Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսումնադաստիարակչական ասուլիս

Նոյեմբեր 25,1998 00:00

Ուսումնադաստիարակչական ասուլիս «Հայաստանում արվեստաբան չկա, մի հատ կա, էն էլ զբաղված է, դա ես եմ»,- ինքն իր մասին ասաց Հենրիկ Իգիթյանը Երեկ Հայաստանի նկարիչների միության նորընտիր նախագահ Կարեն Աղամյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որն, ինչպես հասկացանք, ավելի շատ նպատակաուղղված էր կառավարության եւ, հատկապես, մշակույթի նախարարության աշխատակիցների ցուցաբերած անտարբերությանը իր կազմակերպած ցուցահանդեսին։ Չնայած այն բանին, որ ասուլիսի էր հրավիրել նկարիչների միության նախագահը, այն «անցկացրեց» Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Իգիթյանը, որն էլ, չկորցնելով առիթը, խոսեց անձամբ իրեն մտահոգող հարցերի շուրջ։ Ըստ նկարիչների միության նախագահ Կ. Աղամյանի, Հայաստանի նկարիչների միությունը վերջին տարիներին գրեթե դադարել է իր բուն ֆունկցիան կատարելուց, եւ այս ցուցահանդեսը բացումն էր համարում նկարիչների միություն այցելող հասարակության համար։ «1972 թվականից մինչեւ այսօր մենք այսպիսի հզոր ցուցահանդես չենք ունեցել Հայաստանում։ Եվ ի վերջո այսօր նկարում են այն նկարիչները, որոնք չեն կարողանում չնկարել։ Ահագին մարդիկ կան, որոնք գալիս են ինձ մոտ, ասում են՝ «Նկարե՞մ, թե՞ չնկարեմ»։ Ասում եմ՝ «Եթե կարող ես չնկարել, մի նկարիր»,- նկարիչների զարգացման գործում իր դերը կարեւորեց Հ. Իգիթյանը։- Այս ցուցահանդեսը, եթե ոչ լրիվ կազմով, բայց շատացրած վիճակով կարելի է ներկայացնել երկրագնդի ուզած մայրաքաղաքում»։ Անհասկանալի սկզբունքով ցուցահանդեսի բոլոր գործերն ընտրել է Հ. Իգիթյանը եւ, ինչպես ինքն ասաց. «Եթե ընտրել եմ, ուրեմն հավատում եմ այս նկարիչներին, եթե չհավատայի, չէի ներկայացնի, ամեն արվեստաբան իրավունք ունի դա անելու, ես դա առաջարկում եմ։ Սովետական պրակտիկայում ի՞նչ էր լինում. 30 հոգի ժյուրի էր լինում, որոնք ընտրում էին աշխատանքները, էս մեկն էս շենքից էր լինում, էն մեկն էն շենքից, էս մեկի հետ էս էր խմում, մյուսի հետ՝ մեկը, ընկերություն, ախպերություն, դառնում էր սովետական, սովետահայ արվեստի բազար»։ Հ. Իգիթյանը լրագրողներին բացատրելով իրենց մասնագիտության դերը մշակույթում, արվեստում, նախ ասաց, որ նրանք են բարձրացնում նկարչի, դերասանի, գրողի անունն ու հեղինակությունը, նախապես նշելով, որ այս ցուցահանդեսի մասին լավ լուսաբանենք, անպայմանորեն (ասես դրա համար եկած լիներ ասուլիսի), անդրադարձավ «Առավոտ» օրաթերթին եւ հայտնեց իր «բուռն սերը» այդ թերթի եւ հատկապես այդ թերթի մի թղթակցի հանդեպ եւ, դեռեւս մինչ հիմա էլ զարմացած, ասաց, որ նա չի հասկանում, թե ինչպես կարող էր նման գեղեցկատես, թռվռուն աղջիկը նման չարաճճի լուսաբանումներ հրապարակել մամուլում, եւ թե ինչպես էր «մեծն» Տիգրան Լեւոնյանի անունը, որը վերջերս մեր օպերային թատրոնը ներկայացրեց Իսպանիայում, այդպես «սեւացրել», կինոշնիկներին «իմպոտենտ» անվանել… Հ. Իգիթյանի՝ այս թեմային անդրադարձումը, թերեւս, այլ նշանակություն ուներ, որին նա առանձնապես չանդրադարձավ։ Միգուցե այդ օրինակների շարքում Հ. Իգիթյանն ուզում էր շեշտել նաեւ այն, որ նույն հոդվածագիրը բավականաչափ պատկառանք չունի իր՝ Իգիթյանի հսկայական վաստակի հանդեպ եւ, ամենակարեւորը, չի նկատում իր գրեթե ֆանտաստիկ համեստությունը: Լ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել