Մեր երկրում կիրարկվում է գիտնականների որակավորման երկաստիճան համակարգ՝ սկզբից թեկնածուական, ապա դոկտորական թեզի պաշտպանություն: Առավել պատվավոր եւ դժվար է վերջինիս պատրաստումը, եւ նույնիսկ խորհրդային վերջին տարիների խնամի-ծանոթ-բարեկամ» համակարգում այն դիտվում էր որպես սրբություն ու քիչ էր արատավորված: Կարծում եմ, որ դա էր պատճառը խորհրդային գիտության աննախադեպ զարգացման: Նրանք, ովքեր պատրաստվել են 60-70 ականների խորհրդային գիտական համակարգում, հատկապես «ակադեմգորոդոկներում», կարող են հավաստել այնտեղ տիրող զուտ գիտական մթնոլորտը, դրա հետ կապված թեզերի օբյեկտիվ, թափանցիկ, լայն քննարկումները: Նույնիսկ դժվարանում եմ հիշել որեւիցե խոսակցություն «պատվիրված» կամ «կախյալ» թեզի պաշտպանության վերաբերյալ: Եվ իհարկե, բոլորի մտահոգությունն էր, թե կանցնե՞ն արդյոք անկախ եւ օբյեկտիվ քննարկման մարմնի՝ Բարձրագույն Ատեստավորման Հանձնաժողովի /ՎԱԿ/, մկրատի տակով:
Անհրաժեշտ է նշել, որ ավելի տարեց գիտաշխատողները ՎԱԿ-ի հետ կապված հիշողություններ չունեին: Եթե չեմ սխալվում այն ստեղծվել է 50-ականներից հետո, գիտության բարձր կազմակերպման, նրա աստիճանների եւ կոչումների պետականորեն կարգավորման համար: Դա իհարկե բերեց վոլյունտարիստական կենտրոնացման, սակայն սկզբում այն վճռական դեր ունեցավ գիտության զարգացման համար: Այնուամենայնիվ որակավորման սահմանած աստիճանների համար մշակված պայմանները ստիպում էին գիտությամբ զբաղվողներին լինել ավելի պատասխանատու, իսկ որակավորման զանազան հանձնաժողովներում ընդգրկել համաշխարհային անվամբ գիտնականների: Իհարկե, երբ սկսվեցին գնահատումներում բարձրաստիճան այրերի միջամտությունները, կողմնակալ օգնության եւ միտումնավոր խանգարման գործընթացները, ՎԱԿ-ը կորցրեց իր ձեռք բերած «փայլ»-ը, իսկ գիտության առաջընթացն էլ անմիջապես դադարներ տվեց: Թեզի պատրաստումը, պաշտպանությունը կարեւորագույն փուլեր են գիտնականի կյանքում: Աշխարհի շատ երկրներում առավել դժվար է դրան պատրաստվելը՝ քրտնաջան աշխատանք, անքուն գիշերներ: Սակայն հեշտ, տոնական է անցնում պաշտպանությունը, հատկապես փաստաթղթային եւ որակավորման «ապարատ»-ով անցնելու իմաստով:
Մասնագիտական խորհուրդն ունի աստիճան շնորհելու իրավունք եւ նա պաշտպանությունից անմիջապես հետո արձանագրում է աստիճան ստանալու իրավունքը՝ թղթային մասը թողնելով պաշտպանությունը կազմակերպող ուսումնա-գիտական հաստատությանը, այսինքն ինչպես կար մեր երկրում նախկինում: Մեր նոր հանրապետության կրթական համակարգի ղեկավարները շարունակ շեփորում են իրենց արեւմտյան մոտեցումները, «միջազգային կրթական համակարգում ինտեգրացումը» /ՀՀ օրենքը կրթության մասին, նախագիծ, գլուխ 1, հոդված 4, կետ 2/: Ստեղծվել են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման նոր աստիճաններ՝ բակալավր, մագիստրոս: Թվում էր, թե դրանից հետո պիտի ունենանք PHd, ու վերջ: Սակայն սրանց հաջորդում է գիտական որակավորման հին երկաստիճան համակարգը, հանդիսանալով շարունակական ուսուցման փուլեր: Եվ մեզ մնում է արտասահմանյան գործընկերներին /նկատի ունեմ արեւմտյան/ շարունակ բացատրել մեր թեկնածուի կամ դոկտորի տեղը իրենց աստիճաններում: Այս պայմաններում էլ գործում է ՀՀ Բարձրագույն Որակավորման Հանձնաժողովը /ԲՈՀ/ ՝ կրկնելով ՎԱԿ-ից ժառանգած բոլոր լավ ու վատ գծերը: Այն կարծիքին չեմ, որ նման կազմակերպություն պետք չէ, եւ այդ բնագավառը պետք է տնօրինի, օրինակ, Կրթության եւ Գիտության ղեկավարման պետական մարմինը կամ որեւէ հեղափոխական կուսակցություն:
Այնուամենայնիվ պետք է ստեղծվեն որակավորման հանձնաժողովներ, նրանք պետք է ղեկավարվեն, մնալով անկախ անձնական ու գերատեսչական /մեր երկրում նաեւ կուսակցական/ շահերից: Սակայն արդյո՞ք պետք են գիտական որակավորման գնահատականի հաստատման փուլերը՝ սկզբից մասնագիտական հանձնաժողով, հետո ԲՈՀ-ի «անկախ» ու «գաղտնի» քննարկում: Լավ չէ՞ հանձնաժողովների կազմի ամրացումը արտերկրի գիտնականներով /օրինակ , ֆրանսիայում, նույնիսկ Թուրքիայում, 5-ից 2-3-ը դրսից են/ եւ թեզերի պաշտպանությունները սեսիոն ձեւով կազմակերպելու համար: Այս դեպքում տեղի կտան կամ էլ մտածելու առիթ կունենան կոնվեյերային պաշտպանություններ կազմակերպող ներկայիս որոշ Խորհուրդները, հատկապես փորձարարական անհրաժեշտություն պահանջող բնագավառներում: Կամ էլ ավելի քիչ ֆինանսական ծախսերի նպատակով շատ կասկածելի կամ անչափ «հետաքրքիր» աշխատանքները Մոսկվա ուղարկելու համար /թող այս քաղաքի համար քննադատողներս ուրիշն առաջարկեն/: Եվ վերջապես, նմանարկումների, կրկնությունների, ճվճվոցների այս թոհ ու բոհի մեջ իր տեղը կկգտնի ԲՈՀ-ը:
Կարդացեք նաև
ԳԱԳԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ
Քիմ. գիտ. դոկտոր /1987-ից/