Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՄԻԱՍԻՆ

Նոյեմբեր 27,1998 00:00
Moskva

«…Կոնգրեսի մասնակիցները հայտարարում են, որ բազմազան եւ անկախ զանգվածային տեղեկատվության միջոցները հանդիսանում են քաղաքացիների տեղեկատվության իրավունքի կարեւորագույն երաշխիքը եւ տարածաշրջանի երկրներում ժողովրդավարական փոփոխությունների իրական ցուցանիշը…»։ Վերոհիշյալը հատված է Ռուսաստանի, ԱՊՀ-ի եւ Բալթիկայի պետությունների լրագրողների միջազգային կոնգրեսի հռչակագրից։ Կոնգրեսը մի քանի օր առաջ ավարտվեց Մոսկվայում, որն անց էր կացվում «Համերաշխություն, մարդու իրավունքներ, մամուլի ազատություն» խորագրի տակ։

Այն կազմակերպվել է Ռուսաստանի լրագրողների միության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրախորհրդի համատեղ ուժերով։ Դրանք թեմաներ են, որոնք կարծես թե ուրիշների համեմատ այսօր ավելի հաճախ են հանդիպում թե՛ մեր առօրյա խոսակցություններում եւ թե՛ մամլո էջերում, այնուհանդերձ, յուրաքանչյուր անգամ ժամանակակից եւ կոնկրետ են հնչում, քանի որ նման հանդիպումների ժամանակ սովորաբար քննարկվում են քաղաքացիների տեղեկատվական իրավունքների խախտումների բազմաթիվ օրինակներ։ Այս անգամ գործընկերները պատմում էին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի անհնազանդ զանգվածային տեղեկատվության միջոցների աներես ճնշման մասին, Ղազախստանի նախագահ, ժողովրդավար Նորսուլթան Նազարբաեւի վերջին երկու տարվա կերպարանափոխման մասին, որն իր ձեռքն է վերցրել լրատվության բոլոր միջոցները, որոնց ղեկավարներ են նշանակվել իր բազմանդամ գերդաստանի ներկայացուցիչներ եւ որոնց հաջողվեց օրինականացնել երկրի նախագահի ժամկետից երկու տարի շուտ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Սերբիայում եւ Բաշկարկոստանում ազատ մամուլի ոչ բարվոք իրավիճակի մասին։

Տողեր Մոսկովյան կոնգրեսի հռչակագրից. «դատապարտեց տարածաշրջանի առանձին երկրների իշխանությունների կողմից ներմուծվող զանգվածային տեղեկատվության ազատության սահմանափակումները…»։ Մեր երկրում, փառք Աստծո, զանգվածային տեղեկատվության միջոցների ճնշման հետ կապված խնդիրները նման սրությամբ դրված չեն։ Սակայն մեզ մոտ շատ պրոբլեմներ կան՝ կապված տեղեկատվություն ստանալու հետ։ Զարմանալին այն է, որ իշխանության բարձրակարգ խավերը երբեք չեն արգելում ինֆորմացիայի տարածումը, բայց լրագրողները, որպես կանոն, շփվում են իշխանության բյուրոկրատիայի երկրորդ եւ երրորդ էշելոնների հետ եւ այստեղ նրանք թաղվում են մի ճահճի մեջ, որի հետ հնարավոր չէ պայքարել բաց սուսերով, քանի որ ոչ ոք քեզ չի հակադրվում, ոչ ոք քեզ հետ չի պայքարում եւ ոչ մի բան չի արգելում։ Այդ բյուրոկրատական տիղմը պարուրում է իր զոհին եւ փափուկ դուրս հրում։ Ի վերջո, ես կարծում եմ, մենք կսովորենք հաղթահարել նաեւ հակադրման այս ձեւը, եթե միասին ենք պայքարելու անկախության համար։

Կոնգրեսը միաձայն ընդունեց առանձին որոշում, որը ռուսական իշխանավորներին հղած կոչ է մարդասիրություն ցուցաբերել Ալտաֆ Գալեւի (ձերբակալված է ս/թ մայիսի 27-ին, Ուֆա քաղաքում) եւ Գրիգորի Պասկոյի (ձերբակալված է 1997 թ. նոյեմբերի 27-ին, Վլադիվոստոկում) հանդեպ եւ փոխել ազատազրկման ձեւը ու մինչեւ դատը ազատել նրանց բանտից, քանի որ նրանք դարձան քրեական հետապնդման զոհեր իրենց մասնագիտական գործունեության կապակցությամբ։ Այո, մեր ուժը միասնության մեջ է եւ մենք՝ մոսկովյան կոնգրեսի մասնակիցներս, կոչ ենք անում տարածաշրջանի բոլոր լրագրողներին, ակտիվորեն ընդդիմանալ յուրաքանչյուր գործընթացի դեմ, որի արդյունքը կարող են լինել տարաձայնությունների հրահրումը, քաղաքական էքստրեմիզմի եւ հարձակողական նացիոնալիզմի տարածումը, բռնության եւ դիկտատուրայի սերմանումը։

Դրանք այսօր զուտ խոսքեր չեն, քանզի նախկին կոմունիստական կառուցվածք ունեցող եւ դեպի ժողովրդավարություն շարժվող պետությունների պատմությունը, որը զարգանում է մեր աչքի առաջ, թույլ է տալիս նկատել որոշ նույնատիպ օրինաչափություններ։ Այդ բոլոր երկրներում իշխանությունը ժամանակ առ ժամանակ փորձարկում է ժողովրդավարական նվաճումների դիմացկունությունը եւ ամրությունը, մեկ էլ տեսար՝ թուլացավ։ Եթե այո, ապա հեռու չէ հաջորդ քայլը եւ այդ ժամանակ՝ ցտեսություն, ազատության եւ անկախության հույսեր։ Ցանկանում եմ ավարտել Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Ֆեոդորովի խոսքերով. «Կամ մենք կանգնած ենք լինելու միասին, կամ կախաղան ենք հանվելու առանձին-առանձին, սակայն եթե մենք պայքարելու ենք առանձին-առանձին, ապա անհրաժեշտաբար կախաղան ենք հանվելու բոլորս միասին»։

ԿԱՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Անկախ լրագրողների ասոցիացիայի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30