ՀՀ սահմանադրության 39 հոդվածի պահանջները Երեւանի նախկին Կուտուզովի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող թիվ 96 պտուղբանջարեղենի տաղավարը սեփականաշնորհվել է 1994 թվականի նոյեմբերի 11-ին եւ վերանվանվել «ՕՆԻՔՍ-96» ՍՊԸ։ Ընկերության բաժնետերեր են Ջուլիետա Մինասյանը, Հրաչ Հարությունյանը եւ ընկերության նախկին տնօրեն Օ. Դավեյանը։ Ընկերության զբաղեցրած տարածքի օգտակար մակերեսը 77 քմ է։ Սեփականաշնորհվելուց հետո տնօրենն այդ մակերեսի 14 քմ-ն վարձակալության պայմանագրով հատկացրել է տարադրամի փոխանակման կետի աշխատողներին՝ ամսական 150 ԱՄՆ դոլարով, մսի բաժնի աշխատողներին՝ 13,7 քմ՝ ամսական 300 ԱՄՆ դոլարով եւ 17 քմ-ն որպես պահեստարան, փոխարենը ստացել է շինանյութ։ Տաղավարը սեփականաշնորհվելուց հետո աշխատել է օգուտով։ Մինչեւ 1995 թվականի ապրիլ ամիսը ընկերության տնօրենը պետական հարկերը մուծել է, դրանից հետո չի մուծել եւ թաղապետարանի կազմած միտումնավոր սխալ հաշվարկով պարտք է մնացել 1.716.000 դրամ։
Արաբկիրի թաղապետարանի եւ «ՕՆԻՔՍ»-96 ՍՊԸ միջեւ, ըստ քաղգործում եղած փաստաթղթերի, 1995 թվականի հունիսի 9-ին կնքվել է հողօգտագործման վարձավճարի մեկ պայմանագիր։ 1996 եւ 1997 թվականների պայմանագիր երկու կողմերի միջեւ չի կնքվել։ 1995 թվականի հունիսի 9-ի պայմանագիրը չի կարելի համարել օրինական, քանի որ այն հաստատված չէ թաղապետարանի կլոր կնիքով։ Եվ ահա այս ընկերությունը յուրաքանչյուր ամիս թաղապետարանին պետք է մուծեր 47.232 դրամ։ Սակայն ընկերության նախկին տնօրենը չի մուծել եւ թաղապետարանի հաշվարկով 1995 թվականի ապրիլից մինչեւ 1997 թվականի մայիս ամիսը ներառյալ պարտք է մնացել 1.716.000 դրամ, սա այն դեպքում, երբ 1996 եւ 1997 թվականներին հողօգտագործման վարձավճարի պայմանագիր ընդհանրապես չի կնքվել, իսկ 1995 թվականի հուլիսի 9-ի պայմանագիրը անօրինական է, հաշվարկը՝ սխալ։
Պարտքի մասին երկու բաժնետերերը տեղեկացել են 1997 թվականի հունիսին՝ Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում։ Պարզվել է, որ Օ. Դավեյանը նրանցից միտումնավոր թաքցրել է թաղապետարանին պարտք լինելու հանգամանքը։ Ջ. Մինասյանը եւ Հ. Հարությունյանը 30 տարի է, ինչ աշխատում են վերը նշված տաղավարում։ Երբ այն սեփականաշնորհվեց եւ դարձավ «ՕՆԻՔՍ 96» ՍՊԸ, նրանց կամքով Օ. Դավեյանը դարձավ ընկերության տնօրեն, եւ 1995 թվականի սկզբներից Հրաչ Հարությունյանին, հետո նաեւ Ջուլիետա Մինասյանին արգելեց մտնել օբյեկտը՝ զրկելով նրանց օգուտների բաժնեմասից։ «Մեր ոտնահարված իրավունքները վերականգնելու, մեր բաժնեմասերը առանձնացնելու պահանջով 1996 թվականի հոկտեմբերի 7-ին դիմեցինք Արաբկիրի տարածքային ժողդատարան։ Ժողդատավոր Գ. Սարգսյանը, որը յոթ անգամ լսեց հայցը, սակայն մեզ համար անհասկանալի պատճառներով մեր օրինական պահանջը չբավարարեց, դատաքննությունը հետաձգեց։ 1997 թվականի մարտի 18-ին մենք՝ երեք բաժնետերերս, երկու փաստաբանների՝ Գ. Ղարիբյանի եւ Ս. Պետրոսյանի մասնակցությամբ ընտրեցինք նոր տնօրեն, հանձինս Ջ. Մինասյանի։
Պահանջվեց Դավեյանից կատարել գույքի կնիքի հանձնում նոր տնօրենին, սակայն նա մեր օրինական պահանջը չկատարեց։ Ստիպված այդ հարցով չդիմեցինք Արաբկիրի տարածքային դատախազին, հարկային տեսչությանը, որպեսզի պարտավորեցնեին Դավեյանին՝ հանձնել ընկերության կնիքն ու գույքը։ Սակայն՝ քար լռություն։ Ընդ որում, դիմել ենք բազմաթիվ անգամ։ Մեր դիմում-բողոքները՝ ուղղված տարածքային դատախազին եւ հարկային տեսչությանը, խլեց այնքան ժամանակ, մինչեւ որ Արաբկիրի թաղապետարանը քաղաքացիական անօրինական հայցով դիմեց Մյասնիկյանի շրջանի ժողդատարան՝ ընկերությունը սնանկ ճանաչելու համար։ Այս մասին տեղեկացել ենք ժողդատարանում։ Ժողդատարանում մեզ պարզ դարձավ նաեւ Դավեյանի չարամիտ դիտավորությունը՝ միայնակ տիրանալ օբյեկտին, դրան հասնելու համար հարկերը չմարել, ընկերությունը ցույց տալ անվճարունակ, արհեստականորեն ստեղծել նախապայման թաղապետարանի համար՝ ժողդատարան դիմելու, սնանկ ճանաչելու, աճուրդի հանելո՞ւ եւ գնելով դառնալ միակ սեփականատերը։
Կարդացեք նաև
Այն ժամանակ, երբ մեր հայցը քննվում էր Արաբկիրի ժողդատարանում, որտեղ պետք է առանձնացվեին մեր բաժնեմասերը, որը լուծում չէր ստանում, դարձել էր արհեստական քաշքշուկի առարկա, այդ ժամանակ Մյասնիկյանի ժողդատարանում լսվում էր մեր ընկերությանը սնանկ ճանաչելու հարցը։ Թեեւ մենք ժողդատավորին տեղյակ պահեցինք վերը թվարկվածի մասին, սակայն իզուր, հայցադիմումը ստանալուց հետո 6-օրյա ժամկետում լսեց հայցն ու բավարարեց եւ անօրինական կերպով մեզ զրկեց մեր բաժնեմասերից, մեր սեփականությունից։ Կարծես թե Արաբկիրի տարածքի դատախազը, հարկային տեսչությունը, ժողդատարանը, թաղապետարանը եւ Մյասնիկյանի շրջանի ժողդատարանը խոսքները մեկ արած ձգտել են նրան, որ մեզ զրկեն մեր սեփականությունից»։ Հիշենք, որ ՀՀ. քաղ. օր.-ի 10-րդ հոդվածում խոսվում է դատարանի պարտավորությունների մասին՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն կատարելու, պարզել գործի իրական հանգամանքները, մինչդեռ, փաստորեն, դատարանը կատարել է մակերեսային քննություն, չի խորացել գործի էության մեջ։ Մյասնիկյանի տարածքի ժողդատարանը գիտենալով, որ մեր հայցադիմումը քննվում է Արաբկիրի տարածքի ժողդատարանում եւ վերջնական լուծում չի ստացել, արհեստականորեն քաշքշվում է, որոշում է կայացրել ընկերությունը սնանկ ճանաչելու մասին։
Մյասնիկյանի տարածքի ժողդատարանը ընկերությանը սնանկ է ճանաչել 1997 թվականի հունիսի 18-ին, իսկ Արաբկիրի տարածքի ժողդատարանի որոշումը՝ քաղգործը առանց քննության թողնելու մասին, կայացվել է երեք ամիս անց։ «Մեր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով դիմել ենք ՀՀ նախկին գլխավոր դատախազին։ Բերվել է հսկողական բողոք՝ պատճառաբանելով, որ ժողդատարանը չի՞ պարզել արդյոք կողմերի՝ «ՕՆԻՔՍ-96» ՍՊԸ եւ Արաբկիրի թաղապետարանի միջեւ հողօգտագործման վարձավճարով պայմանագրեր կնքվե՞լ է, թե՞ ոչ, ինչպես նաեւ այն, որ գնահատման չի արժանացրել բռնագանձման ենթակա գումարի հաշվարկները»։ ՀՀ գերագույն դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիան (զեկուցող՝ Սլավա Սարգսյան), քննելով դռնբաց դատական նիստում դատախազի հսկողական բողոքը, որոշեց Մյասնիկյանի տարածքի դատարանի 1998 թվականի հուլիսի 18-ի որոշումը «ՕՆԻՔՍ-96» ՍՊԸ անվճարունակ ճանաչելու մասով թողնել անփոփոխ։
Նույն որոշման մասը՝ բռնագանձման ենթակա գումարի հաշվարկման մասով որոշումը բեկանել եւ այդ մասով գործը վերադարձնել նույն դատարան՝ այլ կազմով՝ նոր քննության։ Ի դեպ, քաղգործին կցված որոշման տակ չկան դատական նիստի նախագահողի եւ դատարանի մյուս անդամի ստորագրությունները։ «ՀՀ գերագույն դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիան ըստ մեզ ցուցաբերել է կամայականություն, պաշտպանել է իրենց աշխատանքային ընկերների ապօրինությունները։ Ժողդատարանների մեղքով մենք զրկվել ենք մեր սեփականությունից, մինչդեռ վճռաբեկ ատյանը արդարացրել է նրանց»։
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ