Ով քիչ թե շատ ծանոթ է Հայաստանի գյուղական բնակավայրերին (մանավանդ, նախալեռնային ու լեռնային) քաջ պատկերացնում է, թե ինչպիսի դժգույն, գորշ ու միապաղաղ օրեր է ապրում գյուղական երիտասարդությունը։ Արդյունաբերության քայքայման հետեւանքով փակվեցին գյուղերի մի զգալի մասում նախկինում գործող արտադրական մասնաճյուղերը, որոնք էականորեն սահմանափակում էին գործազրկության աճի միտումները գյուղական բնակավայրերում։ Լուծարվել են զանազան բնույթի ու կարգի պետական հիմնարկները։ Շատ գյուղերում գործում է լոկ դպրոցն ու գյուղապետարանը։
Արարատի մարզի Զանգակատուն գյուղում փակվել են (կամ լիովին վերացել) մանկապարտեզը, ճաշարանը, բաղնիքը, կենցաղի տունը (վերջինս դանդաղ ավերվեց)։ Նույն պատկերն է հարեւան Վարդաշատ, Զովաշեն, Ուրցալանջ գյուղերում։ Եվ ովքեր ունեն գոնե ճանապարհածախսի հնարավորություն եւ որեւէ ծանոթ Ռուսաստանում, Լեհաստանում կամ որեւէ այլ երկրում, անպայման առանց տատանվելու մեկնում են։ Գնացողներին, թե՛ հասակակիցները, թե՛ ավագ սերունդը այլեւս չեն մեղադրում, այլ շատ հաճախ երանի են տալիս։ Սովորաբար գնացողները մեկ-երկու տարի մնալուց եւ որոշ չափով հիմնավորվելուց հետո գալիս են եւ իրենց հետ տանում ամենամոտիկ հարազատներին, կամ ընկերներին։ Բոլոր դեպքերում գնացողների հետ շատ զորավոր հույսեր են փայփայում տեղում մնացածները։ Գյուղեր, որոնք «մասնագիտացել» են որեւէ կոնկրետ ուղղությամբ՝ իրենց բնակիչներին ճամփելով։ Եթե գյուղից որեւէ մեկը հիմնավորվել եւ լայն շրջապատ է ձեռք բերել, ասենք՝ Մոսկվայում կամ Կիեւում, ապա այդ գյուղի երիտասարդների համար ճանապարհ է բացվում դեպի այդ քաղաքները։
Հազվադեպ է լինում, որ որեւէ մեկը մեկնի լրիվ անծանոթ վայր, որտեղ որեւէ ծանոթ չունի։ Կյանքն այնքան դժգույն է դարձել, իսկ ապագայի հեռանկարները այնքան տխուր եւ անորոշ, որ երիտասարդությունը իր կյանքի ընթացքը փոխելու այլ ելք ու ճար տեղում չգտնելով, միակ այլընտրանքը տեսնում է հայրենիքը օր առաջ լքելու մեջ։ Տխուր ու շատ ցավալի, սակայն փաստ է, իրողություն, որը ժխտել չես կարող սուտ ու փուչ տվյալներով։ Շատ իշխանավորներ ժխտում են այս փաստը՝ պատճառաբանելով, որ գրանցումից դուրս չեն եկել։ Այո, մեկնողները մի առանձին ուշադրություն չեն դարձնում գյուղի գրանցումից դուրս գալ կամ չգալու հարցերին։ Քանզի, անհաջողության դեպքում վերադարձը հայրենի գյուղ՝ կա ու կա։
Վերջին տարիներին արտահոսքը մեծ է նաեւ հանրապետության լեռնային եւ նախալեռնային բնակավայրերից։ Պարզ է, որ հիմնականում մեկնում են երիտասարդները։ Մնալու դեպքում նշանակում է դատապարտվել ծայրաստիճան աղքատության եւ անպատմելի զրկանքների։ Լեռնային բնակավայրերում ապրուստի հիմնական միջոցը մնում է անասնապահությունը, որը նաեւ երիտասարդության հիմնական զբաղմունքն է դարձել։ Գարնան կեսերից մինչեւ ուշ աշուն, երիտասարդությունը զբաղված է անասնապահական ոլորտին վերաբերող աշխատանքներով։ Մանավանդ, ամառային ժամանակի զգալի հատվածը հատկացվում է խոտհնձին։ Դա ամենատանջարար, հոգնեցուցիչ գործն է երիտասարդների համար, որոնք վաղ արշալույսից մինչեւ ուշ մթնշաղ սարալանջերում, ձորահովիտներում հնձում ու խուրձերի են վերածում հնձված խոտը։ Խոտհնձի ավարտից հետո երիտասարդությունը համեմատաբար, նորից ազատ ու անգործ վիճակում է։
Կարդացեք նաև
Պետական իշխանության մարմինները վաղուց մոռացել են, որ իրենց պարտավորությունների մեջ էր մտնում գյուղական երիտասարդության հանգստի ու հաճելի ժամանցի կազմակերպումը։ Առաջներում, գրեթե յուրաքանչյուր գյուղում գործում էին ֆուտբոլի, բասկետբոլի եւ վոլեյբոլի խաղադաշտեր, մշակույթի տներում հատկացված էին սեղանի թենիսի ու բիլիարդի սենյակներ։ Հիմա դրանցից լոկ հաճելի հիշողություններ են պահպանվել՝ ուրիշ ոչինչ։ Մանավանդ, առանց ֆուտբոլի գյուղական երիտասարդությունը յոլա գնալ չէր կարող։ 1970-ական թթ. «Արարատի» խաղերը գյուղերում վերածվում էին իսկական խանդավառության եւ տոնի։ Արարատի մարզի Զանգակատուն գյուղում ամեն տարի ֆուտբոլի նոր խաղադաշտ են պահանջում սովխոզի ղեկավարությունից, եւ հատկացնում էին, օգնում գնդակներով, դարպասաձողերով եւ դարպասի ցանցերով։
Հիմա ո՛չ օգնող կա, ո՛չ առհասարակ այդ ամենի մասին մտածող ու հոգացող, ո՛չ էլ, նույնիսկ… ֆուտբոլ խաղացող։ Այո՛, նույնիսկ ֆուտբոլ խաղալու ցանկությունն է խիստ նվազել, քանզի այս դժնդակ կյանքը եւ սոցիալական բազմառատ խնդիրները խեղդում են ամեն մի հաճելի ցանկություն։ Նույն Զանգակատուն գյուղում երիտասարդությունը առավոտյան ժամերից մինչեւ կեսօր, իսկ հետո՝ երեկոյան ժամերից մինչեւ ուշ գիշեր հավաքվում է գյուղի կենտրոնական մասում («բանգյա»), ուր զրուցում են, պատմում նախորդ օրերի հիշարժան անցուդարձից, փորձում ինչ-որ պլաններ մշակել։ Մի մասը փորձում է հաճույք ստանալ գարեջուր ըմպելով, մյուս մասը թղթախաղով է զբաղվում։ Բոլորն էլ զգում են, որ ինչ-որ բան այն չէ, որ ժամանակները, կարծես, կորցրել են իրենց համն ու հոտը։ Շատերը կարոտով են հիշում այն երանելի ժամանակների մասին, երբ ամենուրեք երիտասարդության համար օգտակար աշխատանք ու հաճելի զբաղմունք կար, երբ օրերն այսքան ձանձրույթով լեցուն չէին։
Ինչ արած, վարդագույն անցյալը էլ հետ չես բերի։ Իսկ այս նոր սերնդի համար, կարծես, փակվել են հուսո բոլոր դռները։ Անհայտության, ապագայի անորոշությամբ է լեցուն հայ երիտասարդության ողջ հոգեկան աշխարհը, ուղնուծուծը։ Ի՞նչ է սպասվում նրանց ապագայում, ոչ ոք չգիտե։ Իրականությունը այնքան մռայլ է ու անմխիթարական, որ հուսադրող որեւէ լավ բան ակնկալելը անիմաստ է։ «Բարեփոխիչների» ջանքերով մի ողջ սերունդ զրկված է ապագայի դրական կողմնորոշիչներից եւ երկար ժամանակով դատապարտված է անհուսության, նյութական զրկանքների ու հոգեկան տառապանքների։ Ահա թե ինչպիսի վիճակում է հայտնվել երիտասարդ սերունդը, որը հանդիսանում է ամեն մի ազգի ամենաթանկ հարստությունը։
ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ