Նման փորձությանը դժվար կլիներ դիմանալ ցանկացած լրագրողի համար։ Ինձ ընդամենն ասել էին. զրուցակիցդ այնպիսի մեկն է լինելու, որ երբեւէ չէիր ենթադրի, թե նման մարդու հետ հարցազրույց անցկացնելու բախտ կունենաս։ Նաեւ զգուշացրել էին, որ հարցերը ռուսերեն եմ տալու։ Վե՛րջ։ Եվ զրույցից ընդամենը 10-15 րոպե առաջ տեղեկացա, որ զրուցակիցս համաշխարհային մեծություն է՝ թավջութակահար ու դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչը։
Փարիզից (որտեղ այժմ բնակվում է) նա ժամանեց նոյեմբերի 26-ին, 11.45-ին եւ Երեւանից Մոսկվա մեկնեց (ուր օդանավակայանից էլի Փարիզ էր մեկնելու) նոյեմբերի 27-ին, 15.20-ին։ Ընդ որում, բացառիկ դեպք էր, որ Հայաստան եկավ համերգային շրջագայության արանքում՝ նախորդ օրն էր վերադարձել Իտալիայից եւ հաջորդ օրը պիտի ԱՄՆ մեկներ։ Հայաստանում իր անցկացրած 15 ժամերի ընթացքում հասցրեց նախ հյուրընկալվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարկի ներքո, այցելել կոնսերվատորիա եւ իր մտերիմ ընկերոջը՝ Գերոնդի Թալալյանին. «Ինչպես ձեզ ասեմ… Մենք Գերայի հետ «Բորժոմի» չէ, որ խմեցինք»,- հետո «Առավոտին» ասաց մաեստրոն։ Նաեւ պատմեց, որ ծնկի է իջել Արամ Խաչատրյանի գերեզմանի առջեւ. «Նրան սիրում եւ երկրպագում եմ»։
Հիացմունքով էր խոսում Սարյանի, Կոմիտասի, Սպենդիարյանի մասին։ Այս ամենը՝ «Առավոտի» եւ «Հայլուրի» թղթակիցների հետ զրույցի ընթացքում էր, որի փոքր-ինչ դետեկտիվ սկիզբը կազմակերպիչներն այսպես բացատրեցին. թե մինչեւ վերջին պահը վստահ չէին, որ կհաջողեն համոզել Ռոստրոպովիչին։
Կոնսերվատորիայի տնօրեն Արմեն Սմբատյանը, որ կազմակերպիչներից մեկն էր, հայտնեց. «Այցը երկրաշարժի 10-ամյակի կապակցությամբ էր։ Մեծ հաղորդում ենք նկարահանում, որտեղ աշխարհին եւս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում։ Պիտի ներկայացնենք, թե ինչ է արվել 10 տարում։ Եվ ամենակարեւորը, մենք պայմանավորվում ենք Մստիսլավ Ռոստրոպովիչի հետ, որ նա 1999-ին Հայաստան գա արդեն համերգներով՝ բաց դասերով կամ «MASTER CLASS»-երով՝ ինչպես դա անվանում են»։
Կարդացեք նաև
Զրույցը սկսեց հենց Արմեն Սմբատյանը («Հայլուրի» թղթակցի 2 հարցերը տեղի սղության պատճառով դուրս են թողնված։ Նույն պատճառով, ցավոք, կան նաեւ որոշ այլ կրճատումներ)։
Արմեն Սմբատյան
– Մստիսլավ Լեոպոլդովիչ, շատ ուրախ ենք, որ Երեւանում եք։ Սա մեզ համար տոն է։ Սա Ձեր տունն է, Ձեր քաղաքը։ Մենք հույս ունենք, որ Ձեզ հետ նաեւ համերգային դահլիճում կհանդիպենք։ Մեր ժողովուրդը շատ է սպասում Ձեր արվեստի հետ հանդիպմանը։ Շուտով մենք կնշենք Սպիտակի ահավոր երկրաշարժի տարելիցը։ Եվ 10 տարի անց էլ մենք շնորհակալություն ենք ասում աշխարհին, այն բոլոր պետություններին եւ ժողովուրդներին, որոնք օգնեցին մեզ։ Ես կարծում եմ, որ դժբախտության մեջ պիտի իրար օգնենք եւ ես գիտեմ, որ անձամբ Դուք օգնել եք։
-Նախեւառաջ ուզում եմ ասել, որ Հայաստանն ինձ համար իմ սիրո, հոգու երկիրն է՝ շատ ու շատ պատճառներով։ Եվ երբ երկրաշարժ եղավ՝ չնայած այդ ժամանակ խորհրդային ժողովրդի թշնամին էի, իսկ դուք դեռ ԽՍՀՄ-ի կազմում էիք՝ այնուամենայնիվ, չէի կարող անտարբեր մնալ ձեր դժբախտության նկատմամբ։ Ես շատ համերգներ տվեցի այն մարդկանց օգնելու համար, որոնք կենդանի էին մնացել։ Հիշում եմ Վաշինգթոնում, Փարիզում, Լոս Անջելեսում իմ մենահամերգները։ Անձնապես վաստակածս գումարներից (չհաշված այն համերգները, որոնք խմբերի հետ էին)՝ ես այստեղ կես միլիոն դոլար ուղարկեցի, որ ահա այս ձեռքերովս եմ վաստակել։ Լոնդոնի իմ համերգում կինս՝ Գալինա Վիշնեւսկայան, որը խորհրդային երաժիշտներից առաջինն էր, որ հանդես եկավ «Գրանդ օպերայում», «Մետրոպոլիտենում», «Լա Սկալայում»՝ երկու ռոմանս երգեց՝ Հայաստանի երկրաշարժից տուժածներին օգնելու համար։
Սա նրա կյանքում վերջին համերգն էր, նրա հրաշալի ձայնի արտաբերած վերջին հնչյուններն էին։ Նաեւ այդ պատճառով այստեղ կատարվածն ինձ համար անձնական տառապանք ու ցնցում էր։ Ես շատ շռնդալից արձագանքեցի։ Երկրաշարժից տուժածների հիմնադրամի համար Փարիզի «Գրանդ օպերայում» Դվորժակի համերգը կատարեցի, իսկ դիրիժորը հռչակավոր Պիեռ Բուլեզն էր։ Սա միակ համերգն էր, որտեղ միավորվեցին երկու արտիստներ՝ ես եւ ֆրանսիական ժամանակակից երաժշտության մեծ գործիչը։ Ուզում եմ ասել, որ դժբախտության պահին ենք հասկանում, որ մենակ չենք։ Առաջ միշտ մտածում էինք, որ ամեն երկիր մի առանձին տուն է։ Բայց այժմ, երբ 3 ժամվա ընթացքում կարող ես Փարիզից Նյու Յորք հասնել՝ աշխարհը փոքր է թվում։ Եվ պարզ է դառնում, որ մենք առանձին տներում չենք ապրում, այլ մի ընդհանուր կոմունալ բնակարանում։ Մի սենյակը Հայաստանն է, մյուսը՝ Ռուսաստանը, մյուսներում Վրաստանն ու Ադրբեջանն են եւ այլն։ Իսկ խոհանոցն ընդհանուր է։ Այդ պատճառով պիտի փորձենք փոխհասկացողության, խաղաղության ուղիներ գտնել։ Եվ կարծում եմ, որ այն դժբախտությունները, որ Աստված բաժին է հասցնում երկրագնդի առանձին հատվածներին՝ ցույց տալու համար է, որ հարեւանները հաշտ չեն։
«Առավոտ»
– Եվ, այնուամենայնիվ, ես կուզենայի կրկնել Արմեն Սմբատյանի հարցի վերջին մասը՝ փոքր-ինչ ձեւափոխելով։ Այ, Դուք Բաքվում «բաց դաս» տվեցիք։ Մոտ ապագայում կամ երբեւէ պատրաստվո՞ւմ եք Երեւանում էլ նման համերգ տալ։
-Անպայման։ Այժմ եկել եմ ձեր նախագահի հետ ծանոթանալու, խոսելու, աչքերի մեջ նայելու համար։ Ես երջանիկ եմ, որ դա տեղի ունեցավ, եւ այսօր արդեն մեր ծանոթությունը կայացած է։ Ավելին, կայացած է մեր ընկերությունը։ Ընդհանրապես, իմ կյանքում մի խնդիր է մնացել. ես 71 տարեկան եմ, եւ այդ խնդիրն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ իրական փոխըմբռնումն ու բարեկամությունն է։ Ես Ադրբեջանում եմ ծնվել եւ չեմ կարող ծննդավայրս փոխել։ Ասացի, որ հոգով-սրտով սիրում եմ Հայաստանը, եւ այս երկու հիանալի ժողովուրդների, երկրների միջեւ խաղաղությունն ինձ համար անձնական խնդիր է։ Ես հույս ունեմ եւ խնդրում եմ բոլորին, ովքեր կարող են ինձ օգնել, որ սպասումներս կյանքիս օրոք իրականանա։
«Առավոտ»
– Դուք շատ մտերիմ եք Ալիեւի հետ…
-Այսպես ասեմ, ոչ թե մտերիմ եմ՝ այլ նրան շատ լավ եմ ճանաչում։ Բայց ես մտերիմ եմ Ադրբեջանի՛ հետ, քանի որ մայրս ու հայրս այնտեղ են ապրել։ Հայրս երաժշտական դպրոցի տնօրեն էր եւ նրա ամենամտերիմ բարեկամները հայեր էին։ Նրանք երջանիկ կյանք էին վարում Բաքվում, իսկ ադրբեջանցիներն էլ երջանիկ կյանքով էին ապրում Հայաստանում՝ ահա այս է, հասկանո՞ւմ եք, մեր նախնիների ձեռքբերումը։ Եվ այն պիտի հարգենք եւ փորձենք այնպես անել, որ դա շարունակվի։
«Առավոտ»
– Այժմ որոշել եք հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը նպաստել, Ռուսաստանի Սպիտակ տան պաշտպաններից եք, Ելցինի կողմնակիցը, հակակոմունիստ… Մաեստրո, ինչո՞ւ եք ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվում։
– Գիտեք, ես երբեք չեմ զբաղվել ու չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Եվ չեմ զբաղվելու, քանի որ քաղաքականությունն այժմ մասնագիտություն է դարձել։ Ես երաժշտության մեջ եմ արհեստավարժ՝ այ դա ես հասկանում եմ եւ կարող եմ իմ ընկեր քաղաքական գործիչների հետ այդ մասին խոսել մասնագիտական տեսանկյունից։ Քաղաքականության մասին չեմ կարող խոսել՝ սա մի մասնագիտություն է, որից ես ոչինչ չեմ հասկանում։ Բայց երբ ես բեմի վրա եմ բարձրանում՝ որպես դիրիժոր, նվագակցող (35 տարի ես նվագակցել եմ կնոջս) կամ թավջութակահար՝ հնչյունն ուղղակի հաղորդալար է դառնում իմ եւ այն մարդկանց միջեւ, որոնք նստած են դահլիճում՝ ինչպես հեռախոսի հաղորդալարն է։ Ահա այդ հաղորդալարով՝ հնչյունով, ես սեր եմ բացատրում մարդկանց։ Եվ ինձ համար բոլորովին էլ միեւնույն չէ, թե այդ մարդկանց ինչ է պետք կյանքում։ Այդ պատճառով, երբ նրանց համար վատ է՝ ես ասում եմ, որ դա վատ է։ Ես իմ տանը պատսպարեցի Սոլժենիցինին, որն ապրելու տեղ չուներ։ Նպատակս այն չէր, որ ցուցադրեի իմ ընդվզումը։ Մարդն ապրելու տեղ չուներ։ Այդ մարդը հիասքանչ գրող է եւ իմ բարեկամը։
Եվ երբ ԽՍՀՄ ՆԳ եւ մշակույթի նախարարներն ինձ կանչեցին եւ ասացին, որ պիտի նրան վռնդեմ, ես ասացի՝ նրան սենյակ տվեք, եւ նա ինքը կհեռանա։ Նրանք պնդեցին, որ ես վռնդեմ։ Ես էլ ասացի, որ դա երբեք չի լինի։ Սա միայն մարդկային զգացում է։ Երբ գնացի թավջութակ նվագելու քանդվող Բեռլինի պատի առջեւ… Հասկանո՞ւմ եք, ես երկու կյանք եմ ունեցել՝ մինչեւ 1974-ին իմ արտաքսումը Խորհրդային Միությունից, եւ արտաքսումից հետո։ Այդ պատճառով սրտիս վրա կարծես մի սպի կա, որ այն երկու մասերի է բաժանում։ Եվ ինձ թվում էր, որ այդ երկու կյանքերս երբեք միասնական չեն դառնա՝ իշխանությունները երբեք թույլ չեն տա Հայրենիք վերադառնալ։ Եվ երբ գիշերով տեղեկացա, որ Բեռլինի պատը քանդվում է՝ ես հասկացա, որ իմ երկու կյանքերը կարո՛ղ են միավորվել եւ առավոտյան զանգեցի ընկերոջս եւ ասացի. «Ինձ ինքնաթիռ տուր, սատանան տանի»։
Եվ հաջորդ առավոտ այնտեղ էի, նստեցի Բեռլինի պատի մոտ՝ Բախ նվագելու։ Ես չէի ուզում, որ որեւէ մեկն ինձ լսեր, չէի ուզում, որ հանդիսատեսներ լինեին՝ սա ընդամենը գոհության խոսք էր Աստծուն, որ դա տեղի ունեցավ, հասկանո՞ւմ եք։ Այդ պատճառով, դա էլ քաղաքականություն չէր։ Ես քաղաքական գործիչ չեմ, եւ դրանով միավորներ չէի շահի։ Ես երաժիշտ եմ, որ գեղեցկության ճանապարհով՝ այն Աստված է տվել երաժշտությանը, փորձում եմ միավորել աշխարհը… Ես միայն զինվոր եմ ցանկանում լինել այս պատերազմում։ … Ես ուղղակի մարդկայնորեն սիրեցի ձեր նախագահին եւ իմ մեծ բարեկամն եմ նրան համարում։ Եվ ես հույս ունեմ, որ իմ երազանքը կկատարվի եւ ամեն ինչ տեղը կընկնի։ Ես 71 տարեկան եմ եւ չեմ վախենում իմ սիրելի հայերին ասել. եթե մենք սկսենք հաշվել՝ ինչ է եղել, ով է ում սպանել՝ կսխալվենք։ Մենք պիտի հաշվենք մեր երեխաներին եւ թոռներին։ Պիտի այնպես անենք, որ այլեւս երբեք հաշվելու առիթ չլինի, եւ մեր երեխաներն ու թոռները չնստեն խրամատներում եւ չվտանգեն իրենց կյանքը, ինչպես այժմ է վտանգված։ Այո՛, ամեն ինչ եղել է՝ Սումգայիթ, սպանություններ, պատերազմ։ Բայց եկեք այսօրվանից փորձենք նորովի ապրել։ Սպանվածների հիշատակը կհարգենք եւ նրանց համար կաղոթենք։ Բայց եկեք մտածենք մեր զավակների մասին, որ այս ամենը երբեք չկրկնվի։ Սա է ամենակարեւորը։
«Առավոտ»
– Եվ այս ամենը Դուք ասացիք նաեւ Ռոբերտ Քոչարյանի՞ն…
– Ամեն ինչ ասացի։
«Առավոտ»
– Եվ ի՞նչ պատասխանեց նա Ձեզ։
– Չեմ պատմի, թե ինչ պատասխանեց։ Գիտեք, այժմ համակարգիչներ կան, որ փչացնում են մեր կյանքը՝ նայում են այդ սատանայական էկրանին եւ այլեւս ոչինչ չեն տեսնում։ Երեւի այդպես է հարկավոր, բայց այնուամենայնիվ պետք է աչքերի մեջ նայել։ Այդ համակարգիչները մարդկանց շփման հնարավորությունից զրկում են՝ սա սարսափելի է։ Եվ այդ պատճառով ասացի, որ եկել էի Քոչարյանի աչքերի մեջ նայելու։ Ես նրան սիրում եմ, նա հրաշալի մարդ է, պատերազմ է անցել։ Այդ հակամարտությունը դեռ մնացել է նրա գիտակցության մեջ, բայց ես նրա աչքերի մեջ նայեցի եւ համոզված եմ՝ նա պարտավոր է ելք գտնել։ Ինձ թվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը նման երկրներ են, եւ երկու երկրների նախագահները կարող են ընդհանուր լեզու գտնել։ Ձեր նախագահը բարի հոգու տեր մարդ է, եւ կարող է առիթ գտնել ու անմիջականորեն, դեմ առ դեմ պայմանավորվել։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ