Նոյեմբերի 25-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հանձնաժողովի զեկուցող Գորան Մագնուսոնը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել պատգամավորական խմբերի ու խմբակցությունների ղեկավարների հետ։ Հիշեցնենք, որ նա Հայաստան է ժամանել Հովհաննես Իգիթյանի հարցով «Հանրապետություն» միավորման կողմից Ստրասբուրգ ուղարկված նամակի հետքերով։ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումներից հետո եվրոպական պատվիրակությունը հայտնվել է շփոթահար վիճակում։ Մի կողմից կուսակցությունները պետք է իրենց խմբակցությունների միջոցով պատվիրակություններ ուղարկեն ԵԽ, իսկ մյուս կողմից էլ ՀՀ ԱԺ-ի ամենամեծ խումբը՝ «Երկրապահը» որեւէ կուսակցական կազմակերպության պատգամավորական ներկայացուցչությունը չէ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶ ԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ
«Հայաստանի Ազգային հեռուստատեսության ծրագրերը շուտով կսփռվեն նաեւ արբանյակային կապով,- «Առավոտին» հայտնեց ՀԱՀ գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանը։- Արբանյակային հեռարձակումը սահմանափակվելու է օրական 7 ժամով։ Նախատեսվում է, որ առաջին փուլում ծրագրերը հասանելի կլինեն Ռուսաստանում, ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում, Եվրոպայի մեծ մասում եւ Մերձավոր Արեւելքում։ Հայկական ծրագիրն առաջին անգամ նման ընդգրկում կունենա»։ Ի դեպ, պարզեցինք նաեւ, որ հեռուստատեսության ղեկավարությունը միջոցներ է հայթայթում հանրապետության ներսում պետպատվերից դուրս լրացուցիչ եթեր ապահովելու համար։
ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԸ ԴԵՍՊԱՆ ԿԴԱՌՆԱ
Կարդացեք նաև
Հակառակ չարագուշակ կանխատեսումների, թե բոլոր ժամկետներն ավարտվել են ու ԱԺ պատգամավոր Գեղամ Ղարիբջանյանի՝ Իրանում ՀՀ դեսպան նշանակվելու համաձայնագիրը չի ստացվում, շուտով, ըստ երեւույթին, հարցը կլուծվի։ Նա կգլխավորի Իրանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը։