Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակ գույնը չի «լվանա» հետքերը

Նոյեմբեր 28,1998 00:00
Vladimir Gasparyan

Ռազմական ոստիկանություն գնալու համար առանձնապես ջանք չպահանջվեց մեզնից։ Լրագրողներիս հատկացվել էր «Իկարուս» ավտոբուս։ Մինչ ոստիկանապետի՝ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպելը քայլոտեցինք ոստիկանության ասֆալտապատ տարածքում («Կոտայք» գարեջրի գործարանի հովանավորությամբ արված), որն ըստ վարչության պետի առաջին տեղակալ Հայկարամ Ստեփանյանի՝ մեկ տարվա պատմություն ունի։ Նույնքան կենսագրություն ուներ եւ հանգստյան գոտին, որը կանաչապատելու եւ տեսքի բերելու համար 2700 մեքենա հող էր բերվել։ Իսկ գեղեցկացվել էր Գյումրիից ուղարկված քանդակներով։ Տարածքն իդեալական մաքուր էր։ Այցելում ենք եւ տնտեսական մաս, ուր գլխավոր մուտքը չխանգարելու նպատակով ավտոմեքենաներ են կանգնեցվում։ Այն մեքենաները, որոնք գործ ունեն ռազմական ոստիկանության հետ։

Գնդապետ Հ. Ստեփանյանի ուղեկցությամբ այցելում ենք եւ բուժմաս, իսկ որ ամենակարեւորն է՝ սպիտակ ներկված աշխատասենյակներ (տեղ-տեղ՝ ապակեպատ)։ Այս կապակցությամբ գնդապետ Գասպարյանն ասում է. «Քանի որ ունենք վատ իմիջ, թե ոստիկանը ծեծում է, ջարդում է, նվաստացնում է՝ պատերն արել ենք սպիտակ, միջազգային չափանիշներին համապատասխան։ Սպիտակ պատերով սենյակում մնալու են հետքերը»։

Վ. Գասպարյանը լրագրողներին շատ է սիրում. ինչո՞ւ

Այս հայտարարությունն անող ՊՆ լրատվության եւ քարոզչության պատասխանատու Է. Միլիտոնյանի մտքով երեւի չէր անցնի, որ ինձ պես շատերն այնքան կկարեւորեին իրենց, որ համարյա կպատկերացնեին «սնիկերսի» կամ, որ ազգը շատ է սիրում «բաունտիի» կարգավիճակում։ Ինչեւէ։ Պրն Գասպարյանն իսկապես անկաշկանդ էր իրեն պահում, եւ նրա խոսքը համեմված էր պատկերային անակնկալներով։ Ուրբաթ օրը ռազմական ոստիկանությունում քաղաքացիների ընդունելության օրն է եւ երեկ տեղեկացանք, որ արդեն 16 քաղաքացի հերթագրվել էր։ «Ինչո՞ւ է մեզ սիրում գնդապետը», հարցը հետեւյալ պատասխանն ուներ. «Իմ մոտ մի քիչ սրված է արդարության զգացումը, եւ լրագրողների մոտ էլ դա կա։ Դուք էլ, ես էլ, երբ որ պատին ենք դեմ առնում, սկսում ենք խենթություն անել։ Այսինքն, ափերից դուրս ենք գալիս։ Մենք միմյանց շատ նման ենք»։

Դինոզավր չի սիրում. ինչո՞ւ

Վ. Գասպարյանի կարծիքով, անհեթեթություն է, երբ ոստիկանությունը խուսափում է մամուլից, որովհետեւ որքան շատ է խուսափում, այնքան տեղիք է տալիս խոսակցությունների. «Այնքան քո աշխատակիցներն ավելի քողարկված են զգում եւ կարող են չարաշահումներ անել»։ Անդրադառնալով ռազմական ոստիկանության ընդհանուր գործունեությանը, առանձին ստորաբաժանումների հետ կապված, պրն Գասպարյանն ասաց, որ հաստատվել է վարչության նոր կառուցվածքը, իսկ ատեստացիայի հետեւանքով համակարգից դուրս է մնացել 700 մարդ։ Եվ մեր հարցադրմանն էլ, թե այդքանով հանդերձ ուռճացված չէ՞ համակարգը, նա ասաց. «Ուռճացված չէ եւ ապարատի լրացվածությունը 85% է։ Չեմ գտնում, որ քանակով պետք է ապահովել։ Կլասիկ դարձնելու համար նախարարից հաստիքներ եմ խնդրել, իսկ կենտրոնական ապարատն ընդհանրապես ուռճացված չէ»։

Դուրսը եւ ներսը

Ինչ վերաբերում է ռազմական ոստիկանության թափանցիկությանը՝ գնդապետը հավաստեց, որ ոչ միայն դռներն են բացել, այլ այն քաղաքականությունը, որը տարվում է ոստիկանության կողմից եւ ուղղակի քարոզվում է զորամասերում։ Շեշտվեց, որ զորամասերում իրենք ունեն ներկայացուցիչներ՝ անպատժելիության մթնոլորտը բացառելու նպատակով։ Ի դեպ, ՊՆ նախարարի հրամանով՝ 1998-ը հայտարարվել է կարգապահության տարի։ Անդրադառնալով բանակ-հասարակական կարծիքի ձեւավորում խնդրին՝ Վ. Գասպարյանը նշեց, որ գաղափարախոսության փոփոխության հետեւանքով փոխվել է դաստիարակության կերպը, որ բանակ զորակոչվեցին պատանիներ, որոնք եկան փողոցի օրենքներով։ Եվ եկան այն մտայնությամբ, թե բանակում չպետք է «կոտրվեն»։

«Կոտրվել համարում էին սեփական անկողինը հարդարելը, առեւտրախոհարարական հարաբերություններով ինչ-որ հարցեր լուծելը»։ Նա կոչ արեց թերթերին, ծնողներին, դպրոցներին, որ նպաստեն բանակի բարոյահոգեբանական առողջացմանը՝ խոստանալով նույնիսկ այդ հարցով դաշինք կնքել սատանայի հետ։ Այնուհանդերձ հայտարարեց, որ հայկական բանակում «դեդովշչինա» գոյություն չունի՝ կա տեղայնացման պրոբլեմ։ Եվ, որ «դեդովշչինա» բացառելու նպատակով հենակետեր են ստեղծվել բազմաքանակ զորամասերում։ Տեղեկացանք նաեւ, որ շուրջօրյա պահպանության «հրավերը» ընդունելու դեպքում ոստիկանություն մուտք արվող գումարներն օգտագործում են իրենց ներքին կարիքները հոգալու համար։

Հանդիպման ավարտին այցելուներից՝ Էմմա Պետրոսյանը, որի տղան՝ Գեւորգ Պողոսյանը սպանվել է 1996 թվին, խնդրում էր ռազմական ոստիկանության պետից՝ պատժել հանցագործներին…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30