Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՐԱՊԻ ԵՐԳ, ԹԵ ՆՈՐ ՍԿԻԶԲ

Նոյեմբեր 28,1998 00:00
egoryan

Նոյեմբերի 27-ին Ազգային ժողովում հերթական հավաքն անցկացրեցին այն կուսակցությունները, որոնք նախապես համագործակցության դաշտ էին ստեղծել ընտրական օրենսգրքի շուրջ։ Այս վերջին հավաքի մասին «Առավոտին» նախ պատմեց «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը։

– Այսօրվա մեր նիստին միայն կոմունիստներն էին, որ չէին մասնակցում՝ հայտնի 11 կուսակցություններից։ Մենք ուրբաթը նշանակեցինք մշտական խորհրդակցությունների օր։ Շարունակելու ենք ազատ, արդար ընտրությունների կայացման հարցի շուրջ համագործակցություն ստեղծելու խնդրի քննարկումը։ Առաջիկա մի քանի նիստերը կնվիրվեն դրա գործունեությանը վերաբերող հարցերին։ Նման մի համագործակցություն անցյալում գոյություն ուներ, որը ուժերը կենտրոնացրել էր ընտրական օրենսգրքի սեփական տարբերակի շուրջ։ Բայց արդեն ավելի լայն համագործակցություն ստեղծելու անհրաժեշտություն է առաջացել։ Կքննարկվեն նաեւ բազմաթիվ տեխնիկական հարցեր։ Շատ հնարավոր է, որ առաջիկայում հրապարակվի համագործակցության գործողությունների ծրագիրը։

– Իսկ ի՞նչ քայլեր է նախատեսում այդ ծրագիր ասվածը։

– Համագործակցությունը նախեւառաջ կդրսեւորվի իր ստեղծման մասին կատարվելիք հայտարարությամբ։ Մենք մտադիր ենք այնպիսի ծրագիր հռչակել, որն ընդամենը մեկ կետից չէ բաղկացած լինելու։ Դա կլինի հերթագայաբար արվելիք քայլերի համախմբություն, միասնական գործողությունների պլան։ Դրա դետալներն են, որ մենք քննարկել ենք այսօրվա նիստում, եւ մտադիր ենք առաջիկայում էլ նույն խնդիրները դարձնել արծարծման առարկա։

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձմռանը լուծարվի խորհրդարանը եւ ԱԺ արտահերթ ընտրությունները փետրվար-մարտին անցկացվեն։ Դրա մասին խոսակցություններ կուսակցությունները վարո՞ւմ են։

– Անկեղծ ասած, այնքան էլ չենք խորացել այդ տարբերակի հավանական կամ անհավանական լինելու մեջ։ Բայց, համենայնդեպս, արժե, որ բոլոր կուսակցությունները պատրաստ լինեն դեպքերի նման զարգացմանը։ Իհարկե, այդ տարբերակը բացառել չի կարելի, այլապես անպատրաստ լինելու հող կգոյանա։ Կարծում եմ, որ մեր այս 10 կուսակցությունների համագործակցությունը նույնպես պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած ընթացքի հեռանկարին՝ առաջիկայում խնդիրը դարձնելով քննարկման նյութ։

– Իսկ այն, որ Կարեն Դեմիրճյանը նախ չստորագրեց կուսակցությունների հայտարարությունը, իսկ հետո էլ «Առավոտ» օրաթերթի իր հարցազրույցում գործնականում չբացառեց ընտրական օրենսգրքի որեւէ տարբերակի, որը կարող է նաեւ «Երկրապահի» նախագիծը լինել, վրա ընդհանուր աշխատանք կատարելու հեռանկարը՝ ինչպե՞ս կբացատրեիք։

– Անկեղծ ասած, Կարեն Դեմիրճյանի խոսքում ես այդպիսի նոտաներ չեմ նկատել, թե նա պատրաստակամություն է հայտնում համագործակցել «Երկրապահի» հետ՝ հիմքում ունենալով վերջինիս ընտրական օրենսգրքի նախագիծը։

Ավելի ճիշտ՝ ես այնպես հասկացա, որ դա կոչ էր ուղղված «Երկրապահին», թե պետք է միանալ կուսակցությունների մշակած միասնական տարբերակին։ Կարեն Դեմիրճյանի խոսքը ես այդպես հասկացա, իսկ նրա ներկայացուցիչը մեր խորհրդակցություններին մասնակցում է, եւ առայժմ անհանգստանալու որեւէ խնդիր չեմ տեսնում։ Էդվարդ Եգորյանը Կարեն Դեմիրճյանի կուսակցության ներկայացուցչի մասնակցության հարցում միանգամայն ճիշտ է. Վլադիմիր Բադալյանն ամենայն ակտիվությամբ մասնակցում է կուսակցությունների նիստերին։ Սակայն մի բան, այնուամենայնիվ, այնպես չէ։ Կարծես թե Դավիթ Շահնազարյանը դադարել է մասնակցել այդ նիստերին, իսկ «Շամիրամը» նոյեմբերի 27-ի նիստին իր ներկայացուցչին չէր ուղարկել։ Այնպես որ, բոլոր 10 կուսակցությունները չէ, որ ներկա էին։

Իսկ մեր ընթերցողին «Շամիրամի» բացակայության պատճառները ներկայացնում է նույնանուն կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ Անժելա Բակունցը։

– Կուսակցությունների մի մասի դիրքորոշումը հայտնի է։ Արդեն դրանք արտացոլվել են նաեւ «Առավոտ» թերթում։ Այն նպատակից, որի շուրջ մենք համախմբվել էինք մյուս կուսակցությունների հետ եւ այն հայտարարությունը, որը ստորագրել էինք, դրանցից չենք հրաժարվում։ Ամեն ինչ անելու ենք Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու համար։ Իսկ ինչ վերաբերում է մեր հետագա գործողություններին, ապա ասեմ, որ «Շամիրամը» քաղաքական դաշտում իր ուրույն տեղն ունի՝ մենք ուզում ենք լինել կոնստրուկտիվ ուժ եւ այն տեղում, որտեղ ճիշտ է, որ հատկապես կանայք լինեն, ու փորձեն այդ դիրքերից նպաստել Հայաստան երկրի կայացմանը։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30