Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիսուն տարին չոքեց դուռս»

Նոյեմբեր 28,1998 00:00
Merujan Ter-Gulanyan

«Այս թեմայով շնորհավորանքների» համար՝ շնորհակալության եւ Մամուլի ազգային ակումբ՝ «ոտքը խերով լինելու» հույսի խոսքերով սկսեց երեկ իր հանդիպումը լրագրողների հետ «Ար» հեռուստաընկերության նախագահ Մերուժան Տեր-Գուլանյանը։ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը թողած ու ԱԺ-ի պատգամավոր ընտրված Մերուժան Տեր-Գուլանյանին «համառորեն հետապնդում էր նոր ժամանակների մամուլ ստեղծելու գաղափարը» ու ստեղծվեց «Ար»-ը՝ նախ շաբաթաթերթը, հետո հեռուստաընկերությունը։

«Ի սկզբանէ էր Մերուժան Տեր-Գուլանյանը»,- հիշեցրեց հայտնի խոսքն իր այն խոստովանությամբ, թե «Սկզբից ես մեն-մենակ էի, իմ գաղափարի հետ»։ Հետո «զարմանալի պատահականությամբ» Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ հանդիպում է իր հին ընկերներին՝ Արթուր Սահակյանին ու Սուրեն Տեր-Գրիգորյանին, ընդ որում՝ առաջինը «ծակ, լայնեզր գլխարկով էր եւ մրսած», ու նրանց էլ հրավիրեց։ Եկեղեցու մոտ խորհրդանշական հանդիպմամբ ոչ երկրային ուժերի մասնակցությունն այս գործում չի սահմանափակվում։ Հետո մի աստղագուշակ կին էլ գուշակում է, որ «եթե եթեր դուրս գան օգոստոսի 23-ին, ուրեմն «Ար»-ի գործերը կհաջողի»։ Ոչ ամբողջ «Ար»-ը, բայց նրա նշանով տեսահոլովակը հենց այդ օրն էլ եթեր է հեռարձակվում՝ ոգեւորելով «Ար»-ականներին։ Երկրային ուժերի օգնությունն էլ նշելու արժանի է. բա կմոռացվի՞ այն ժամանակ պարզապես ԱԺ-ի պատգամավոր Դավիթ Զադոյանի արարքը, որ հազար դրամ ավելացրեց իրենց ունեցած հինգ հազար դրամին, որ կարողացան հեռուստաընկերությունը գրանցել։

Հայհամերգի նախկին շենքի երեք սենյակներում հավաքվեցին, ու հաջորդ քայլը բանկերին համոզելն էր, որ վարկ տան։ Ի տարբերություն Դավիթ Զադոյանի, բանկերը ոչ թե մի հազար ու ոչ թե դրամ, այլ 100 եւ 130 հազար դոլար տվեցին, բայց վերադարձնելու պայմանով ու, երբ չվերադարձնելու վտանգը զգացին, անգթորեն դատի տվեցին, ու սնանկ ճանաչվեց «Ար»-ը։ Այս թեմայով ոդիսականը չմանրամասնելով՝ միայն ավետիս տանք, որ հիմա «Ար»-ի գործերն այնքան էլ վատ չեն։ «Բազմաթիվ լուրջ քաղաքական ուժերի» հովանավորության առաջարկները («քյասար՝ մեր հեռուստաընկերությունը պիտի լինեք») ժամանակին հեռուստաընկերության նախագահը մերժել է՝ չնայած ինչ խոստումներ ասես չեն տվել: Բայց «որեւէ մեկի գրպանի հեռուստաընկերությունը դառնալ» չեն ուզել՝ նախընտրելով սնանկ մնալ։ Եվ ինչի համար են լավ ընկերները, որ հենց այդ պահերին օգնության չհասնեն։ Ու Մերուժան Տեր-Գուլանյանի բիզնեսմեն ընկերը, որ Մոսկվայում «ասֆալտի բիզնեսով է զբաղվում», 135 հազար դոլար «քյաշ, առձեռն» տալիս է պարտքերը փակելու համար։ Մի պարտատերն էլ՝ «Արդշինբանկը», այսօր «Ար»-ի փայատերերից մեկն է։

Մեկ մլն դոլար գնահատված հեռուստաընկերությունը՝ չնայած բազմաթիվ դիմումներին, մի անգամ է միայն գրանտ ստանալու բախտին արժանացել. անցյալ տարի ԱՄՆ դեսպանատունն է 20 հազար դոլար նվիրատվություն արել։ Այսօր «Ար»-ը գովազդի շնորհիվ ոչ միայն փակում է անհրաժեշտ ծախսերը, այլ ամսական մի քանի հազար դոլար էլ շահույթ է ապահովում։ Ու չնայած դա այնքան էլ շատ չի, բայց պարոն Տեր-Գուլանյանի խոսքերով «այնքան են շփացել, որ շենքի ճակատը վերանորոգել են»։ Իսկ այսօր ժամը երկուսին հրավիրում է «դռնբացի մատաղի»՝ հեռուստաընկերության շենք՝ մուտքը Թումանյան փողոցից բացելու առնչությամբ։ Շատ ուրախացավ՝ գրաքննություն կա՞ «Ար»-ում հարցից, ու հավաստիացրեց, թե նման բան «բացարձակ գոյություն չունի»։

Ի պատասխան՝ ի՞նչ պլաններ ունեք հերթապահ հարցի, մի անեկդոտ պատմեց. «Գնում են աղջիկ ուզելու, նստում-խոսում են։ Ապագա զոքանչին հարցնում են՝ ի՞նչ պլաններ ունեք։ Նա էլ թե՝ է՜, բալա ջան, պլան է՞ մնացել, քոլով յոլա ենք գնում»։ Այնուամենայնիվ, հավատացնում է, որ պլանները (ծրագրերը) շատ են, փողն է քիչ։ Մասնավոր հեռուստատեսությունը համարում է բիզնես՝ չնայած ցավով ընդունում է, որ «Ար»-ը դեռեւս բիզնես հեռուստաընկերություն չէ։ Վստահեցրեց, որ էրոտիկ ֆիլմեր սկսել են ցուցադրել հայ կանանց (ասուլիսին ներկա Վահրամ Մարտիրոսյանն էլ, որ շատ հաջող հումորներով մերթընդմերթ լրացնում էր շեֆի խոսքը, հավելեց՝ ե՛ւ երկրապահների) խնդրանքով։

Իսկ այն էրոտիկ ֆիլմը, որը նաեւ ՀՀ վարչապետի աչքովն է ընկել, իրոք, «մի քիչ անցնում է էրոտիկայի սահմանը», ու տեղին էր մեր բարեպաշտ վարչապետի բողոքն այս առթիվ։ Բայց այս պատմության մեջ Մերուժան Տեր-Գուլանյանի համար հիանալին այն է, որ «գիշերվա ժամը երեքն անց կես վարչապետը մեր ալիքն էր նայում»։ Ի հեճուկս նրան, աչքալուսանք տրվեց, որ «Ար»-ը շարունակելու է էրոտիկ ֆիլմեր ցուցադրել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30