Հենց այս թատրոնում երեկ կայացած Ինքնորոշում միավորման 18-րդ համագումարի արտահերթ վեհաժողովի առիթն էր. կանխատեսել էին, որ ընտրական օրենսգրքի «Երկրապահի» տարբերակի ընդունումը քաղաքական ճգնաժամի վտանգով է հղի եւ որոշել համարժեք լուծումներ նախապատրաստել։ Սակայն ընդունված որոշումների արժեքը բավական նսեմացրեց Պարույր Հայրիկյանի այն հայտարարությունը, թե դրանք նախնական են եւ ենթակա առաջիկա վեհաժողովների կողմից վերանայման։
Նախագահ-ԱԻՄ հարաբերություններ
Այնուամենայնիվ, քննարկումները հետաքրքիր էին, թեկուզեւ պատկերացում կազմելու համար, թե ինչ տրամադրություններ կան 7800 անդամ ունեցող այս կազմակերպությունում։ «ԱԻՄ-ում արդեն առկա են ոչ միայն կասկածներ, այլեւ ընդգծված հիասթափություն,- ի սկզբանե վկայեց Պարույր Հայրիկյանը հավելելով, թե Ռոբերտ Քոչարյանին պետք է մտահոգի ամենավճռական փուլում իրեն օգնության ձեռք մեկնած այս կազմակերպության վերաբերմունքն ու կորսվող հավատն իր վարած քաղաքականության հանդեպ։ «ԱԻՄ-ը նախագահից նախարարական ու փոխնախարարական պաշտոններ չխնդրեց, մարզպետի, դատավորի ու դատախազի հայտ չներկայացրեց,- նաեւ ասաց պրն Հայրիկյանը։- Միակ պայմանը, որ դրվեց Ռոբերտ Քոչարյանին սատարելուց առաջ, նրա կողմից ժողովրդավարության եւ օրենքի իշխանության կայացմանը նպաստելու խոստումն էր։ Մեր այս անշահախնդիր դիրքորոշմանն ի պատասխան, մենք դեռեւս աջակցություն (ընտրական օրենսգրքի առնչությամբ) չենք ստացել ՀՀ նախագահի կողմից»։
Այս ծանր կշտամբանքները շարունակվեցին նաեւ այլ ելույթներում։ Մասնավորապես մեջբերենք ԱԻՄ-ի նախագահական ատյանի անդամ Համլետ Իխտիարյանի ելույթից. «Հանրապետության նախագահը հետեւողականորեն անտեսում է ժողովրդավարության հաստատման համար անհրաժեշտ հիմնաքայլերը, որոնցից առաջնայինը նորմալ եւ ազգային համաձայնության ծնունդ ընտրական օրենսգիրքն է եւ շտկման կամ հիմնովին փոփոխման ենթակա Սահմանադրությունը»։ Պարույր Հայրիկյանի գովասանքներին արժանացած այս հռետորը նաեւ հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար չէ։ Նա հանդուրժողական է։ Եթե երկրում չկան քաղբանտարկյալներ կամ արգելված կուսակցություններ՝ դա շատ ու շատ քիչ է ժողովրդավար լինելու համար։ Եթե մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) մասին օրենքի նախագիծը փտում է չգիտես որտեղ՝ ուշադրության համար հրահանգ աղերսելով։ Եթե Սահմանադրական դատարանը չի կարող առանց հրահանգների դիտարկել ընտրական օրենսգիրքը եւ գործող Սահմանադրության անհամապատասխանության հարցը, եթե Հայրիկյանը՝ որպես պետաիրավական բարեփոխումների համակարգող մինչ այժմ դժվարանում է խոսել որեւէ շոշափելի ձեռքբերման մասին՝ ապա այս ամենն արդեն որեւէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանի հանդուրժողականության հետ»։
Կարդացեք նաև
Բազմաթիվ էին առաջարկները, որ Հայրիկյանը հրաժարվի նախագահի խորհրդականի կամ հանձնաժողովների ղեկավարի պաշտոններից։ Սակայն ԱԻՄ-ի ղեկավարը, որ սկզբում խորհրդականի իր դիրքի մասին ասել էր, թե «ճիշտ չէ կարեւորություն տալ մի պաշտոնի, որն, ըստ էության, շատ ավելի ցածր է, քան խմբակցության նախագահի պաշտոնը», ի վերջո նախընտրեց, որ այս հարցի վերաբերյալ քվեարկություն այստեղ չանցկացվի։ Պատճառներից մեկն էլ առավել արդյունավետ աշխատանքը շարունակելու ձգտումն էր. «Այսօր իմ առջեւ փակ դռներ չկան»,- հպարտությամբ արձանագրեց ԱԻՄ ղեկավարը։
Վարկանիշ եւ դաշնակիցներ
Պարույր Հայրիկյանը հրապարակեց հոկտեմբերին կատարված մի հարցման արդյունքները, ըստ որի ազատ եւ արդար ընտրությունների դեպքում այժմ ԱԻՄ-ը կստանար 6-9% ձայն։ Ցանկացած կուսակցության կմտահոգեր սեփական ցածր վարկանիշը եւ ԱԻՄ-ն էլ բացառություն չէր։ Ելույթներում տարաբնույթ առաջարկներ հնչեցին, որ հիմնականում քարոզչության խնդիրներին էին առնչվում՝ հեռուստատեսությամբ հաճախակի ելույթներ ունենալ, «Անկախությունը», որն այժմ լույս է տեսնում որպես կուսակցական շրջաբերական՝ հրատարակել իբրեւ շաբաթաթերթ եւ այլն։ Հայրիկյանի դիրքորոշումը միանշանակ էր. «Կուսակցական մամուլը հետամտություն է»։ ԱԺ ընտրություններին ընդառաջ հարցերից մեկն էլ դաշնակիցների խնդիրն էր, որին առավել հանգամանալից անդրադարձավ ԱԻՄ-ի քարոզչական եւ գաղափարախոսական հանձնախմբի ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ «Ազգային պետականության կերտման հարցում ընդհանուր եզրեր ունենք ՀՀԿ-ի, ՀՀՇ-ի, «Ազատություն» կուսակցության հետ, արտաքին քաղաքականության հարցում՝ ՀՅԴ-ի, սոցիալական արդարության՝ Կոմկուսի, տնտեսության ազատականացման՝ ՀՌԱԿ-ի, բանակի կայացման՝ երկրապահների եւ թվարկումներն այսպես կարելի է շարունակել»։
Այս բազմերանգ գաղափարական մոտեցումները հնարավոր են դարձնում դաշինքը ցանկացած կազմակերպության հետ։ Ռուբեն Վարդանյանը, սակայն խնդիր էր տեսնում դաշինք կազմել ոչ ընդհանրությունների, այլ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու եւ նոր ընտրական օրենսգրքի ընդունման խնդիրների շուրջ։ Նախանշվել է, որ այդ «Ազատ Հայաստան» կարգախոսով դաշինքի անդամներն ընտրություններից հետո ԱԺ-ում ազատ են իրենց պատգամավորական խմբերը ստեղծելու հարցում։ «Ազատ Հայաստան» դաշինքի գաղափարը վեհաժողովում 108 կողմնակիցներ ունեցավ եւ ընդունվեց որպես յուրօրինակ հեռանկարային աշխատանքային ծրագիր։
«Երկրապահի» եւ նրա օրենսգրքի շուրջ
Պարույր Հայրիկյանն ի սկզբանե էր նշել, թե անգամ անարդար ընտրական օրենսգրքի պայմաններում ընտրությունների բոյկոտը քաղաքական պայքարի ամենաթույլ եւ անընդունելի ձեւն է։ Իսկ «Երկրապահի» տարբերակը միայն «անարդար» որակմանը չէր, որ արժանացավ։ ԱԻՄ-ի փոխնախագահ Ներսես Զեյնալվանդյանն ասաց, թե այն «չի բացառում 95-ի ընտրությունների կրկնման հնարավորությունը» եւ կանխատեսեց, թե 1999-ի ընտրությունները կարող են դառնալ «պայքար սպիտակի եւ սեւի միջեւ»։ Ռուբեն Վարդանյանի գնահատականն էր, թե երկրապահները նախապայման են ստեղծել կեղծիքների համար եւ, որ «այս ձեւով ընտրություններ անցկացնելը ոչ միան վտանգում է ժողովրդավարությունը, այլեւ վնասում Հայաստանի միջազգային հեղինակությունը»։
Ի վերջո, վեհաժողովը միաձայն կողմ քվեարկեց այն բանաձեւումին, թե այս նախագիծը հակաժողովրդավարական է եւ հարկավոր է քաղաքական հնարավոր բոլոր ձեւերով պայքարել այն բարելավելու համար։ Ի դեպ, Պարույր Հայրիկյանն անդրադարձավ երկրապահներով համալրված ՀՀԿ-ի դիրքորոշումներին. «Նրանց՝ իրենց կենտրոնամետ կոչելն արդեն ցույց է տալիս, որ չեն ուզում սկզբունքային դիրքորոշումներ ունենալ։ Կենտրոնում սովորաբար լինում են պատեհապաշտները»։ Նա հռետորական հայտարարություն համարեց պաշտպանության նախարարի խոստումը՝ գլխավորել ՀՀԿ-ն. «Չեմ կարծում, որ Վազգեն Սարգսյանն իրավիճակի մասին այդքան թյուր պատկերացում ունի կամ մնացել է նույն մակարդակին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ էր աշխատում եւ հայտարարում, որ «100% էլ ստանա ընդդիմությունը՝ մեկ է, մենք պիտի անցնենք։ Կարծում եմ, որ դասեր քաղել ենք բոլորս»։
Սակայն ամենադիպուկ հայտարարությունն այս թեմայի շուրջ թերեւս սա էր. «Այսօր ՀՀ նախագահն ընտրությունների չի պատրաստվում եւ չեմ կարծում, թե ինքը քաղաքական հենարանի պետք ունի։ Ավելի ճիշտ կլինի, եթե ասենք, որ քաղաքական ուժերն իրենք են այսօր կռիվ տալիս, թե ում հենարանն է լինելու Ռոբերտ Քոչարյանը։ Եվ նա, ով ստանա Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը՝ որպես հանրապետության նախագահի, բնականաբար, ստանում է լրացուցիչ 10%-ից ավելի ձայների աջակցություն»։
Հընթացս
Այստեղ առանձին մեջբերումներ են, որոնք քննարկվող հիմնական խնդիրների հետ դժվար են կապակցվում։ Այսպես. Արմեն Դարբինյանը, եթե հաստատ է իր մտադրության մեջ՝ պայքարել ոչ լեգիտիմության մթնոլորտը ստեղծողների դեմ՝ պիտի իր ջանքերը կենտրոնացնի նախագահի խորհրդականի դեմ։ Քանզի Պարույր Հայրիկյանը չխնայելով անգամ 1998-ի ընտրությունները, հայտարարեց, թե 1990-ից մինչեւ այսօր ոչ մի ընտրություն չի եղել, որն ուղեկցվեր «արդարության բերած գոհունակության արձանագրումներով»։ ԱԻՄ-ի խորհրդարանի խոսնակ Արամ Հարությունյանը ապացուցելու համար, որ ԱԻՄ-ը պաշտոնների չէր ձգտում, ասաց. «Ժողովուրդը պաշտոնյա ասելով հասկանում է սեւ «31» եւ վարորդ։ Բայց այդ «31»-ը Հայրիկյանն ուներ մինչեւ իշխանության անցնելը եւ իրեն վարորդ էլ պետք չէ՝ ինքն է քշում»։
Այս վեհաժողովին հյուր էին եկել բազմաթիվ քաղաքական գործիչներ, բայց մինչ ժամը 17-ը, երբ նրանց ելույթի հնարավորություն ընձեռվեց՝ միայն երկուսը դիմացան։ ՌԱ(ԼԴ)Կ նախագահ Վիգեն Խաչատրյանը թերեւս իր կարեկից խառնվածքի պատճառով էր 5 ժամ մնացել, որ ԱԻՄ-ականներին սփոփի Ռոբերտ Քոչարյանին աջակցելու առնչությամբ. «Դուք չաջակցեիք էլ՝ նա նախագահ էր հռչակվելու։ Պարզապես դուք այն գեղեցիկ փաթեթն եք եղել, որի մեջ այդ նյութը փաթեթավորվել ու մատուցվել է հայ ժողովրդին»։ Բայց նաեւ հիասթափեցրեց. «Չեմ կարծում, կներեք, որ դուք կարողանաք ժողովրդին համոզել, որ չեք աջակցել։ Նաեւ պատրանք համարեց նորմալ ընտրական օրենսգիրք ընդունելու համար իշխանությունների վրա ներազդելու փորձերը. «Նրանք շատ լավ գիտեն՝ ինչ օրենք են ընդունում եւ որեւէ զիջումի չեն գնալու։ Ուզո՞ւմ եք՝ յոթ հատ հանրահավաք կազմակերպեք»։
Իսկ «Եզդիխանա» հասարակական կազմակերպության նախագահ Սիաբանդ Բաքոյանն իր տարակուսանքը հայտնեց. «ԱԻՄ-ի պատասխանատուների ելույթները երկակի տպավորություն են թողնում՝ ո՞րն է ձեր վերաբերմունքը գործադիր իշխանության նկատմամբ»։ Ճշգրիտ հարցադրում էր։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ