Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՋԻԿՍՏԱՆ. ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆ

Նոյեմբեր 27,1998 00:00

Գնդապետ Խուդոյբերդիեւի ապստամբությունը ճնշելուց հետո Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը չհամբերեց ու թերեւս առաջին անգամ Ուզբեկստանին բացեիբաց մեղադրեց իր երկրի նկատմամբ ձեռնարկված ռազմական սադրանքի եւ ագրեսիայի մեջ: Ուզբեկստանը, ինչպես եւ պետք էր կարծել, սառնասիրտ ձեւով մերժեց այդ մեղադրանքը եւ նույնիսկ կասկածի տակ առավ նման «հեքիաթներ» հորինողների մեղսունակ ճանաչվելու կարողությունը: Բայց Տաշքենդում որքան էլ քամահրանք ցուցադրեն Ռահմոնովի ու նրա ղեկավարած անհանգիստ երկրի մեղադրանքների հանդեպ, դրությունը, միեւնույն է, չի շտկվում: Համարյա ամեն օր տեղեկություններ են ստացվում այն մասին, որ այդ նախկին խորհրդային հանրապետությունը, այդ թվում նաեւ ուզբեկական միջամտության շնորհիվ, նոր ապակայունացման եզրին է: Պետական հեղաշրջման փորձեր, զինված իսլամականների գործողություններ, նույնիսկ հոգեւոր առաջնորդների սպանություններ, Դուշանբեում եւ երկրի այլ քաղաքներում ու շրջաններում չդադարող ահաբեկչական գործողություններ…

Այս ամենը սոսկ մի մասն է քաղաքական այն բարձր լարման, որի պայմաններում ապրում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքում աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող ժողովուրդը: Երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ այդ քաղաքակրթությունը կրող ժողովուրդը պարզապես ի վիճակի չէ խաղաղ ապրել եւ մի անգամ գլորվելով քաղաքացիական պատերազմի ճահիճը, այլեւս ուժ չի ունենա ինքն իրեն դուրս քաշել այնտեղից: Սակայն ի՞նչ է կանգնած այս հուսահատ իրողության ետեւում: Տարբերակներից մեկը կոչվում է «երրորդ ուժ»: Այս տարբերակի համաձայն, խաղաղ գործընթացը պայթեցնում են նրանք, ովքեր շահագրգռված չեն, որ այս տարածաշրջանում երբեւէ դադարեն կրակոցները:

Բայց ո՞վ կարող է «երրորդ ուժ» լինել Կենտրոնական Ասիայի՝ աշխարհի կողմից կարծես թե մոռացված ու սեփական արյունի մեջ խեղդվող այս հատվածում: Նույնիսկ ամենազգույշ տեսաբանները գտնում են, որ այդ ուժը Ուզբեկստանն է: Եվ դրանում, ինչ խոսք, ակնհայտ ճշմարտություն կա: Ինչպես գրում է մոսկվացի քաղաքական վերլուծաբան Յու. Բոյախչիեւը, Ուզբեկստանը չափից ավելի է շահագրգռված այն բանում, որ հենց ինքը կանգնած լինի Տաջիկստանում կատարվող քաղաքական իրադարձությունների ղեկի մոտ: Խնդիրը միայն Միջին Ասիայի այդ իրոք ամենամեծ ու ամենահզոր հանրապետության ծավալապաշտական նկրտումները չեն: Ուզբեկստանը չափից ավելի լավ է հասկանում, որ Տաջիկստանում ընթացող պրոցեսները կարող է ղեկավարել կամ ինքը, կամ… Շարունակությունը տհաճ է ըստ երեւույթին ոչ միայն Ուզբեկստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար:

Բացի Ուզբեկստանից, ով էլ լինի Դուշանբեի վրա վերահսկողություն հաստատած ուժը (տաջիկական ընդդիմադիր վերնախավը, Իրանի արմատականները, աֆղանացի տաջիկ Ահմադ Շահ Մասուդը), Տաջիկստանի նոր տիրակալը առաջին հերթին պայթեցնելու է Ուզբեկստանի ներքին կայունությունը: Սա պարադոքս է, բայց, ինչպես ասում են, փաստ: Իսկ պարադոքսի իմաստն այն է, որ եթե այս տարածաշրջանում քաղաքակրթության մոտիկության իմաստով գոնե ինչ-որ չափով ընդհանուր երկրներ կան, ապա դրանք Ուզբեկստանն ու Տաջիկստանն են: Կենտրոնական Ասիայում, ընդհանրապես, տարանջատումներն ու միավորումները ոչ մի պատահական գործոն չեն պարունակում իրենց հիմքում: Կան ավելի արմատական եւ, հետեւաբար, ռազմավարական եւ աշխարհաքաղաքական պատճառներ: Պատմականորեն այս ողջ տարածաշրջանը բաժանված է երկու անհավասար մասերի, որոնց ընդունված է «ձիու քաղաքակրթություն» եւ «արըկի (ջրանցքի) քաղաքակրթություն» կրողներ անվանել:

Վերջինիս, ինչպես ասվեց վերեւում, այսինքն հողագործական քաղաքակրթությանը (ձիուն իբրեւ խորհրդանիշ ունեցողները նախկին քոչվորներ են) պատկանում են Ուզբեկստանն ու Տաջիկստանը: Երկուսն էլ անցյալում սեփական պետականության հարուստ ու բազմազան փորձ են ունեցել: Երկու երկիրն էլ ընդհանուր սահման ունեն Աֆղանստանի հետ, որտեղ ուժերի ցանկացած դասավորության դեպքում պատերազմը դեռ շուտ չի ավարտվի: Իսկ դա եւս պաշտպանության առումով ընդհանուր ջանքեր է պահանջում երկու երկրներից, որը հիմա, ի դեպ դժվար է նկատել: Ավելի ճիշտ, կատարվում է ընդհակառակը: Քաջ հայտնի է, որ Տաջիկստանում բնակվում է համարյա մեկ միլիոն ուզբեկ, իսկ Ուզբեկստանում՝ դրանից նկատելիորեն ավելի՝ տաջիկ: Առանձնապես Սամարղանդում եւ Բուխարայում տաջիկները ակնհայտ մեծամասնություն են կազմում: Հայտնի է նաեւ, որ Տաջիկստանը զգալիորեն կախված է Ուզբեկստանի էներգակիրներից:

Ամենակարեւորը, սակայն, Ուզբեկստանի տարեցտարի աճող ռազմաքաղաքական ազդեցությունն է, որը նրան համարյա գերտերության կարգավիճակ է տալիս տարածաշրջանում: Հրաշալի հասկանալով այդ բանը, Ռահմոնովը մինչեւ վերջին ժամանակներս կարծես թե «պոչ չէր բարձրացնում» Ուզբեկստանի դեմ եւ մշտապես հավատարմության երդումներ էր տալիս այդ երկրի նախագահ Իսլամ Քարիմովին, բայց հիմա, ինչպես ասում են, բանը բանից անցավ: Եվ հերթական պատժամիջոցները, ըստ երեւույթին, արգելափակումներով չեն սահմանափակվի: (Երբ Քարիմովը խիստ զայրանում է, որոշ ժամանակով երկաթուղային շրջափակման է ենթարկում իր կրտսեր հարեւանին, իսկ ուզբեկական թերթերը հանկարծ սկսում են հիշել, որ տաջիկներն այնքան էլ լիարժեք ժողովուրդ չեն):

Ուզբեկստանը, ճիշտ է, պիտի խիստ զգուշանա, որպեսզի Տաջիկստանի իշխանությունն ու ընդդիմությունը հանկարծ հակաուզբեկական երանգ չընդունեն: Առավել եւս՝ իրանամետ: Իսկ դա բոլորովին էլ բացառված չէ: Կան նաեւ բազմաթիվ այլ տարբերակներ, բայց այստեղ տեղին է հիշել մի փաստ: Իր նախորդ՝ Շիրքենդի կիրճում կրած խայտառակ պարտությունից հետո տաջիկական վերջին իրադարձությունների «հերոս» նույն գնդապետ Խուդոյբերդիեւը երդվեց, որ մինչեւ կյանքի վերջը կռվելու է ԽՍՀՄ-ի ժամանակներում Տաջիկստանին հանձնված պատմական ուզբեկական հողերի ազատագրության համար…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30