Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԱՅՍՕՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՉՈՒՆԵՆՔ, ՈՒՆԵՆՔ ԱՆԿԻՐԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբեր 25,1998 00:00
Henrik Hovhannisyan

 Հարցազրույց արվեստագիտության դոկտոր, թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանի հետ

Մտավորականություն Հայաստանում կա՞ այսօր, թե՞ չկա։ Այս հարցն իսկապես արդիական է, մանավանդ որ, վերջին ժամանակներս շատ ավելի հաճախ են մշակույթի գործիչները եւ մեր պետական այրերը հայ մտավորականություն եւ մշակույթ բառերը կրկնում։ Շատ կրկնելն, ինչ խոսք, արդյունք է նաեւ այդ երեւույթների բացակայության։ Իսկ եթե կան, ապա ինչպիսի՞ վիճակում են։ Հայաստանում չկա մտավորականություն որպես շերտ, այլ կան մտավորական մարդկանց առանձին ու փոքրիկ կղզյակներ։

– Մտավորականություն, որպես շերտ, կա՞ այսօր Հայաստանում։

– Այդ բառը շատ է աղավաղվել։ Ես վաղուց ասել եմ՝ չկա մտավորականություն, այլ կան մտավորական մարդիկ, որոնք հասարակական խավ չեն կազմում։ Առանձին մտավորական մարդկանց մեջ կարող եմ ցուցակ կազմել, 10 հոգի էլ գուցե չլրանա։ Քչերն ունեն քաղաքացիական կեցվածք ու վարքագիծ, այսինքն՝ այն, ինչ մտավորականից պահանջում է հասարակությունը։ Համենայնդեպս, քաղաքացիական զգացմունքներում ես մենակ եմ։ Իմ միջավայրը, չեմ ասի, թե խրախուսում է ինձ, եթե չասեմ, որ երբեմն էլ դատապարտում է, ասում է, որ ես ծայրահեղորեն ակտիվ եմ։ Աշխատում եմ ակտիվ չլինել. ակտիվությունը սխալ ու վատ է հասկացվում։ Եթե հասարակական ակտիվություն ես ցույց տալիս, մտածում են, թե անձնական շահ ունես կամ պաշտոնի ես ձգտում։ Ավելի լավ է, մարդ զբաղվի իր գործով։ Մենք ունեինք շատ ուժեղ ու նուրբ տեխնիկական մտավորականություն, որը հեռացավ Հայաստանից։ Այդպիսով կորցրինք մեր մտավոր զանգվածի ամենաթանկ մասը։

Իմ կարծիքով, հայ ժողովուրդը ոչ թե գեղարվեստական, այլ ճշգրիտ գիտությունների տաղանդ ունի։ Մեզ խաբում են՝ ասելով, թե այս ժողովուրդը մշակույթի, արվեստի ժողովուրդ է։ Եվ նրանք, ովքեր համառորեն պնդում են, թե մենք հոգեւոր մշակույթի ազգ ենք, կամ չեն պատկերացնում՝ ինչ բան է այդ հոգեւոր մշակույթը, կամ տեղից մեզ խաբում են՝ մեզ ապակողմնորոշելու համար, որպեսզի մեր իսկական ուժը ոչնչացնեն։ Իսկ այդ ուժն արդեն զգալի չափով ոչնչացրել են։ Բացի այդ, մեզանում մտավորականի, ինտելիգենտության մի ուրիշ ըմբռնում կա։ Ինտելիգենտ ասում են ռուսախոսին։ Ըստ էության, նրանք ավելի ինտելիգենտ են։ Շատ դժվար է հայ մտավորական լինելը՝ ե՛ւ հայ լինել, ե՛ւ մտավորական լինել։ Մարդիկ կա՛մ ինտելիգենտ են, կա՛մ հայ են։ Եթե հայ են՝ գավառցի են, եթե ինտելիգենտ են՝ ապազգային հոգեբանություն ունեն։ Շատ քիչ մարդկանց եմ ճանաչում, որոնք հայ են, հայախոս են եւ ինտելիգենտ են։ Հայ ինտելիգենտը հազվադեպ բան է մեր իրականության մեջ, եւ սա մեր դժբախտություններից մեկն է։

Բացի այդ, ժողովուրդը համառորեն ուզում է, որ մտավորականությունն անցնի առաջ, առաջնորդի ժողովրդին։ Ի՞նչ է նշանակում՝ առաջնորդել ժողովրդին։ Մտավորականությունը մշակում է հասարակական միտքը։ Այլ խնդիր է, որ մեզանում այդ հասարակական միտքը չի մշակվում, բայց ինչո՞ւ են մտավորականից պահանջում, որ նա թողնի իր մտավոր աշխատանքը եւ քաղաքական պայքարի դրոշը ձեռքին ընկնի առաջ ու առաջնորդի ժողովրդին, գնա ինքը զոհվի եւ այդ նույն ժողովուրդը հենց նրան ոտքի տակ տա… Միշտ այդպես են, չէ՞, քաղաքական շարժումները։ Առջեւից գնացողները գաղափարական մարդիկ են լինում եւ ամենից շատ անարգվում եւ բոլոր տեսակի քաղաքական շարժումներում հաղթում է միջակությունը։ Եթե նրանք էլ չեն հաղթում, միեւնույն է, անպայման վերին աստիճանների մոտ են լինում։ Իսկ բուն մտավորականները երբեք այնտեղ չեն լինում։

– Սովետական կամ խորհրդային պայմաններում կար մշակույթի գաղափարականացված-քաղաքականացված ըմբռնում։ Չե՞ք կարծում, որ նույն ըմբռնումը կա նաեւ այսօր։

– Այդ տարիներին մշակույթը դիտվում էր որպես գաղափարական-քաղաքական պայքարի մի մաս, այսպես ասած՝ գաղափարական ֆրոնտ։ Այս իներցիայով էլ այսօր մշակույթը եւ կրթությունը տվել են դաշնակցական կուսակցության ձեռքը։ Ես դեմ չեմ ո՛չ դաշնակցական կուսակցությանը, ո՛չ էլ դաշնակցական ընկերներին, ո՛չ էլ վատ կարծիքի եմ նրանց մասին։ Բայց մշակույթի կուսակցական-քաղաքական ըմբռնումը ի՞նչ է նշանակում։ Արդյո՞ք դա նույն խորհրդային ժամանակներից եկող իներցիան չէ։ Իհարկե, չեմ ասի, թե գաղափարական հարկադրանքներ կան այսօր, կամ՝ եթե դաշնակցության ձեռքին է մշակույթն ու կրթությունը, նա գաղափարական հարկադրանքներով մեզ ճնշում է։ Չէ՛, ոչինչ էլ չի անում, բայց ըմբռնումն է պարզունակ։ Հարցին մոտեցումն է կոպիտ։ Ի՞նչ է նշանակում՝ մշակույթը համարել մեկ կուսակցության մենաշնորհ։ Ծիծաղելի մոտեցում է։

– Ըստ ձեզ, մշակույթի նախարարության դերը ո՞րն է, պե՞տք է այն, թե՞ ոչ։

– Երբ Վազգեն Մանուկյանը ինձ նշանակում էր հեռուստառադիոպետկոմի նախագահ, հարցրեց ինձ՝ «ձեր կարծիքով մշակույթի նախարարությունում ի՞նչ են անում, դա ինչի՞ համար է»։ Ասացի՝ չգիտեմ։ Մինչեւ այսօր էլ ես չգիտեմ մշակույթի նախարարության ֆունկցիան։ Ես գիտության եւ մշակույթի մարդ եմ, բայց այդ նախարարության կարիքը երբեք չեմ զգացել։ Միայն վերջերս մի անգամ եմ հարց ունեցել (ոչ անձնական) այդ նախարարությունում։ 1999 թվին լրանում է Պետրոս Ադամյանի՝ 19-րդ դարի մեծագույն դերասանի, դարի արտիստի 150-ամյակը։ Եթե ոչինչ չարվի եւ աննկատ անցնի այդ հոբելյանը, ինձ կհարցնեն՝ դու որտե՞ղ էիր։ Գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանի հետ ուզում ենք կազմել ժողովածու՝ ռուսական թատերական քննադատությունը Ադամյանի մասին։ Մեծ ժողովածու կարող է լինել, որովհետեւ Ռուսաստանում Ադամյանի մասին ավելի շատ է գրվել, քան եվրոպական որեւէ արտիստի մասին։

Հենրիկ Բախչինյանն այս հարցով մշակույթի նախարարի հետ տեսակցություն խնդրեց, եւ նա չընդունեց։ Փորձի համար ես էլ գնացի։ Քարտուղարուհուն հիշեցրի՝ ինչ խնդրով եմ եկել, խնդրեցի գրել անունս եւ հեռախոսահամարը՝ ե՞րբ կարող է նախարարը ընդունել։ Երեք ամիս է՝ սպասում եմ։ Եթե նա իր համակարգի աշխատող՝ թանգարանի տնօրենին չի ընդունում, ապա ո՞ւմ է ընդունում։ Եթե երեւույթները կոչենք իրենց անուններով, սա անբարեկիրթ մարդու վարքագիծ է։ Հազար ներողություն անհամեստությանս համար, Հայաստանում այսօր կա չորս արվեստագիտության դոկտոր, որոնցից մեկը ես եմ։ Եթե Հայաստանում եղած չորս արվեստագիտության դոկտորներից որեւէ մեկին չի ընդունում մշակույթի նախարարը, ապա ո՞ւմ է ընդունում։ Չէ՞ որ նա պատասխան չի տա չարվելիք բաների համար, մենք կտանք պատասխան։ Ինչի՞ համար է նա այնտեղ նստած… Մշակույթն այստեղից է սկսվում։ Եթե տարրական քաղաքավարություն չունեն, եթե մեծ ու փոքր, արժեք ու անարժեք չեն ճանաչում, էլ ի՞նչ մշակույթի մասին կարող ենք խոսել։ Նախարարությունում եթե որեւէ լուրջ գործ են անում, մենք այդ գործը կտեսնենք։

– Դո՞ւք էլ եք այն կարծիքին, որ Հայաստանում մշակույթն անկում է ապրում։

– Իրականում մենք այսօր մշակույթ չունենք, մենք ունենք անկիրթ հասարակություն։ Եթե մշակույթ ունենայինք, իսկապես, մեր ականջին այդքան չեն զռզռացնի ռաբիսը, ռաբիսի հանդեպ այսքան մեծ հետաքրքրություն չէր լինի։ Չունենք նաեւ մշակութային գիտակցություն։ Մշակույթ ասելով շոու են հասկանում։ Կամ հասկանում են շոու, կա՛մ կիսատ-պռատ, խեղաթյուրված, որպես թե ազգագրական անսամբլներ, ինքնագործունեություն, աղմուկ-աղաղակ… Ոչ մեկը գրքի մասին չի խոսում, ոչ մեկին դա չի հետաքրքրում։ Դեռեւս 1975 թ. տպագրված իմ մի հոդվածում ես թատրոնի անկման, հուզական աղքատացման, բեմում բնավորության քայքայման, դերասանական արվեստի անկման մասին խոսել եմ։ Սխալ է մշակույթի ներկայիս վիճակը այսօրվա հանգամանքներով բացատրելը, նյութական եւ սոցիալական պայմաններով բացատրելը սուտ արդարացում է։ Արվեստ ստեղծվել է նաեւ ծայրահեղ թշվառության պայմաններում։ Չեմ ասում, թե պետք է թշվառության մատնել արվեստագետներին։ Հիշենք ռուսական դեկադանսի պոեզիան. ինչպիսի ծանր պայմաններում են ռուս բանաստեղծները գրել։ Կարդում ենք. ոչ ցուրտ է բուրում, ոչ սով։ Դե եկեք, բացատրություն գտնենք։ Ամեն ինչ մարդուց է։

– Որեւէ թատրոն գնո՞ւմ եք։

– Թատրոնի մասին հարցերը պետք է տրվի նրանց, ովքեր թատրոնը փչացրել են եւ ովքեր գործնականորեն կրում են դրա պատասխանատվությունը։ Իմ պարտքն է ասել, գրել, արժեքները որոշել։ Ես դա արել եմ։ Բայց եթե ազգային թատրոնի, պետական ակադեմիական թատրոնի գլխին մինչ այսօր դիլետանտ է նստած, ինչո՞ւ պիտի թատրոնի մասին որեւէ հարցի պատասխանեմ։ Իմն արդեն ասել եմ, բայց իմ խոսքին բանի տեղ դնող չկա։ Շարունակում են նույն գավառական դիլետանտական եղանակով թատրոնը փչացնել եւ արդեն վերջնականապես փչացրել են։ Չեմ ամաչում ասել՝ ես ոչ մի թատրոն չեմ մտնում. այնտեղ ես այլեւս փնտրելու բան չունեմ, այնտեղ միայն կեղծիք եմ տեսնում, ֆալշ։ Իհարկե, թատրոնի անկումը կարող եմ բացատրել արտաքին, հասարակական կյանքի պատճառներով։ Դա հասարակական երեւույթ է, հասարակական օրգանիզմի մասն է։ Եթե հասարակությունը հիվանդ է, եթե հասարակության սոցիալ-դասային կազմը քայքայված է, հասարակական էմոցիաները կա՛մ խեղաթյուրված են, կա՛մ այլեւս չկան՝ դժվար է թատրոն պահանջել։ Կան նաեւ ներքին բացատրություններ. թատրոնի ներսում եւ թատերական կրթության մեջ են պատճառները։ Պատճառը հատկապես ապաշնորհ եւ անկիրթ մարդիկ են. ինչո՞ւ չասենք այսպես։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Երկու օր է, ինչ Արվեստի ինստիտուտում Հ. Հովհաննիսյանին վերջապես աշխատասենյակ է տրվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30