Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՄԵՆ ԻՆՉ ՈՒՆԵՑԵԼ ԵՄ, ՀԻՄԱ ԷԼ ՈՒՆԵՄ»

Նոյեմբեր 26,1998 00:00
Gevorg Vardanyan

Բնապահպանության նոր նախարար Գեւորգ Վարդանյանի անձը ինչ-որ ժամանակ սկանդալային էր։ Հետո ժամանակը մոռացության մատնեց բարձրացված աղմուկն, ու պաշտպանության փոխնախարարին հաջորդեց բնապահպանության նախարարի պաշտոնը։ Մինչ նրա հետ կարճլիկ զրույցը՝ պրն Վարդանյանը՝ ի զարմանս ինձ, գովեց «Առավոտը»։

– Պրն Վարդանյան, սպասո՞ւմ էիք, որ ձեզ այս պաշտոնը կտան։ Եվ ՊՆ-ից այս ոլորտ գալը որքանո՞վ անսպասելի չէր ձեզ համար։

– Այդ հարցը, իմիջիայլոց, ինձ մոտեցող ժուռնալիստները տալիս են։

– Բնական հարց չէ՞։

– Իհարկե՝ ոչ։ Դրանից առաջ էլ եմ աշխատել։ Բա ինչի՞ չէիք էն ժամանակ էլ զարմանում, որ գնացել եմ ՊՆ։ Եվ հետո, ես էկոլոգիայի հարցերով շատ եմ զբաղվել. ե՛ւ Սեւանի, ե՛ւ անտառի։ Իսկ իմ այս նոր պաշտոնի նշանակվելու օրվանից Սեւանից ոչ մի գրամ ջուր բաց չի թողնվել։

– Ո՞վ առաջադրեց ձեզ այս պաշտոնում։

– Ինձ վարչապետն է առաջադրել։ Կիրակի օրով, առավոտյան զանգում են տուն, գնում եմ եւ…

– Սյուրպրիզ։

– Այո, էդպես։

– Միանգամի՞ց համաձայնեցիք։

– Չէ, մինչեւ երեկո մտածեցի, նոր։

– Այսինքն, ՊՆ-ից ձեր դուրս գալը կապ չունի՞ նախարար Վազգեն Սարգսյանի հետ տարաձայնությունների հետ։

– Չէ։ Ոչ։ Բոլորովին տարաձայնություններ չկան։

– Ձեր մասին շատ ու բազմազան լուրեր են պտտվում։

– Վա՜յ էն տղամարդուն, որի մասին ասեկոսեներ չեն պտտվում։

– Բայց ես լուրերի թեմատիկան չնշեցի։ Ինչո՞ւ հենց տղամարդկությանն անդրադարձաք։

– Ուրի՞շ ինչ են ասում։

– Դե, որ կապ ունեք կրիմինալ տարրերի հետ, նրանց հետ համագործակցում եք։

Մինչ պրն Վարդանյանը խորհում էր իր տալիք պատասխանի շուրջ, հարցրի։

– Սեփական բիզնես ունե՞ք։

– Ոչ։ Ես 90 թվից ոչ մի էդպիսի գործերով եւ գործարքներով չեմ զբաղվել։ Երբե՛ք։ Ես, ճիշտն ասած, նույնիսկ չգիտեմ՝ ինչպես են կարողանում ինձ կապել էդ խոսակցություններին։ Եթե հիշում եք, 93-94 թվերին ոչ միայն կապում էին հեռուստացույցով (ինչ-որ բաներ ասին)… Զուտ քաղաքական։

– Խանութներ, այլ օբյեկտներ չունե՞ք։

– Չէ, ի սեր Աստծո։ Ձեր թերթում մի անգամ գրել էին, որ կենտրոնական պողոտայի վրա խանութների ցանց ունեմ։ Եթե ունեմ, ձեր ցանկացածը, որի վրա մատը դնեք, նվիրում եմ ձեզ։

– Այդ դեպքում, ինչո՞վ եք ապրում։ Աշխատավարձո՞վ։

– Դա ի՛մ գործն է, աշխատավարձով, թե ինչով։ Ես ամեն ինչ ունեցել եմ, որ եկել եմ աշխատանքի։ Եվ հիմա էլ ունեմ։ Եվ ինչքան որ թշնամիներ ունեմ, երկու էդքան բարին ցանկացողներ ունեմ։ Էնպես որ, ինձ համար դժվար չէ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30