Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՔՍՈՐԱՎԱՅՐ

Նոյեմբեր 26,1998 00:00
Aram Abrahamyan

Երեքշաբթի օրը վերջապես իրականացավ «Առավոտի» հերթական կադրային կանխատեսումը՝ հարկային տեսչության պետի պաշտոնում Արտաշես Թումանյանին փոխարինեց հերթական «հրացանավոր մարդը»՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանը: Հասկանալի է, որ դրանով ուժեղացավ վերջերս բացահայտված իշխանության կուսակցությունը՝ «Հանրապետականը»: Նա ձեռք բերեց հավելյալ կազմակերպչական եւ նյութական լծակներ, որոնք անհրաժեշտ են Հայաստանի նման երկրում ընտրություններ անցկացնելու եւ այնտեղ ջախջախիչ հաղթանակ տանելու համար: Հարկայինը կարող է մտնել ցանկացած հիմնարկ եւ իր կամքը /նաեւ քաղաքական/ թելադրել «օբյեկտի» ցանկացած ղեկավարին: Այլապես նրան կստուգեն այնպիսի ջանասիրությամբ, որ լավագույն դեպքում հիմնարկը անհրաժեշտ կլինի փակել:

Հասկանալի է նաեւ, որ հարկերը մեզանում լավ չէին հավաքվում՝ ի հեճուկս կառավարության հպարտ զեկույցների՝ հարկահավաքության պլանը կատարելու-գերակատարելու եւ բյուջեի հարկային մուտքերի մասին: Եթե այդ մուտքերը կանոնավոր են, ապա ինչո՞ւ, օրինակ, ակադեմիայի համակարգի աշխատակիցները երեք ամիս աշխատավարձ չեն ստացել: Այդ ամենը հանրածանոթ ճշմարտություններ են, եւ այստեղ որեւէ նոր բան չկա: Նորը եւ օրիգինալը պաշտոնանկ արված, բայց նոմենկլատուրային ցուցակում մնացած պաշտոնյաների «աքսորավայրն» է:

Կոմունիստների ժամանակ իրեն չարդարացրած կենտկոմի քարտուղարին ուղարկում էին զբաղվելու գյուղատնտեսությամբ: Անկախ Հայաստանում նման մի տեղ, հավանաբար, կարող է դառնալ «արտադրական ենթակառուցվածքներ» մշուշապատ ձեւակերպումն ունեցող ոլորտը: Արտաշես Թումանյանն արդեն երկրորդ պաշտոնյան է, որին «ենթակառուցվածքներ» են քշում: Սկզբում այնտեղ հայտնվեց էներգետիկայի նախկին նախարար Գագիկ Մարտիրոսյանը՝ նախարարի կարգավիճակով, հիմա էլ Թումանյանը՝ որպես նախագահի խորհրդական: Այդպես որ շարունակվի, նոմենկլատուրային ծնողներն իրենց չարություն անող երեխաներին կսպառնան. «Քեզ խելոք պահիր, թե չէ ենթակառուցվածքներ կղեկավարես»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30