Լրահոս
Օրվա լրահոսը

Доигрались, господа?

Նոյեմբեր 27,1998 00:00
ankaxutyun

Ադրբեջանաղարաբաղյան միասնական պետությանն ընդառաջ

Վերջապես Հայաստան ժամանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Եւ եկան միացյալ պետականության առաջարկով, որն է հայոց բռնազավթված հողերի վրա ձեւավորված պանթուրքական անօրինական Ադրբեջանի եւ թուրքական Ղարաբաղ վերանվանված հայոց Արցախի միասնությունը:

Դեպի Միացյալ Հայոց Աշխարհ տանող ճանապարհին ավելի «հուսադրող» հանգամանք, քան հայկական հողերի վրա Ադրբեջան-Ղարաբաղ միացյալ պանթուրքական պետության ձեւավորման «առաջարկությունն» է, չի կարող լինել: Կեցցե՛ք պարոնայք:

Ե՛ւ հին, ե՛ւ «նոր» իշխանամետ քաղաքական ուժերի նման գնահատականները օտար էմիսարների հայադավ տարբեր առաջարկներին լիովին օրինաչափ են:Բազմաթիվ հոդվածներում ես գրել եմ եւ այսօր էլ շարունակում եմ պնդել, որ Արցախի՝ Հայաստանի մաս լինելու կարգավիճակից տարբեր որեւէ այլ կարգավիճակ հավասարազոր է թուրքական գերության: Եւ ահա ՄԻԱՑՈՒՄ կարգախոսից դեպի «անկախ պետականություն» ազգադավ քաղաքական ճանապարհն ի վերջո հանգեցրել է նրան, որ Ադրբեջան-Ղարաբաղ միացյալ պանթուրքական պետության ձեւավորման հայատյաց գաղափարը գնահատվում է որպես Արցախի հիմնահարցի լուծման «հուսադրող մոտեցում»: Ողորմածաբար թույլ տվեք, պարոնա՛յք, հարցնել՝ ո՞ւմ համար հուսադրող, հայի՞, թուրքի՞, թե՞ հայոց ապազգային իշխանավորների: Իսկ միգուցե ղարաբաղցի «ազգի՞»։ Ինչպիսի՜ նվիրվածություն Հայ Դատին եւ հայոց պահանջատիրությանը: Պետք է նկատել, որ ԵԱՀԿ բոլոր առաջարկությունները, հատկապես իրենց հակահայկական եւ թուրքամետ բովանդակության համար, միշտ էլ նորօրյա հայկական «կողմը» գնահատել է «հուսադրող»: Այնպես որ նման մոտեցումները բոլորովին էլ «նախնական» չեն եւ ահա արդեն յոթ տարի է, ինչ հայկական այդ «կողմի» համար վերջնական համոզմունք են, որի հետեւանքով հակապետականությունը դարձել է Հայաստանի «հին» ու «նոր» իշխանությունների եւ ընդդիմադիր անվանը հավակնող քաղաքական գրեթե բոլոր ուժերի հիմնական բովանդակությունը:

Ընթերցողին հիշեցնեմ Հայաստանի արհեստավարժ Կառավարության արտաքին գործերի արհեստավարժ նախարարի, որպես դիվանագիտական խորաթափանց մտքի արդյունք, աղմուկ հանած հայտարարությունը, որում ամփոփված էր Արցախի հիմնահարցի նկատմամբ հայոց անկախ պետության պաշտոնական, այսպես կոչված, «ոչ կոնվենցիոնալ» մոտեցումը. «մենք չենք պահանջելու Ղարաբաղի միացումը Հայաստանին, չենք պահանջելու Ղարաբաղի անկախության ճանաչումը եւ պահանջելու ենք, որ Ադրբեջանը չդիտարկի Ղարաբաղն իրենը»: Նման «խորաթափանց» միտքն ընթերցողի մոտ բնական հարց է առաջացնում. այդ դեպքում ինչպիսի՞ն է լինելու Արցախի կարգավիճակը։ Պարզվում է, որ արհեստավարժ նախարարն ունի նաեւ այդ հարցի պատասխանը, սակայն այն, իբրեւ գաղտնի զենք, թաքցնում էր իր երկրի քաղաքացիներից, որպեսզի թշնամին հանկարծ չիմանա դրա գոյության մասին։ Եւ ահա այսօր պարոն Օսկանյանը հայտարարում է, «ինչ վերաբերում է վերջին առաջարկությանը, կարող եմ ասել հետեւյալը։ Այս նոր առաջարկությունն էականորեն տարբերվում է նախորդ առաջարկություններից (ինչո՞վ – Ա.Պ.Բ.) եւ պետք է ասեմ, որ առաջարկությունը բավականաչափ ոչ կոնվենցիոնալ է»։

Ձեր մտածողության լեզվով ասած՝ доигрались, господа? ох как доигрались!!! Նորանկախ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության այսօրվա իշխանավորների ապազգային գործունեությունը նախարարի գլխավորությամբ դեռեւս բազմաթիվ «ոչ կոնվենցիոնալ» դժբախտություններ է բերելու ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլեւ ողջ հայությանը։ Արցախի հիմնահարցի որեւէ «լուծում», որն անտեսում է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պետաիրավական ակտի հիմնադրույթները, երբեւէ չի կարող ընդունելի լինել Հայաստանի համար, որովհետեւ նորանկախ հայոց պետության գոյության իրավա-քաղաքական սկիզբը եւ գոյության միակ հիմքը պատմական նշանակություն ունեցող այդ փաստաթուղթն է: Պետությունները ձեւավորվում են բացառապես ներկայացուցչական մարմինների հռչակագրերով կամ որոշումներով, իսկ սահմանադրությունները, որպես պետության հիմնական օրենք, միայն սահմանում են (այդ պատճառով էլ դրանք կոչվում են Սահմանադրություն) պետությունների հասարակական եւ սոցիալ-տնտեսական կառուցվածքը:

Համաձայն «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» փաստաթղթի Արցախը հանդիսանում է անկախ Հայաստանի տարածքի մի մասը: Ուստի ամեն մի առաջարկություն, ով էլ լինի դրա հեղինակը՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՊՀ կամ միջազգային այլ կազմակերպություն, անընդունելի է «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» ակտով ձեւավորված Հայաստան պետության համար (իսկ աշխարհում ուրիշ իրավաքաղաքական Հայաստան պետություն գոյություն չունի), եթե այդ առաջարկությունն անտեսում է Արցախի՝ Հայաստանի անբաժանելի մաս լինելու իրավական իրողությունը: Այդպիսի առաջարկությունը հանդիսանում է քաղաքական բռնության անբարտավան դրսեւորում Հայաստանի նկատմամբ՝ անկախ այն հանգամանքից Հայաստանի քաղաքական ուժերը կամ հասարակական կառույցները եւ առավել եւս իշխանությունները գիտակցում են այն, թե ոչ: Այսօր ավելի քան ակնհայտ է, որ Արցախի հիմնահարցի նկատմամբ հայոց նորանկախ պետության քաղաքական ուժերի եւ հատկապես իշխանությունների, պատկերավոր ասած, հակահռչակագրային եւ հակամիացումական քաղաքական նկրտումները ողջ հասարակության ջանքերը սոցիալ-տնտեսական եւ հատկապես ներքաղաքական հարցերի լուծման ասպարեզում վերածում են սնանկ բարբաջանքների:

Արցախի կորստից հետո անկախ Հայաստանի կործանումը միայն ժամանակի հարց է, ըստ որում՝ կարճատեւ ժամանակի։ Հայոց նորանկախ պետականության կարճ պատմությունը վկայում է, որ այդ երկրի բարձրագույն պետական պաշտոնը զբաղեցնելու համար օրենսդրական նորմերի որակն այսօր որեւէ նշանակություն չունի: Այդ պաշտոնը զբաղեցնելու համար երկու փորձված եւ հուսալի ճանապարհ կա։ Առաջին ճանապարհ. կազմակերպել հանրահավաքներ ՄԻԱՑՈՒՄ եւ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսներով՝ «վերջ» բառի տակ մտքում ունենալով միացումը Ադրբեջանին։ Երկրորդ ճանապարհ. ՄԻԱՑՈՒՄ կարգախոսի շահարկմամբ հեղինակություն ձեռք բերել, այնուհետեւ երկրի համապատասխան մասում հանրապետություն ձեւավորել, հակաիրավական հանրաքվեով այն հռչակել անկախ պետություն եւ նշանակվել այնտեղ նախագահ: Այս ճանապարհներից որեւէ մեկն ընտրող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կվայելի խորհրդային իրականության լավագույն ավանդույթներով ձեւավորված պնակալեզ հայ մտավորականության լավագույն մասի աջակցությունը եւ կարող է համոզված լինել իր հաղթանակի համար, որովհետեւ սոցիալ-տնտեսական անտանելի իրողության տակ կքված ընտրողները, այլընտրանք գտնելու հնարավորություն չունենալով, հետեւելու են այդ վայ-մտավորականների ապազգային վարքին: Այս իմաստով նախընտրելի վիճակում են գտնվում Լոռվա եւ Գորիսի մարզերի մարզպետները, տարածքներ, որոնց այսօր էլ հավակնում են մեր «բարեկամ» եւ թշնամի հարեւանները:

Բավական է այդ մարզերի մեջ մտնող նախկին շրջանների շրջխորհուրդների միացյալ ժողովներում համապատասխան մարզերը հայտարարել հանրապետություններ, այնուհետեւ անցկացնել դրանց քաղաքական անկախության մասին հակաիրավական հանրաքվեներ եւ նշանակվել այդ «անկախ» պետություններում նախագահներ, որից հետո դիմել միջազգային հանրությանը՝ այդ պետությունները ճանաչելու խնդրանքով: Բոլորովին էական չէ, որ միջազգային հանրությունն այդ խնդրանքներին անվերապահորեն կվերաբերվի ծաղրով կամ լավագույն դեպքում կառաջարկի այդ տարածքների ընդգրկմամբ «բարեկամ» եւ թշնամի հարեւանների համար ձեւավորել միասնական պետություններ։ Կարեւորն այն է, որ նման անձինք Հայաստանի Նախագահի հերթական կամ արտահերթ ընտրություններում կստանան հայ մտավորականության աջակցությունը եւ հետեւաբար, ընտրողների ձայների առավել մեծ քանակությունը:

Միաժամանակ չպետք է մոռանալ նաեւ սեփական ազգաբնակչության սոցիալ-տնտեսական վիճակի էլ ավելի վատթարացմանն ուղղված հետեւողական ջանքերի անհրաժեշտության մասին: Մի այլ միջոց էլ գոյություն ունի Հայաստանի պետական բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու համար, որը թեեւ հաղթանակ չի խոստանում, բայց եւ այնպես տասը տարի անց կարող է ապահովել Հայաստանի Նախագահի ընտրությունում երկրորդ արդյունք, որը նույնպես պատվավոր է եւ կարող է հնարավորություն տալ ստեղծել ամենամեծ գլխաքանակ ունեցող կուսակցություն: Դրա համար բավական է ՄԻԱՑՈՒՄ եւ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ» կարգախոսերով հրավիրված հանրահավաքներից մեկում համարձակորեն դուրս գալ հանրահավաքի մասնակիցների առջեւ եւ հպարտորեն հայտարարել. «Ղարաբաղը (կամ Լոռին, կամ Գորիսը, կամ Զանգեզուրը, կամ8230) ջեբումս ա, որ հանեմ տամ»։ Անկախ Հայաստանում այսօր ստեղծված ներքաղաքական իրավիճակը բոլորովին պատահական կամ անսպասելի չէ, այլ հետեւանք է անկախ պետականության իրական կայացման գործընթացներին հասարակության գրեթե բոլոր խավերի բացահայտ շահադիտական եւ քամահրային վերաբերմունքի: Հարց կարող է առաջանալ. իսկ ինչո՞ւ է այդպես:

Պատասխանն ավելի քան պարզ է։ Ստեղծված իրավիճակի համար, այո՛, պատասխանատու են իշխանավորները։ Բայց որտեղի՞ց հայտնվեցին նրանք, ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում ձեւավորվեցին։ Հայաստանի ազգաբնակչության վերջին մի քանի սերունդներ ձեւավորվել եւ գոյատեւել են ապազգային եւ ապաքաղաքականացված խորհրդային իրականության պայմաններում: Այդ է պատճառը, որ այսօր ունենք բացառապես շահամոլ իշխանավորներ, իշխանավորամետ (շեշտում եմ՝ իշխանավորամետ եւ ո՛չ իշխանամետ) ապազգային մտավորականություն եւ, ամենակարեւորը, բացառապես ավագ եղբոր հովանավորություն փնտրող հասարակայնություն: Ահա թե ինչի է վերածվում քաղաքական անկախ կարգավիճակ չունեցող պետության հասարակայնությունը։ Մինչդեռ այսօր իշխանավորների ջանքերի «շնորհիվ» անկախության գաղափարը Անկախ Հայաստանի հասարակության համար դարձել է ծաղրի եւ պախարակման նյութ։

Եթե նախկինում խորհրդային կառավարող շրջաններն էին իրականացնում հայ հասարակական եւ տնտեսական կյանքի ուծացումը ապազգային գաղափարախոսության պարտադրանքի պայմաններում անարդյունավետ տնտեսական համակարգի արմատավորմամբ, ապա այսօր միջազգային հանրությունն է իր «մարդասիրական» ներարկումներով Հայաստանը հետեւողականորեն վերածում վաշխառուական աղբավայրի։ Եթե առաջ Մոսկվան էր բացառապես լուծում մեր ազգային արտաքին եւ ներքին հիմնահարցերը, ապա այսօր, սովորության համաձայն, աչքներս գցել ենք միջազգային հանրության անբարո կառույցների ողորմություններին եւ հույսներս դրել նրանց հայատյաց «ոչ կոնվենցիոնալ» առաջարկությունների վրա։

Շարունակելի ԱՆԴՐԱՆԻԿ Պ. ԲՈՒՌՆԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30