Կարող էին, չէ՞, 50 տոկոսով բարձրացնել
ՀՀ անկախ էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսիսյանի քաջությունը կասկած չի հարուցում. երեկվա ԱԺ նիստում նա ջանք չէր խնայում եւ փորձում էր ամեն կերպ պատասխանել պատգամավորների հարցերին։ Ճիշտ է, հարցերին պատասխանելը հարաբերական հասկացություն է։ Օրինակ, Վահագն Խաչատրյանի հարցերին, թե որքանո՞վ է անկախ էներգետիկ հանձնաժողովը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սահման ունի՞, թե՞ ոչ, 99 թվականին սակագնի իջեցում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ, ո՞ւր է գնացել Սեւանի ջուրը եւ այլն, պրն Մովսիսյանը բավարարվեց հետեւյալ պատասխաններով. «Ես ձեր առաջին հարցին իմ ելույթում պատասխանել եմ, նորից չեմ անդրադառնա։ Սեւանի ջրերի մասին նոյեմբերից հետո տվյալներ չունեմ։ … Ես այդ հարցի շուրջ ունեմ իմ տեսակետը, բայց քանի որ հարցը գտնվում է համապատասխան մարմինների վարույթում, ես ձեռնպահ կմնամ որեւիցե մեկնաբանությունից։ Ես կարծեմ պատասխանեցի, դրանից ավել չեմ ցանկանում պատասխանել»։ Էներգետիկ հանձնաժողովի անկախությունն էլ կասկածի տակ դրեց պրն Մովսիսյանը՝ կամուկացով պատասխանելով այդ հարցին։
Բայց ամեն դեպքում հանձնաժողովի նախագահը նշեց էլեկտրաէներգիայի սակագները։ Ադրբեջանի վերաբերյալ, ներեցեք, տվյալներ չուներ, Ռուսաստանում 2 ցենտ՝ բնակչության համար, 4,2 ցենտ՝ արդյունաբերության, Վրաստանում՝ 4,4 ցենտ (բոլոր կարգի սպառողների համար)։ 99 թվականին սակագնի իջեցում չի սպասվում, «իսկ բարձրացումն էլ,- հանգստացրեց պատգամավորներին պրն Մովսիսյանը,- անսահման չէ»։
Էլեկտրաէներգիայի սակագինը, որքան էլ պատգամավորները կոկորդ պատռեն, բարձրանալու է։ Կարեւորը, ինչպես սրամտեց պատգամավորներից մեկը միջանցքում՝ «մարդս մարդ մնա»։
Կարդացեք նաև
Նորից չեն հարցնում, հարցնում են կրկին
Այսպես կարելի է բնորոշել ԱԺ կառավարության հարցուպատասխանը։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ համարյա նույն հարցերն են տրվում։ Պատասխաններն էլ, բնականաբար, թարմ չեն։
Այսպես, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկությունների գաղտնիքները պարզելու պատգամավորի փորձին ԱԳՆ նախարար պրն Օսկանյանը տխուր դեմքով նորից հայտնեց, որ համանախագահները խնդրել են իրենց առաջարկների գաղտնիությունն ապահովել։
«Գիտությունների ազգային ակադեմիայի գիտնականները աշխատավարձ չեն ստանում»,- հարցը Լեոնիդ Հակոբյանի շուրթերից, ճիշտ է, նորովի հնչեց, սակայն ասելիքով հին էր։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանն էլ շնորհակալություն հայտնեց հարցը հիշեցնելու համար (թեեւ այդ բանն անում են բոլոր հարցուպատասխանների ժամանակ)։ Անպայման հարցը շուտափույթ լուծում կստանա։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ընդորում, կառավարության անդամները հիմնականում հարցերին պատասխանելու հետեւյալ տարբերակի կողմնակիցներ են. «Դուք շատ ճիշտ եք։ Կառավարությունը վաղվանից այդ հարցի քննարկումները պետք է սկսի։ Կա՛ խնդիր, շնորհակալություն, հուսով ենք, մեզ կաջակցեք»։
Քանի որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը Ազգային հեռուստատեսությամբ ամբողջովին ցուցադրվելու է, ավելի մանրամասն դրան չենք անդրադառնա։
Միակ բանը, որ օպերատորների սուր աչքից վրիպել է, ԱԺ նիստերի դահլիճի ճռռացող դուռն է։ Ձեթով կամ յուղով ծխնիները «օծելուց» հետո այն այլեւս իր ճռռոցով չի նյարդայնացնի ո՛չ պատգամավորներին, ո՛չ էլ լրագրողներին։