Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ՇԱՐԺՎՈ՞ՒՄ Է

Նոյեմբեր 27,1998 00:00
eritasard

Երկար ժամանակ է երիտասարդության ներկայացուցիչները, որոնք ղեկավար պաշտոններ էին զբաղեցնում, մտորում էին պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգ ունենալու մասին։ Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության ներկայացրած նախագիծը տարբեր գերատեսչություններում քննարկվելուց հետո օրերս ընդունվեց կառավարության կողմից։ Հարցերին պատասխանում է երիտասարդության հարցերով զբաղվող փոխնախարար Վահրամ Բարսեղյանը։

– Պրն Բարսեղյան, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ է պետական երիտասարդական քաղաքականության հայեցակարգը։

– Հայեցակարգը սահմանում է այն հիմնական դրույթները եւ ուղղությունները, որոնց հիման վրա մշակվում եւ իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական երիտասարդական քաղաքականությունը։ Այն մշակվել է Մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում՝ որպես նախագիծ։ Այնուհետեւ ուղարկվել է շահագրգիռ նախարարություններին։ Որոշ նախարարություններից ոչ մի դիտողություն չստացանք։ Սակայն ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից ստացանք որոշ սկզբունքային առարկություններ զուտ այն մասին, ուր խոսքը գնում էր արտոնությունների շուրջը։ Այդ հարցերի վերաբերյալ բանակցելով՝ եկանք ընդհանուր հայտարարի։ Այնուհետեւ այդ փաստաթուղթը քննարկվեց նաեւ ՀԵԱԽ-ի համագումարում։ Մեր նպատակը միասնաբար հանդես գալն է. այնպես չլինի, որ հասարակական կազմակերպությունները մի կարծիք ունենան, իսկ պետականները՝ մի այլ։ Հայեցակարգում նշված են համարյա բոլոր այն հիմնախնդիրները, որոնք այսօր երիտասարդության առաջ ծառացած են, եւ որոնք առաջնահերթ լուծում են պահանջում։

– Որո՞նք են երիտասարդական քաղաքականության իրականացման ուղղությունները։

– Պետական երիտասարդական քաղաքականության գլխավոր նպատակն է՝ երիտասարդ մարդու սոցիալական կայացման, նրա ստեղծագործ ներուժը ի շահ հասարակության առավել լիարժեք օգտագործման համար սոցիալ-տնտեսական, իրավաքաղաքական, հոգեւոր-մշակութային, կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ ստեղծելը։ Առաջադրված նպատակներին հասնելուն ուղղված պետական քաղաքականությունը ենթադրում է փուլային գործունեության հետեւյալ հիմնական ուղղությունները. Երիտասարդության գործունեությունն ապահովող իրավական դաշտի ստեղծում, երիտասարդության զբաղվածության եւ աշխատանքի ոլորտում երաշխիքների ապահովում, պետական երիտասարդական կադրային քաղաքականության իրականացում, աջակցություն երիտասարդական ձեռներեցությանը, պետական աջակցություն երիտասարդ ընտանիքներին, սոցիալական ծառայությունների երաշխավորված տրամադրում, աջակցություն տաղանդավոր երիտասարդությանը, երիտասարդության հոգեւոր եւ ֆիզիկական զարգացմանն ու քաղաքացիական, հայրենասիրական դաստիարակությանն ուղղված պայմանների ձեւավորում, աջակցություն երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, աջակցություն միջազգային երիտասարդական համագործակցությանը։

– Հայեցակարգում պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտները որո՞նք են հանդիսանում եւ սահմանվա՞ծ է, արդյոք, երիտասարդների տարիքային վերին եւ ստորին ցենզ։

– Սուբյեկտ են հանդիսանում ՀՀ-ի 16-30 տարեկան քաղաքացիները, Հայաստանում գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնց տարիքային սահմանը չի անցնում 30-ից, կամ որոնք զբաղված են մինչեւ 30 տարեկան քաղաքացիների շրջանում տարվող աշխատանքներով, երիտասարդ ընտանիքները, այն պայմանով, որ ամուսիններից մեկի տարիքը չգերազանցի 30-ի սահմանը։ Պետական երիտասարդական քաղաքականությունն իրականացվում է պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջոցով։ Իսկ տարիքային այդ սահմանները՝ վերին եւ ստորին, վիճելի հարց է.

1. Մենք ելնում ենք միջազգային ստանդարտից,

2. ելնում ենք մեր երկրի իրավիճակից, այսինքն՝ եթե մենք ավելի մեծ խավ ընդգրկենք, ավելի դժվար կլինի լուծել խնդիրները։ Տարիքային սահմանը 16-30-նն է ընդունված։

– ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում երիտասարդությանը վերաբերող հարցերին մեծ տեղ էր հատկացված, իրականացվե՞լ են արդյոք նրա բոլոր խոստումները։

– Կարելի է ասել, որ համարյա բոլոր խոստումները գործընթացի մեջ են։ Ստեղծվեց սոցիալական աջակցման հիմնադրամ՝ սոցիալապես անապահով ուսանողներին օժանդակելու համար։ Հիմնադրամի եկամուտի աղբյուրները գոյանում են վճարովի համակարգից, ստացվող եկամուտների 2%-ը փոխանցվում է կենտրոնական ֆոնդին։ Բացի դրանից, կա հատուկ կոլեգիայի որոշում, որտեղ 7%-ը թույլատրվում է տնօրինել բուհերին, որպեսզի տեղերում որոշեն, թե ում ինչքանով կարելի է աջակցել։ Կարելի է ասել՝ այս բոլորը կայացել է, միայն հարկային խնդիր կա։ Պետք է որոշում կայացվի, որ կրկնակի հարկումներ չկատարվեն։ Այս ամենը լուծվելուց հետո հունվարից մեխանիզմները կսկսեն գործել, իսկ գումարի հավաքումն արդեն սկսվել է։ Հանրակացարանների մասին եւս կետ կար, այն է՝ դրանք դնել բուհերի տրամադրության տակ։ Այս գործընթացը եւս ընթացքի մեջ է։

Այսօր քաղաքական խորհրդում, կուսակցությունների ներկայացուցիչներից զատ, երիտասարդության ներկայացուցիչներ էլ կան։ Արդեն բյուջեով երկու անգամ ավելի հատկացման մասին վերը նշվել է։ Գերազանցիկները հունվարից 50%-ով ավելի թոշակ են ստանալու։ Ընտրվելու տարիքային ցենզի իջեցում է կատարվել՝ մինչեւ 21 տարեկան։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի, կրթության ու գիտության նախարարությունները համատեղ նախագիծ են մշակում՝ ինչպե՞ս անել, որ կրթությունը բիզնես չդառնա։ Երիտասարդության կադրային քաղաքականության մասին խոսք կար՝ ընդգրկելու պետական կառավարման աշխատանքներում։ Այս գործընթացն արդեն իրականացվում է ՆԳՆ-ում։ Այնպես որ, նախընտրական խոստումները տեղից շարժվել են։ Այդ հարցերի լուծումները կան։

Հարցազրույցը վարեց ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30