Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻՑ ՀԵՌՈՒ ՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ

Նոյեմբեր 27,1998 00:00
Syuniq

Հայաստանի գյուղերն իրենց գրաված աշխարհագրական, տնտեսական եւ այլ դիրքից անկախ մի տեսակ աշխարհից կտրվածի կարգավիճակ ունեն։ Սակայն այս մեկը՝ «հատուկ կարգով»։

Հարուստ գյուղերը փոքրիկ թագավորություն են պետության մեջ, աղքատները՝ «հատուկ կարգով»։ Սակայն այսօր Հայաստանի գյուղական հորիզոններում դժվար է հարուստ գյուղ գտնել, թերեւս մեկը, երկուսը… ու վերջ։ Գյուղն ու գյուղացին մնացել են իրենց կուսական չիմացության եւ ամոթխած ինքնաչարտահայտման մեջ։ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում հայ գյուղացու մասին միայն մի տող կա, եւ այս մեկը՝ հատուկ կարգով. «Գյուղացու համար արտադրական պայմանների էական բարելավում՝ գյուղացիական տնտեսություններին արտոնյալ վարկային ռեսուրսներով ապահովելու եւ գյուղատնտեսության սպասարկումներն արդյունավետ կազմակերպելու միջոցով, սեփական արտադրանքի արագ ու շահավետ իրացման հնարավորությունների ստեղծում»։

Այնուհետ՝ գյուղփոխօգնության վարկ, որը տրվում է ինչ-ինչ ձեւով ատոնյալ դարձած գյուղերին, իսկ խաղող ոչ բոլոր գյուղերն ունեն։ Գյուղի եւ գյուղացու մասին ամեն ինչ իմանալու համար հարկավոր է նախ գյուղը տեսնել սեփական աչքերով, լսել գյուղացուն, տեսնել նրա չմշակած հողը, չջրվող արտը, չպարարտացվող հողը։ Իսկ գյուղացու հյուրասիրությունը չունեցած հարստության եւ ապահով կյանքի ապացույցը համարելը՝ «հատուկ կարգով»։

Տոլորս՝ դժվար հիշվող անուն

Գյուղը Սյունիքի մարզում է, Սիսիան քաղաքից հեռու։ Մեկն ասաց, թե այդ հեռուն ընդամենը 10 կմ է, սակայն քաղաքից գյուղ հասնող ճանապարհն այնքան անմխիթար խորդուբորդ էր, այնքան վայրիվերումներով, որ մի տասն անգամ հեռու թվաց։

Գյուղացիների վկայությամբ, գյուղը 800 տարվա պատմություն ունի։ Գյուղում 100 ընտանիք է ապրում՝ 430 մարդ։ Գյուղն ունի 537 հա վարելահող, որից միայն 32 հա-ում է մի կերպ աշնանացան արվել. «լավ կլինի պետությունը սեզոնային վարկ տա, էս բաներում օգնի»։ Գյուղատնտեսական վարկի մասին գյուղացին ոչինչ չի լսել։ Գյուղը զբաղվում է անասնապահությամբ եւ հողագործությամբ, ցանածն էլ՝ կարտոֆիլ։ Հայրենական պատերազմի ռազմաճակատ 350 զինվոր է ուղարկել, 101-ը չեն վերադարձել։ Արցախի պատերազմում ե՛ւ զոհ են ունեցել, ե՛ւ 15 վիրավոր ազատամարտիկ։

Գյուղը տվեցին գյուղացուն, մնաց շվարած

Գյուղի հողերը սեփականաշնորհված են, ու գյուղացին իր հողի հետ մնացել է առանց տրակտոր։ Տեխնիկան եւս սեփականաշնորհված է, սակայն ժամանակի ընթացքում «կոմունիստներից» մնացած պահեստամասերը եւ այլն կամ օգտագործվել-վերացել են, կամ՝ մեջ-մեջ են արվել։ Տեխնիկայի տերերն էլ խիստ բարձր գներ են սահմանել իրենց ծառայությունները մատուցելու համար։ 1 հա դաշտ ցանելն արժե մոտ 3 հազար, չհաշված վառելանյութը, չհաշված հնձելը (սա էլ 5 հազար), չհաշված պարարտանյութը եւ գյուղատնտեսական այլ անհրաժեշտ ատրիբուտներ։

«Ջուրը քայլ առ քայլ հասավ»

Սիսիանցիները գրել-կարդալու նկատմամբ հատուկ սեր ունեն։ Այս բանը հենց առաջին հայացքից աչքի զարնեց։ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը արդեն 144-րդ անգամ կտրելով հերթական ժապավենը, Տոլորս գյուղին ոռոգման ջրագիծ հանձնեց։ Ջրագիծը գյուղի համար կյանքի հարց լուծեց։ Տարիներ շարունակ չոռոգվող գյուղական դաշտերը վերջապես ջուր կտեսնեն եւ հավանաբար կպտղավորվեն։ Նախկինում գյուղի ջուրը հասնում էր պոմպերի օգնությամբ, իսկ դա ծախս էր, որը գյուղի գրպանի համար չափազանց թանկ հաճույք էր։ Գյուղը, փաստորեն, դարձել էր փոքրիկ աղետի գոտի։ 1996-ին Սյունիքի մարզպետի (այն ժամանակ՝ Սուրեն Աբրահամյան) այցով եւ առաջարկով գյուղը դիմեց հիմնադրամին եւ օգնությունը ստացվեց։ 10% համայնքային ներդրման հարցում նախկին գյուղացի, այժմ Դնեպրոպետրովսկում աշխատող Դավիթ Առաքելյանը օգնեց, մյուս մասն էլ գյուղը լրացրեց «խողովակների տեսքով»։ Իսկ առյուծի բաժին ներդրումը, ինչպես միշտ, հիմնադրամն ինքը կատարեց։ Այժմ ջուրն ինքնահոս եղանակով հասնում է գյուղ եւ «ի փառս ՀՍՆՀ» բարգավաճման եւ բարօրության «երախտապարտ տոլորսեցիները» մի հուշարձան կանգնեցրին գյուղի սկզբում, 12 հատ մեխակ դրեցին հուշարձանի առջեւ ու մի լավ քեֆ արեցին։ Բայց քեֆի մասին՝ «հատուկ կարգով»։

Ձոն՝ նախկին մարզպետին

Սիսիանցիները (նախկին Սիսիանի շրջանի տարածք), նաեւ Սյունիքի մարզն ամբողջովին հատուկ կարծիք ունի նախկին մարզպետի՝ Սուրեն Աբրահամյանի մասին։ Վերջինս նախ «հարգարժան մարզպետ է», հետո՝ «մեզ պես հասարակ մարդ», իսկ վերջում՝ գրեթե Սասունցի Դավիթ։ Նախկին բուժգործիքների գործարանի նախկին ճաշարանում գյուղական հարսանիքին վայել սեղան էր գցված, նվագողներն ու «ավանդական թամադան»՝ միլիցիայի մայորը, եւ նախկին ու ներկա հարգարժան տոլորսցիները միահամուռ խմեցին Սուրեն Աբրահամյանի (Երեւանի քաղաքապետի), իրենց նախկին մարզպետի կենացը, նրան ձոնված մի գովք-ոտանավոր արտասանեց Հովիկ Բադալյանը, եւ քեֆը թեժացավ։ Հետո էլի հարգելի կենացներ խմեցին՝ բոլոր ներկաներինը ու բացականերինը։

… Իսկ նախկին մարզպետով հատուկ հիացած էին առաջին հերթին այն պատճառով, որ նա երկու անգամ գյուղ է այցելել, իրենց հետ մարդավարի խոսել, իրենց լսել է եւ օգնել։ Եթե Սյունիքի նոր մարզպետն էլ մի քանի գյուղ այցելի (հավանաբար այցելում է, բայց մենք չգիտենք), հավանաբար, նրան եւս կփառաբանի գրելու շնորհք ունեցող սյունիքցին։

Տոլորս, տղոս, ո՞վ է վերծանողը

Նոյեմբերի 25-ը խիստ ծանր օր էր, նախ, այդքան հեռու ճանապարհ կտրիր, հասիր Տոլորս, ՀՍՆՀ-ի կառուցած ջրագծի բացմանը մասնակցիր եւ դեռ փորձիր պարզել, թե ի՞նչ է նշանակում Տոլորս։ Գյուղացիներին հարցնելն ամենաճիշտն էր։ Ի վերջո, ամբողջ գյուղը փորձեց միահամուռ ուժերով գտնել իր անվան ճիշտ ստուգաբանությունը։ Պարզվում է, Տոլորսը ոչ ճապոներեն է, ոչ էլ՝ անգլերեն, այն հայերեն տղայիս կամ բարբառային՝ տղոս բառի հնչյունափոխված, տեղայնացված տարբերակն է։ Այս մասին մի քանի պատմություն կա։ Մեկն այն է, որ հարեւան Ցոլունիկ գյուղից մեկը իջել է ավելի ներքեւ եւ իր տղայի համար տուն-տեղ կառուցել։ Հետո, ամեն անգամ տղայի մոտ գնալիս ասել է՝ գնում եմ տղոս։ Այս տուն ու տեղը գյուղ է դարձել եւ քանի որ ինչ-որ ռուսներ չեն կարողացել ասել տղոս, ասել են տոլորս։ Ու մնացել է անունն այս մինչեւ մեր օրերը։ Գյուղի անվանը գրեթե նույնատիպ բացատրություն է տվել Սիսիանի շրջկոմի նախկին քարտուղար Շչորս Դավթյանը (սա ծերերը հիշեցին)։ Նույն ծերերը հիշեցին նաեւ, որ այս հարցին նույնիսկ «էն գիտնական Մորիս Հասրաթյանը» չի կարողացել պատասխանել։

«Պարտիան, որ վերացավ՝ գյուղն էլ ջրազրկվավ»

Գյուղում մինչեւ 1992 թվականը աշխատել է բուժգործիքների գործարանը։ Եվ գյուղացին մի տեսակ հետ է վարժվել հողից, տրակտորից եւ ապրել է կիսաքաղաքացու պես։ Գործարանի փակմամբ գյուղացին ստիպված ետ է դարձել եւ սկսել է զբաղվել իր բուն գործով։ Տոլորսցին ամեն դեպքում լաց լինել չի սիրում. «Լրաբեր»-ով («Հայլուրին» գյուղացին դեռ չի վարժվել) ցույց են տալիս կամ խորհրդարանում խոսում են, թե էսինչ գյուղի վիճակը վատ է։ Մեր գյուղի վիճակն ավելի վատ է, բայց երբեք ոչ մի պատգամավորի չենք գնացել ու չենք ասել՝ մեզ սերմացու տվեք։ Գյուղում ընտանիք կա, որ մի դույլ ալյուր չի ունեցել հաց թխելու համար, բայց երբեք ոչ մեկին չի ասել, կառավարությանը չի ասել»։ Ջրագծի վրա աշխատող մի քանի շինարար իրենց աշխատածի մի մասն են ստացել եւ սպասում են մյուս մասին։

Գյուղի դպրոցը

Դպրոցն ունի 97 աշակերտ, երկհարկանի է, միջնակարգ, յուրաքանչյուր դասարանում 10-12 աշակերտ կա։ Բոլոր ուսուցիչները մասնագետներ են, աշակերտները ուսման նկատմամբ պարտաճանաչ, սակայն մի խնդիր անհանգստացնում է դպրոցի տնօրեն Երանուհի Բադալյանին։ Ուսուցիչների մեծ մասն ապրում է Սիսիանում, հիմնականում կանայք են եւ երթեւեկության խնդիր ունեն։ Նրանց ստացած չնչին աշխատավարձը միայն ճանապարհածախսի է հերիքում։ Դասագրքերի հարցը եւս խնդիր է, ինչպես ամենուրեք։ Երեխաներից մի քանիսը շոր եւ կոշիկ չունենալու պատճառով հաճախ բացակայում են դասերից, քանի որ ընտանիքում 3-4 դպրոցահասակ երեխա կա եւ կոշիկն ու հագուստը հերթով են հագնում։ Երբեմն հայտնվում են հովանավորներ, սակայն՝ հպանցիկ։ Դպրոցը ջեռուցվել եւ ջեռուցվելու է ամերիկյան նվեր-նավթով, սակայն ձմեռներն այստեղ ցուրտ են եւ զուգահեռ դրվում են նաեւ փայտե վառարաններ։ Ո՛չ կոմունիստների ժամանակ, ոչ էլ այս իշխանությունների, կրթության որեւէ նախարար դպրոց չի այցելել։ Դպրոցի տնօրենը գոհ է իր գլխավորած կոլեկտիվից, աշակերտներից, մարզային կրթության վարչությունից, սակայն ուզում է, որ ամեն ինչ ավելի լավ լինի։

Ջրամբարի տակից երեւում է եկեղեցու գլուխը

Հավատի մասին տոլորսցին հատուկ կարծիք ունի։ 25 տարի առաջ գյուղը տեղափոխվել է, քանի որ հնի տեղը հարմար էր ջրամբար կառուցելու համար։ Հիմա, երբ ջրամբարը մի քիչ ցամաքել է, գյուղի բարձունքից երեւում է նախկին գյուղի եկեղեցու գմբեթը։ Գյուղացիներից ոչ մեկը ստույգ չհիշեց եկեղեցու անունը։ Մեկի համար այն սբ. Հովհաննես էր, մյուսի համար՝ սբ Հռիփսիմե, իսկ երրորդի համար՝ սբ. Աստվածածին։ Սիսիանի սբ. Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Նարեկ քահանա Ամիրյանը հպարտացավ. «Մեր մոտի հավատացյալն, իրոք, հավատացյալ է, մենք ոչ մի կողմից էլ ձեւական չենք։ Քիչ ենք, բայց հավատով, երեւի սա է պատճառը, որ մարզում աղանդավորներ չկան (կամ՝ գրեթե չկան)»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Սյունիքի մարզում 113 գյուղ կա, 7 քաղաք։ 66 գյուղ սահմանամերձ է։ Փոխմարզպետ պրն Թունյանին խնդրեցի ներկայացնել մարզի հիմնական խնդիրները։ Վերջինս չուզեց ոտքի վրա խոսել եւ հրավիրեց Ղափան, հանգիստ զրույցի։ Ախր Ղափանն այնքան հեռո՜ւ է… փոխմարզպետը երեւի վիրավորվեց. լրագրողն այդպես է ասում, մարզ չի գալիս, վարչապետն այդպես է մտածում. չի գալիս, նախագահը՝ չի գալիս։

Ըստ իս, պրն փոխմարզպետը իրավացի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30