Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 27,1998 00:00
hhk

Հոկտեմբերի 21-ին գումարված Հանրապետական կուսակցության, ըստ էության, վերահիմնադիր համագումարը, որը կոչվում էր ակտիվի նիստ, սպասվածից ավելին մատուցեց հանրապետությունում քաղաքական զարգացումների հնարավոր տարբերակները կանխատեսելու առումով։ Բնականաբար, առանցքայինը Վազգեն Սարգսյանի ելույթն էր, ուր մի քանի կարեւոր շեշտադրումներ արվեցին։ Իր իսկ խոսքերով, Հանրապետական շարժումն առաջնորդելու համար, նա մի շարք պահանջներ առաջ քաշեց, բացառապես դրանց կատարումով պայմանավորելով իր հնարավոր պատրաստակամությունը։ Նման ելույթից հետո շատ բնական էր լրագրողական շրջանակների հարցադրումը հանրապետականներին՝ իսկ կթողնի՞, արդյոք, Վազգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնը։ Անկախ հնչած պատասխաններից ու դրանց հաջորդած հերքումներից, պաշտպանության այժմյան նախարարը կանգնելու է նման երկընտրանքի առջեւ։

Այստեղ, առաջին հերթին, պետք է նկատի առնել համաշխարհային փորձը՝ ճիշտ է հանրապետական գաղափարախոսություն դավանող ուժերն իրենց միջից, նախկինում զինվորական եղած առաջնորդներ հետագայում ունեցել են (զորօրինակ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջ. Բուշը, որն անցյալում զինվորական օդաչու է եղել), բայց այդ գործիչներն իրենց ապագա քաղաքական գործունեությունն իրականացրել են առանց ուսադիրների։ Վազգեն Սարգսյանի պարագայում գումարվում է եւս մեկ պարագա. նա, ըստ էության, զինվորական է այնքանով, որքանով պարտադրում է նրա ներկայիս պաշտոնը։ Այս ամենի եւ էլի որոշ իրողությունների հանրագումարում է, որ կարելի է եզրակացնել՝ այն շարժումը կամ կուսակցությունը, որը պայմանականորեն ասած կհամաձայնի գլխավորել Վազգեն Սարգսյանը, իբրեւ առաջնորդ պետք է ունենա քաղաքացիական անձնավորության։

Միջազգային հանրության կարծիքն էլ, ինչպես իր 1997 թվականի հարցազրույցներից մեկում հայտարարել է պաշտպանության նախարարը, անտեսել չի կարելի։ Իսկ այդ նույն ընդհանրությունը դժվար թե հեշտորեն ընկալի, որ հանրապետության քաղաքական դոմինանտ ուժը, իսկ հանրապետականներն իրենց այդ ակնկալիքը չեն էլ թաքցնում, գլխավորի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Ուստի, բնականաբար, հիշատակված դիլեմայի առջեւ Վազգեն Սարգսյանը կանգնելու է։ Կա երեք ճանապարհ՝ կամ հրաժարվել շարժման առաջնորդի դերից ու շարունակել պաշտոնավարել իբրեւ պաշտպանության նախարար, կամ անտեսել համաշխարհային կարծիքի հնարավոր արձագանքների հեռանկարն ու միաժամանակ երկու գործառույթն էլ իրականացնել, կամ էլ՝ կանխավ փոխարինող պատրաստելով, անցնել պետական ավելի մասշտաբային աշխատանքի։ Որ տարբերակն էլ ընտրվի, դա լինելու է խորհրդարանական ընտրություններից հետո միայն։

Նկատի առնելով այն հանգամանքը, որ Վազգեն Սարգսյանն արդեն հայտարարել է հանրապետականների պատասխանատվության շրջանակներն երկրի ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական կյանքում ավելի ընդլայնելու նպատակահարմարության մասին, ամենեւին էլ անիմաստ չի լինի կարծելը, որ նա, շատ հնարավոր է, երրորդ տարբերակն ընտրի։ Ընտրություններից հետո այլընտրանքներն այնքան էլ մեծ չեն լինի՝ կամ վարչապետ, կամ էլ Ազգային ժողովի նախագահ, որի վրա էլ, հավանաբար, կանգ կառնի Վազգեն Սարգսյանի ընտրությունը։ Համաշխարհային պրակտիկան արձանագրում է, որ խորհրդարանական մեծամասնությունը, իսկ հանրապետականներն այդպիսին դառնալու իրենց մտադրությունը չեն թաքցնում, միշտ իր ձեռքին է պահում ազդեցիկ լծակները։ Կառավարության աշխատանքի վերահսկողության առումով, ընտրություններին հաջորդելիք փուլում, խորհրդարանի խոսնակի պաշտոնը միանգամայն հարմար կլինի։

Ըստ երեւույթին, Վազգեն Սարգսյանը չի համաձայնի զբաղեցնել վարչապետի դիրքը, որովհետեւ, ինչպես օրերս էլ դրա մասին հարկ համարեց հիշեցնել ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը, այդ դերում պաշտպանության նախարարը նախընտրում է տեսնել ավելի մեծ կենսափորձ ունեցող Կարեն Դեմիրճյանին։ Բոլոր դեպքերում, խորհրդարանական ընտրություններից հետո, եթե, իհարկե, հանրապետականները հաղթեն, Արմեն Դարբինյանի կառավարությունը կհեռանա։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30