Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԺՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑՎՈՂ ՇԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Նոյեմբեր 28,1998 00:00
Mashtoc

Ծիծեռնակը բույն է շինում,

Ե՛վ շինում է, ե՛ւ քանդում…

ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Ռոմանոս Ջուլհակյանի մոտ երեկ քաղաքաշինության խորհրդի նիստ էր հրավիրված։ Նիստի թեման՝ ճոպանուղու մոտ, Հայպետնախագծի շենքի հարեւանությամբ օգոստոսից կառուցվող շինությունն էր։ Շենքի պատվիրատուն այդ տարածքում պատրաստվում է Մեսրոպ Մաշտոցի անվան մասնավոր համալսարանի մասնաշենք կառուցել։ 10-ից ավելի ճարտարապետներ էին հավաքված եւ քննարկում էին այդ շենքի նախագիծը։ Կարծիքները տարբեր էին, դիտողությունները՝ շատ։ Ոմանց կարծիքով շինարարական աշխատանքները պետք է դադարեցնել, քանի որ նախագիծը (որի հեղինակը ճարտարապետ Կարեն Ալեքսանյանն է, որը նիստին ներկա չէր) չափազանց թերի է, քանի որ քաղաքի այդ հատվածը շատ լուրջ հանգույց է, եւ շտապողականությունը կարող է լուրջ վնասներ հասցնել քաղաքի արտաքին տեսքին։

Նշվեց, որ բավական զգույշ պետք է լինել նաեւ կառուցվող շենքի ծավալի հարցի լուծման հարցում եւ հաշվի առնել քաղաքի պեյզաժը, տրանսպորտը՝ հետագայում կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար։ Միայն Լեւոն Իգիթյանը դեմ խոսեց այդ տարածքում որեւէ շենք կառուցելու առիթով. «Որեւէ կառույց այդտեղ չեմ տեսնում։ Կանաչապատումն էլ է կառուցապատում, եւ կտրականապես դեմ եմ, որ այդտեղ որեւէ բան կառուցվի, անգամ ճոպանուղին եմ ճարտարապետական տեսանկյունից սխալ համարում»։ Չնայած Լ. Իգիթյանի վերոհիշյալ տեսակետին, նիստի մասնակիցները համաձայնեցին, որ քաղաքի այդ հատվածը կառուցապատման ենթակա տարածք է, միայն թե պետք է քաղաքաշինական նպատակներով այն օգտագործել։ Մի քանիսի համար պարզ չէր, թե ինչ է կառուցվելու այդ տարածքում, քանի որ համալսարանի ուսումնական որեւէ օբյեկտի համար այն շատ փոքր է. «… Պետք է իմանանք՝ ինչ է կառուցվում այդտեղ. ես էլ եմ համոզված, որ այդ տարածքում համալսարան լինել չի կարող։ Ֆունկցիոնալ նշանակությունը պետք է իմանանք, որպեսզի կողմնորոշվենք եւ քաղաքի կենտրոնին հարիր բոլոր պահանջները բավարարենք։ Ներկայացված նախագիծը չի բավարարում այդ պահանջները՝ տվյալ տարածքի կառուցապատման հարցում։ Այդ օբյեկտը փորձաքննություն պետք է անցնի, բայց փորձագետն այս նախագծից ելնելով միայն բացասական եզրակացություն կարող է տալ»,- ասաց Ռ. Ջուլհակյանը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանի կարծիքով՝ եթե պատվիրատուն՝ փող ներդնողը կա, ուրեմն պետք է կարողանան մասնագիտորեն այդ հարցը լուծել՝ առանց խորանալու դրա ֆունկցիոնալ նշանակության մեջ. «… Մենք իրավունք չունենք դնե՜նք, տարածվե՜նք։ Այսօր ապօրինի շինարարությունը մեզանում հսկայական ծավալ ունի, եւ եթե հարցը չլուծենք մի ուրիշ տեղ ապօրինի կսարքի»։ Ըստ պրն Խաչատրյանի, կարեւոր չէ, թե այդ տեղում ինչ կկառուցվի, վաղը կարող է ուրիշ բան դառնալ. «Կարելի է զարդարել էդ անկյունը, ի՞նչ է եղել։ Մարդը ուզում է կառուցել։ Ինքն էլ չգիտի՝ ինչ է ուզում, մեր խնդիրը դրան ձեւ տալն է»։ Հարցին՝ այս վերաբերմունքին դիմագրավեցին մյուս ճարտարապետները՝ «ուրեմն պիտի կառուցենք՝ չիմանալով, թե ինչ ենք ուզում կառուցել, հա՞»։ Ճարտարապետներից մեկն առիթը բաց չթողեց. «Էդ մարդը պե՞տք է ունենա նորմալ նախագիծ, թե՞ չէ։ Ես երկուսուկես տարի է, մի նախագիծ չեմ կարողանում ձեզ մոտ հաստատել, էդ ինչի՞ մեր նկատմամբ էլ նման վերաբերմունք չեք ցուցաբերում, իսկ էդ մարդուն…»,- դիմեց Համլետ Խաչատրյանին, որն էլ զարմացավ՝ «Ե՞ս եմ ձգձգե՛լ»։

Քիչ էր մնում նիստի բուն թեման շեղվեր։ Նիստի ընթացքում ճարտարապետները կարծիքներ հայտնեցին զուտ կառույցի նախագծի վերաբերյալ։ Նշեցին, որ նախագծի հեղինակը չի կարող հարցի լուծման իր ճանապարհով խնդիրը լուծել։ Ճարտարապետները որոշեցին առժամանակ շինարարությունը դադարեցնել գոնե մինչեւ էսքիզային նախագծի հաստատումը եւ հետագա նախագծային փուլերի գործընթացը պահպանել օրենքի սահմաններում, առաջադրանքը համապատասխանեցնել ներկայացված նախագծին։ Նիստի ավարտից հետո Համլետ Խաչատրյանին խնդրեցի բացատրել կառուցվող շենքի նկատմամբ իր ակնհայտ շահագրգռվածությունը։ «Եթե քաղաքացին կառուցելու պահանջ ունի, հարցը պիտի լուծվի, պահանջը խեղդելով չի լուծվի։ Որպես գլխավոր ճարտարապետ քաղաքացու հայտին պետք է պատասխանեմ։ Եթե անտարբեր լինեմ՝ այդ խնդիրը կդառնա զայրույթ եւ դուրս կգա մեր իշխանությունների ու բոլորիս դեմ։ Քաղաքաշինական խախտում չկա, շինարարություն թույլ տալու կարգ կա, որ միշտ էլ այդպես կիրառվել է՝ փուլ առ փուլ։ Պատվիրատուն պատրաստ է ենթարկվել մեր պահանջներին»,- ասաց նա։

Իսկ Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Նարեկ Սարգսյանի կարծիքով բլրի վրա կառուցվող շենքը ուրիշ տեսակ նախագիծ է պահանջում, մանավանդ, որ այդ տարածքը քաղաքի ճարտարապետական դոմինանտ կետերից մեկն է. «Երեւանը չի կարող կարկատան դառնալ՝ զանազան ճաշակների, մոտեցումների ու նախասիրությունների։ Քաղաքի արտաքինը երբեք կոնկրետ մեկին չի պատկանում՝ դա Հյուգոյի խոսքերն են»,- ասաց նա։ Ն. Սարգսյանը մեղադրում էր ոչ թե պատվիրատուներին, այլ քաղաքապետարանին, որի աշխատանքները նա անթույլատրելի է համարում։ Ավելացնեմ, որ նիստի ողջ ընթացքում ճարտարապետները միմյանց մի բան էին զգուշացնում. «Եթե մենք օրենքը չենք պաշտպանում, ումի՞ց ենք պահանջում»։ Իսկ Հ. Խաչատրյանի կարծիքով նիստին ներկա ճարտարապետները նախագծի դեմ ընդվզեցին, որովհետեւ ամեն մեկն իր հոգու խորքում կուզեր այդ նախագծի հեղինակն ինքը լինել։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30