Երեկ Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում վարչապետ Արմեն Դարբինյանն անդրադարձավ չորս թեմայի. ԱՊՀ վարչապետների նիստ, բանակցություններ Եվգենի Պրիմակովի եւ Յուրի Լուժկովի հետ եւ «Առավոտ» օրաթերթ։ Եթե առաջին երեք կետերի վերաբերյալ վարչապետն իր գոհունակությունը հայտնեց, ապա նույնը չի կարելի ասել «Առավոտի» պարագայում։ Թերթի հրապարակումները պրն Դարբինյանին ակնհայտորեն դուր չեն գալիս։ Ամփոփելով իր դժգոհությունները, վարչապետը սպառնաց, որ եթե այդպես շարունակվի, նա «Առավոտ» այլեւս չի կարդա։ «Առավոտի» խմբագրությունը թախանձագին խնդրել է պրն Դարբինյանին չդիմել նման ծայրահեղական քայլերի։
ԱՆՁԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ
ԱԻՄ-ի ցանկացած հավաքում Պարույր Հայրիկյանի հասցեին ներբողների պակաս չի զգացվում։ Սակայն երեկ արտահերթ վեհաժողովում ԱԻՄ-ի նախագահական ատյանի անդամ Օնիկ Միքայելյանը թերեւս գերազանցեց բոլորին։ Նա հայտարարեց, որ Տրդատ թագավորից եւ Գրիգոր Լուսավորչից հետո («որոնք միջազգային հեղինակության էին հասել») մինչ այժմ նման անհատականություն չէինք ունեցել։ Եվ Հայրիկյանի համար հարմար նկատեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Թերեւս այս ատյանականի հետ կարող էր փոքր-ինչ մրցակցել Արագածոտնի մարզից ԱԻՄ-ի խորհրդարանական Սամվել Հակոբյանը, որը կարեւոր էր գտնում Պարույր Հայրիկյանի Ռոբերտ Քոչարյանի կողքին մնալը, քանզի. «Խմած վարորդի կողքին սթափ մարդիկ են հարկավոր ճիշտ ճանապարհը կարեւոր պահին ցույց տալու համար»։
Կարդացեք նաեւ՝ էջ 3։
Կարդացեք նաև
ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանն անդրադառնալով հարկային տեսչության նոր պետի նշանակմանն, ասաց. «Չեմ ուզում որակում տալ Սմբատ Այվազյանին, բայց սա նման է հետհեղափոխական շրջանի մատրոսների նշանակմանը։ Իշխանություններն այս համակարգում ոչ իրազեկ մարդու երբեք չեն նշանակել։ Այս նշանակումը համարում եմ հարկային համակարգը ընտրակեղծիքների մեջ ներքաշելու մի փորձ, ինչը շատ վտանգավոր է»։