Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՍ»

Նոյեմբեր 28,1998 00:00
Vazgen Manukyan

Ո՞նց էլ գտնում է «Օրագիրը» մարդկանց, որ լրագրողների հետ վաղուց չեն հանդիպել։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողներին այս մասին ասելիս մի տեսակ «կարոտով» նայեց։ Հարձակման անցավ, համաձայն «ընդունված աշխատակարգի», իհարկե, Նիկոլ Փաշինյանը։ Հնարավո՞ր է լիբերալ-դեմոկրատական դաշինք. այս արդեն ավանդական դարձող հարցին «Օրագիրի» գլխավոր խմբագիրն ավելացրեց՝ որի մեջ կլինեն ԱԺՄ-ն եւ ՀՀՇ-ն։ Վազգեն Մանուկյանը նախեւառաջ իրենց կուսակցությունը լիբերալ-դեմոկրատական բնորոշելու հետ համաձայն չէ։ Ավելին, նա գտնում է, որ «Հայաստանում դաշտը (հասկանալի է, ոչ Արարատյան- Ա. Գ.) պղտորված է գաղափարների տեսակետից»։ Այդ «խճճված դաշտը» դեռ հստակեցված չէ, որովհետեւ «Հայաստանը իրական դեմոկրատական պետություն չէ… եւ ճոճանակը դեռ ճոճվում է»։

Նախընտրական դաշինքների ձեւավորման հարցում, ասում են, ԱԺՄ-ում հակասություններ կան, որքանո՞վ են դրանք լուրջ հարցին Վազգեն Մանուկյանը «անկեղծ ասաց». «Ես մի պահ չեմ հիշում, որ ԱԺՄ-ում ներքին խոր հակասություններ չլինեն։ ԱԺՄ-ի ներսում միշտ էլ հակասություններ, վիճաբանություններ կան», քանի որ այն «մեկ քաղաքական գործչի կուսակցություն չի, ինչպես ԱԻՄ-ը, Դեմիրճյանի կուսակցությունը։ Մի կուսակցություն, որտեղ կամ եւ ես, եւ Դավիթ Վարդանյանը, եւ Արշակ Սադոյանը, եւ Շավարշ Քոչարյանը, դուք կարծում եք՝ հանգիստ կյա՞նք է դա։ Իսկ դաշինքի մասին որոշումներ ընդունելու համար դեռ շուտ է, կարեւորը կուսակցությունն ամրապնդվի»։

Դաշնակցության հանրահավաքը պրն Մանուկյանը, որպես բավականին հետաքրքիր բնորոշեց՝ նկատի ունենալով շատ հարցերի պատասխանելու խոստումը։ Դա էր հանրահավաքի բազմամարդության պատճառը, սակայն, ըստ պրն Մանուկյանի, «ժողովուրդը այդ հարցերից ոչ մեկի պատասխանը չստացավ»։ «Մի՛ անգամ այդպիսի հանրահավաք կարելի է անել» եւ ոչ ավելի։ Վերջերս շրջանառության մեջ դրված «ընդհանուր պետություն» տերմինի առնչությամբ Վազգեն Մանուկյանն ասաց, որ գրքի միայն վերնագրով հնարավոր չէ այն հավանել կամ ոչ. բովանդակությունը հայտնի չէ։ Սակայն նա կարծում է, որ եթե «ընդհանուր պետության» մասին մեկ տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն աներ, «ցույցեր կբարձրանային»… որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ծախեց Ղարաբաղը։ Իսկ «Միացյալ պետություն» կոչվող փաստաթուղթն ընդունելի կհամարի մի քանի կետերի առկայության դեպքում։ Ասենք, Լաչինն ու Քելբաջարը Ղարաբաղի մաս կազմեին, Ղարաբաղը միացյալ պետության անդամ լինելով, սահմանափակ միջազգային սուբյեկտի կարգավիճակ ունենար, այդ միացյալ պետությունից որեւէ պրոցեդուրայով դուրս գալու հնարավորության՝ մի շարք պետությունների երաշխավորությունը Ղարաբաղի սահմանների անձեռնմխելիության եւ ժողովրդի պաշտպանության հարցում եւ այլն։ (Պրն Մանուկյանը չճշգրտեց, թվարկված կետերը՝ եւ այլնով հանդերձ, ընդունելի կարելի է համարել որպես բանակցությունների նախապայմա՞ն, թե՞ արդյունք- Ա. Գ.)։

Պրն Մանուկյանն այնքան էլ մեծ կարծիք չունի ՀՀ այսօրվա արտաքին քաղաքականության գծի մասին, որովհետեւ պարզապես չի տեսնում այդպիսին։ Թե ինչու այդ «ընդհանուր պետության» շուրջ այսօր չի բարձրանում ենթադրյալ աղմուկը, պրն Մանուկյանը անուղղակիորեն Լեւոն Տեր-Պետրոսյանի շնորհքը համարեց. «Ամեն ինչը համեմատվում է համեմատությամբ։ Եվ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածների համեմատությամբ… եթե ինչ-որ տեղաշարժ կա. դա հանգստացնում է մարդկանց։ Եվ ընդհանուր վերաբերմունքի մեջ էլ կա փոփոխություն, որը չեմ ուզենա շատ բացել»։ Փոխարենը պրն Մանուկյանն ուրիշ բաներ «բացեց». «բոլորը հիմա խոսում են նախորդ իշխանությունների չարիք լինելու մասին, նույնիսկ իրենք՝ նախորդ իշխանությունները։ … 95-ին, կեղծիքներով առաջացած Ազգային ժողովը տեր ուներ (այդ տերը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր), ծառայում էր այդ տիրոջը։ … Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնաց, մի պահ արձակուրդ սկսվեց. տերը չկա։ … Նա, ով տեր է փնտրում, շատ արագ կգտնի»։

Ըստ Մանուկյանի, այդ տերն այսօր Վազգեն Սարգսյանն է։ «Առավոտի» այն հարցին, թե Վազգեն Մանուկյանն ում է նախորդ իշխանություն համարում (հիշեցում. «Օրագիրի» նախորդ հյուր Ալբերտ Բազեյանը կամուկացի մեջ էր՝ Վազգեն Մանուկյանը նախորդ իշխանությո՞ւն է, թե՞ ոչ- Ա. Գ.), ստացվեց այս պատասխանը (կամ փոխադարձ հարցը). «Վազգեն Սարգսյանը նախորդ իշխանությո՞ւն է, թե՞ չէ»։ Ըստ պրն Մանուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ «ժողովրդին սատարող ամենաուժեղ գործիքը» «Վանո Սիրադեղյանի ձեռքում գտնվող ՆԳՆ-ն էր եւ Վազգեն Սարգսյանն էր՝ իր ջոկատներով»։ Վազգեն Մանուկյանը Ադրբեջանի ժողովրդի անունից հայտարարություններ չարեց, բայց հայ ժողովրդի համար ասաց, որ «որոշակի վախենում է Վազգեն Սարգսյանից»։ Ռոբերտ Քոչարյանն էլ «միշտ սատար է կանգնել Լեւոն Տեր-Պետրոսյանին»։ «Իսկ Ալբերտ Բազեյանը հստակ նախորդ իշխանության անդամ է։ 95-ին «Երկրապահը» կրակել է ժողովրդի վրա, 96-ին «Երկրապահը» կրակել է ժողովրդի վրա։ Հիմա իրենք ի՞նչ իրավունք ունեն մի կողմ կանգնել, ասել՝ դա մի իշխանություն է, որի մեջ մենք չկայինք։ Բայց հիմա արդար իշխանություն ենք կառուցելու»։ Այս եւ նաեւ ապագա խորհրդարանում ուժերի դասավորության մասին խոսելիս պրն Մանուկյանը համոզված ասաց, որ ընտրությունները ազնիվ չեն լինի, քանի որ դա իրեն հիշեցնում է այն մարդուն, որը հայտարարում է, որ «երկուշաբթի օրվանից մարզանք է անելու», կամ «հունվարի 1-ից կաշառք չի վերցնելու»։

Չի բացառվում, որ ԱԺՄ-ն բոյկոտի ենթարկի ընտրական օրենսգիրքը (պարզ է՝ «Երկրապահինը»- Ա. Գ.), չնայած դա իրենց բնորոշ չէ։ Վազգեն Մանուկյանն այսօր տարվող տնտեսական քաղաքականության մեջ ոչ միայն փոփոխություններ չի տեսնում, այլեւ «ապագա»։ Քանի որ այդպես էլ պարզ չէ, ի վերջո, թե ո՞վ է «Օրագիր» թերթը հովանավորում, հետաքրքրվեցինք՝ չլինի՞ թե Վազգեն Մանուկյանն է։ Վերջինս ասաց, որ հովանավորող լիներ, իրենց թերթին կհովանավորեր։ Իսկ «Օրագիր» կարդում է եւ գտնում, որ այնտեղ պակասում է ազգայինի խորը գիտակցությունը։ Սա էլ վիճելի հարց է համարում եւ պատրաստ է վիճելու այդ մասին։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30