Մինսկի խմբի ակտիվացման հերթական փուլը կարծես թե անհաջողության է դատապարտված: Փաթեթային նոր առաջարկը, ըստ Ադրբեջանի արտգործնախարար Թոֆիկ Զիլֆուղարովի, ամբողջությամբ հակասում է իր երկրի շահերին եւ չի կարող ընդունելի լինել ներկայացված տեսքով: Ըստ էության, Ադրբեջանը պաշտոնապես մերժեց առաջարկը, չնայած, ձեւականորեն դա պետք է աներ երկրի ղեկավարը: Այս քայլի դրդապատճառները այնքան էլ անբացատրելի չեն, պարզապես Մինսկի խումբը, հաշվի առնելով առկա իրողությունները, փորձել է մի քիչ ավելի մեծացնել բանակցելու հնարավորությունը, նոր առաջարկության հիմքում դնելով «ընդհանուր պետության» խիստ մշուշոտ գաղափարը: Թե ի՞նչ է այն ենթադրում, թերեւս, կողմերն էլ պարզ չեն պատկերացնում, ձեւակերպումն այնպիսին է, որ կարելի է ցանկացած մեկնաբանություն անել, այդ թվում՝ ադրբեջանամետ: Եթե այդ «ընդհանուր պետություն» ասածը ենթադրում է Ադրբեջանի տարածքի անխախտելիություն, ապա տեղին է հարցնել, իսկ ի՞նչպիսին է ենթադրվում նույն երկրի սահմաններում Ադրբեջան- ԼՂՀ հարաբերությունների կառուցվածքը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը տեսանելի ապագայում չի ընդունելու հորիզոնական հարաբերություններ հաստատելու տարբերակը, քանի որ դա ենթադրում է իրավահավասար սուբյեկտների կամավոր դաշինք: Այնինչ, կամավորության մասին խոսելու որեւէ հիմք դեռեւս չկա: Եթե առաջարկը ֆեդերատիվ հարաբերությունների մասին է, ապա դրանք ենթադրում են տարբեր մակարդակներ, բայց ոչ հորիզոնական: Ֆեդերացիայի կազմում սուբյեկտները կարող են ստանալ տարբեր կարգավիճակներ, ինչը որոշում է գլխավոր սուբյեկտը: Դա արդեն սկզբունքորեն անընդունելի է Ղարաբաղի համար, որը ձգտում է ստանալ իր պայքարի արդյունքի պտուղները, այլ ոչ դրանց փշրանքները: Ի՞նչ է սպասվում: Հավանաբար, արդեն մոտ ապագայում ԵԱՀԿ-ն ստիպված կլինի հերթական անգամ վերանայել իր առաջարկները եւ գուցե դրանցում լրացումներ եւ նույնիսկ փոփոխություններ կատարել: Որքանո՞վ դրանք մերժելի չեն լինի կողմերի համար, այսօր շատ դժվար է ասել:
Երեկ Երեւան այցելեց ԵԱՀԿ գործող նախագահ Բրոնիսլավ Գերեմեկը, որը նախագահ Քոչարյանի հետ ստորագրեց «ՀՀ կառավարության եւ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի միջեւ» փոխըմբռնման հուշագիրը: Ինչ խոսք, կարեւոր փաստաթուղթ է, սակայն խոսակցության թեման այնուամենայնիվ Ղարաբաղի խնդրի կարգավորումն էր: Լրագրողների հետ զրուցելիս Գերեմեկը նշեց, որ ինքը լավատես է, եւ հույս ունի, որ Բաքվում դեռ կկարողանա համոզել Ադրբեջանի ղեկավարությանը առաջարկի ընդունելիության մեջ:
Իհարկե, հավուր պատշաճի է ասված, քանի որ բարդ է պատկերացնել, թե Ադրբեջանում կարող են մի օրում մտքափոխվել եւ առաջարկը ընդունելի համարել: Փաստորեն, խաղաղարար առաքելությունը մտնում է հերթական փակուղին, որից դուրս գալու համար միգուցե սկզբունքորեն նոր մոտեցում է պահանջվելու:
Կարդացեք նաև
Ո. Մ.