Իշխանությունը կորցնելուց հետո ժողովրդավարական գաղափարները խորապես ընկալած եւ անցյալի սխալների համար անկեղծորեն ապաշխարած նախկին եւ ներկա ՀՀՇ-ականները սպառնացին բոյկոտել 1999 թվականի խորհրդարանական ընտրությունները, եթե դրանք անցկացվեն երկրապահական, իրենց կարծիքով, ոչ ժողովրդավարական օրենքով: Եթե այդ սպառնալիքը նույնիսկ իրականացվի, եւ ԱԺ-ում հայտնվեն միայն իշխանության ընտրյալները, ապա, միեւնույն է, նոր խորհրդարանում վաղ թե ուշ առաջանալու է նոր ընդդիմություն՝ կերակրատաշտը մեկն է եւ փոքր, իսկ ուտել ցանկացողները՝ շատ: Այնպես որ, 2000 թվականին ԱԺ-ում առաջանալու են, ասենք, Լեդի Հակոբի եւ Դոդի Գագոյի ֆրակցիաները:
Էռնեստ Սողոմոնյանը
Հնչակների առաջնորդը կոչ արեց բոյկոտել «20-րդ դարի ցնցումները» ցուցահանդեսը, քանի որ այնտեղ ցուցադրված չէին դարասկզբում հայերի ցեղասպանության մասին պատմող փաստաթղթերը: Կարծում եմ, ՍԴՀԿ-ն պետք է հրապարակի մի ամբողջ ցուցակ արվեստի այն ստեղծագործությունների, որտեղ չի խոսվում բազմաչարչար հայ ժողովրդի դառը ճակատագրի մասին եւ որոնք, ըստ այդմ, անհրաժեշտ է բոյկոտել: Ցուցակը, հավանաբար, պետք է գլխավորի Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյանը»:
Արմեն Դարբինյանը
Կարդացեք նաև
Պրն Դարբինյանը Մոսկվայում իր ասուլիսի ժամանակ սպառնաց անձամբ բոյկոտել, այսինքն՝ չկարդալ մեր թերթը: Դա արդեն չեղավ: Մեր վարչապետը, պարզվում է, ոչ միայն արհեստավարժ է, այլեւ ահաբեկիչ: Բա կարելի՞ է մարդկանց այդպես վախեցնել: Մեզ մնում է միայն այդ սարսափելի սպառնալիքին պատասխանել սպառնալիքով: Եթե հանկարծ պրն Դարբինյանն իրականացնի իր սարսափելի բոյկոտը եւ չկարդա մեր թերթը, «Առավոտի» ահաբեկված խմբագրակազմը կոլեկտիվ ձեւով իրեն կգցի 15-րդ հարկից, եւ վարչապետն այդ դեպքում ստիպված կլինի ֆինանսավորել «Նոր առավոտ» թերթը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ