Չկարողացա պարզել, թե ո՞վ է հեղինակը, բայց մթնոլորտում սկսեց թեւածել «ձերբազատվենք աղետի գոտի հասկացությունից» տարտամ ու անորոշ ասույթը։ «Ձերբազատվել» կարելի է մի քանի ձեւով։ Դրանցից հիմնականները երկուսն են։ Անողոք երեւույթներից կարելի է ձերբազատվել կառավարության, պետության, ողջ ազգի ու ժողովրդի ջանքերը ի մի բերելով, լուծելով «աղետի գոտի» հասկացության անխտիր բոլոր հիմնահարցերն այնպես, որ նա փառքով կրի շեն, բարեշեն ու այլ պատվաբեր անունները։ «Ձերբազատվել» կարելի է նաեւ խաչ քաշելով ամենքի ու ամեն ինչի վրա։ Երկար ու ձիգ տարիների ընթացքում միայն մերթընդմերթ հիշելով նրա բովում ողջակիզվող ծերերի, երեխաների ու այլոց մասին։
Տասը տարի է անցել երկրաշարժից, բայց Գյումրվա դոմիկներն այսօր անթիվ են ու անհամար՝ տարածված քաղաքի բոլոր կողմերում, իշխում են Շիրակի համայնապատկերի վրա՝ ավտոկայանի չորս կողմի, անտառի, «Շիրակ» հյուրանոցի հետեւի մասի, պոլիգոնների, «227 տարածքի», Ֆանտանի այգու ու էլի շատ տարածքների դոմիկներ։ Ժամանակն անողոք է ամեն մեկիս ու ամենայն ինչի նկատմամբ։ Սուսան Սուսանյանը երկու որբ երեխայի այրի է, գործազուրկ։ Նոր եկած ձյունը հալվում ու դոմիկի ծակծկված կտուրից կաթիլ-կաթիլ ընկնում է ներս, ավելորդ անգամ հիշեցնելով, որ այդ պայմաններում մարդը չի կարող ապրել։ Զրուցում ես Շիրակի ընչազուրկ տերերի այդ դոմիկներում ծվարած զոհերի հետ ու … առնետները, այո, առնետները, նրանց ցավին անտեղյակ, շրջում են դոմիկում։ Չեն էլ երկնչում, սովորել են արդեն։
«Կռիսների հետ կաբրինք, քուր ջան, գդալըմ մկան դեղ գուզենք, չեն տա, քթեն կհանեն»։ Վերջին տարիներին էլ որտեղ ասես չի գնացել, էլ ում ասես չի պաղատել, գոնե կտուրը վերանորոգել, ոչ մեկն ականջալուր չի եղել, ոչ մեկը վերքին սպեղանի չի դրել. ո՛չ մարզպետարանում, ո՛չ քաղաքապետարանում, ո՛չ էլ դրանց բնակվարչությունում։ Ասվածը բանի տեղ չդնելը Շիրակում հասել է գագաթնակետին։ Արվեստաբան, նկարիչ է Գարուշ Փարվանյանը։ Բավականին էլ տեղյակ է երկրաշարժից հետո կատարվածին։ Զրուցում է, պատմում, ու եզրակացությունը միանշանակ է։ Աղետի գոտու համար աշխարհի տարբեր ծայրերից ուղարկված դոմիկները վաճառվում էին, ու ցրվեցին հանրապետությունով մեկ։ Շատ մարդիկ դոմիկներ չստացան, շատերն էլ մի քանի դոմիկի տեր դարձան, վերածելով դրանք ավտոտնակի, խորդանոցի ու գոմի։ Բազմաթիվ դոմիկներում բժշկի դիմելու հնարավորությունից զրկված հիվանդներ կան։
-Գոնե բժշկությունը փարով չպտի էնեին,- դառնացած հավաստում են նրանք բոլորը։
Կարդացեք նաև
Հայտյան Ստեփանի ընտանիքը վեց հոգուց է բաղկացած, մի տասնամյակ է դոմիկում են գոյատեւում։ Կոմունալ տարրական հարմարություններ չկան։ 1990 թվականից հերթագրված են, բնակարան ստանալու, հույսի նշույլ չկա։ Բնակարաններ կառուցվում են Գյումրիում, բայց որեւէ մեկը հետաքրքրվե՞լ է, իմացե՞լ է, թե բնակարան ստանալու համար ի՞նչ «օրենքներ» են գործում Գոմցյանի սեփականաշնորհած մարզում։
-Դոլար կուզեն, մեզի ուրդի՞ց դոլար,- հարցնում են նրանք ու մնում անպատասխան։
Շիրակի ողջ մարզի, նաեւ Գյումրիի համայնապատկերի վրա սավառնում է գործազրկության սարսափն ու աղետը։ Գործ, աշխատանք, որեւէ զբաղմունք են փափագում աղետի գոտում տասը տարի տառապող գործազուրկները, որոնց նպաստը 1200 դրամ է։
-Գործարան էղնի, իմ հարսը գոմեշի նման կաշխատի, առեւտուր չի կրնա էնե,- մորմոքում է մայրը, որի որդուն երկրաշարժն է տարել։
Սա էր Շիրակի համայնապատկերը։ Որեւէ մարդ անտարբեր մնալ չի կարող։ Բայց ահա Գյումրիից վերադառնալուց հետո լսեցի գյումրեցի վարչապետի ինքնահիացմունքը՝ քաղցր- մեղցր զրույցը, որն այնքան էր հեռու ճշմարտությունից, որքան երկիրը՝ երկնքից։
ՍԻՐՈՒՇ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Գյումրի-Երեւան