյանի նախաձեռնությամբ Հայ կանանց ասոցիացիան Երեւանի բժշկական համալսարանի բազայի վրա ստեղծեց մամոգրաֆիկ ախտորոշման բարեգործական կենտրոն, որի հիմնումն ինքնին առաքինի գործունեություն է։ Քանի որ կենտրոնը բազմիցս ներկայացվել է, այժմ միտք ունենք խոսել նրա իրավական գործունեությունից։ Չնայած այն բանին, որ կենտրոնը հիմնվել է երկու երկրների կառավարությունների, այդ երկրների դեսպանատների, առողջապահության հաստատությունների, Ամերիկայի բժիշկների եւ Սփյուռքի հարյուրավոր բարերար-անհատների բարեգործական ներդրումից, այդուհանդերձ, իրականացվող բժշկական ծառայություններն այստեղ անվճար չեն։ Մամոգրաֆիկ եւ ուլտրաձայնային հետազոտությունների արժեքը կազմում է 5-13,5 հազար դրամ (գնացուցակը, վավերացված Ռ. Պալյանի կողմից, փակցված է պատին)։ Անվճար կարող են օգտվել I, II, III կարգի հաշմանդամները, ծնողազուրկ երեխաները, Ղարաբաղյան, Հայրենական պատերազմի վետերանները, բռնադատվածի ընտանիքի անդամները։
Ավելացնենք նաեւ, որ կենտրոնում քաղցկեղ հիվանդության ախտորոշումից հետո հիվանդին հետ չի վերադարձվում հետազոտության համար վճարված գումարը։ Մինչդեռ, կառավարության որոշման համաձայն, նշյալ հիվանդությունները գրանցվում են որպես պետպատվեր։ Սակայն, ըստ տնօրենների խորհրդի փոխնախագահ տիկին Նանի Օսկանյանի, բժշկական բոլոր ծառայությունները այցելուների համար կատարվում են 50 տոկոս զեղչով, քանի որ մամոգրաֆիայի հետազոտության ինքնարժեքը կենտրոնի վրա նստում է 50-60 դոլար։
Միգուցե տիկին Օսկանյանի հաշվարկը տեղին լիներ, եթե չլիներ փոխնախագահի հետեւյալ փաստարկը. 1997 թ. ԱՄՆ մշակութային միության եւ Վաշինգթոնի կենտրոնական մամոգրաֆիկ հոսպիտալի կողմից Հայաստանի մամոգրաֆիկ կենտրոնի ամբողջ գույքը, տեխնիկական սարքավորումները, ժապավենները, քիմիան եւ բոլոր անհրաժեշտ պարագաները ստացվել եւ ստացվում են անվճար, բարեգործական հիմքերով։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Հունաստանի պաշտպանության նախարարի տիկնոջ՝ Դյուգանիսի կողմից նվիրատվություն արվեց՝ կրծքագեղձի ուսումնասիրության պարտատիվ սարք, քսերոքս, ժապավեններ, այլ նյութեր, եւ որ նվիրատվությունը շարունակվելու է։ Այսինքն՝ եթե այլ երկրների քաղաքացիները բարեգործությունն իրենց հոգու պարտքն են համարում՝ հայերս այդ պարտքը ինքնարժեքի մեջ ենք դիտում։ Հարցը ոչ միայն բարոյական տեսանկյունից դիտենք, այլեւ իրավական, քանի որ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հասարակական կազմակերպություններն իրավասու չեն վճարովի ծառայություններ կատարելու։
Պարզաբանման համար դիմեցինք ՀՀ հարկային վարչության շահութահարկի բաժնի պետտեսուչ Ջուլիետա Մարգարյանին. «Հասարակական կրոնական կազմակերպությունները չեն կարող վճարովի ծառայություններ մատուցել ազգաբնակչությանը, քանի որ նման գործունեությունը արգելված է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, հետեւաբար, նաեւ չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Բացառությամբ գույքի, որը համարվում է կազմակերպության սեփական արժեք, դրանք ժամանակավրեպ լինելու արդյունքում կարող են վաճառվել, ստացած հասույթը օգտագործելով կանոնադրական նպատակների համար»։
Կարդացեք նաև
Ի դեպ, Հայ կանանց ասոցիացիան, որը հասարակական կազմակերպություն է, եւ տիկին Օսկանյանի վկայությամբ, այդպիսին էլ կա, ըստ կանոնադրության, գրանցված է որպես շահույթ չհետապնդող ՍՊԸ։ Կանոնադրությունը թույլ է տալիս նաեւ վերջինիս իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն՝ իր կողմից հիմնադրված ձեռնարկությունների միջոցով։ Ասոցիացիայի միջոցները կարող են օգտագործվել միայն ասոցիացիայի կանոնադրությամբ սահմանված նպատակների եւ խնդիրների իրականացման համար։ Ասոցիացիայի տարեկան ընդհանուր կազմակերպչական ծախսերի մասնաբաժնի առավելագույն չափը սահմանվում է 90 տոկոս, որպես սեփականություն կարող է ունենալ շինություններ, բաժնետոմսեր։ Ի դեպ, քայլարշավից ստացված հասույթը, ըստ տիկին Օսկանյանի, փոխանցվել է օնկոլոգիական դիսպանսերին։ Գուցեեւ կանոնադրությունը շատ բան է թույլ տալիս, սակայն որքանով է իրավական առումով թույլատրելի հասարակական կազմակերպության գրանցումը որպես ՍՊԸ։
«Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է լինել ՍՊԸ-ի տեսքով, բայց վերջիններս իրենց էությամբ հանդիսանում են ոչ թե հասարակական կազմակերպություն, այլ ձեռնարկություն, որոնց հիմնադիրներին ներդրված գույքից արգելվում է շահույթ ստանալ»,- պարզաբանում է Ջուլիետա Մարգարյանը։ Այսպիսով, հարցը երկկողմանի է սրվում։ Մի կողմից, Հայ կանանց ասոցիացիան հասարակական կազմակերպություն հանդիսանալով, բարեգործությունից շահույթ է ստանում, ինչը արգելված է օրենսդրությամբ, մյուս կողմից՝ որպես հասարակական կազմակերպություն, ազատված է շահութահարկից։ Մինչդեռ հիշեցնենք, որ կառավարության 1998 թ. որոշման համաձայն, շահութահարկի արտոնություններից օգտվում են հասարակական եւ կրոնական կազմակերպությունները, ՀՀ գործող քաղաքական կուսակցությունները՝ իրենց կանոնադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ստացված եկամուտների մասով։ Սույն ենթակետում նշված կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացումը դիտարկվում է որպես առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն, ինչն ընդունելի է ձեռնարկությունների համար։
Հիշեցնենք, որ կանանց ասոցիացիայի կանոնադրությունը եւս թույլատրում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Միգուցե խնդիրն այն է, որ այն ներկայանում է որպես հասարակական կազմակերպություն, սակայն գրանցված է որպես շահույթ չհետապնդող ՍՊԸ։ Ինչ իմանաս։ Մեր վերլուծությունը միտք չունի համրելու ասոցիացիայի, առավել եւս մամոգրաֆիկ կենտրոնի անձնական փողերը, այլ մարդու (տվյալ դեպքում՝ այցելուների եւ բարերարների)՝ պետական օրենքների պահպանման խնդիրն է։ Գործունեության նման պայմաններում ավելի քան զարմանալի է հնչում տիկին Ռիտա Պալյանի արտահայտությունը՝ արված լրագրողներին, որ օտարերկրյա ներդրումներին Հայաստանում խանգարում է ՀՀ հարկային եւ մաքսային օրենսդրական դաշտի անկատարությունը։ Այո, թերեւս տիկին Պալյանն իրավացի է։ Լիներ մեր օրենսդրական դաշտը (եւ նրա իրականացնողները) գործուն եւ խստապահանջ, Հայաստանը խոպանի չէր վերածվի։
ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆ