Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Նոյեմբեր 25,1998 00:00

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԵՎԵՑ ՀԻՆԳ ՐՈՊԵ Դատարանների վիճակը վերջին հնարավոր փոփոխությունների շեմին այնքան էլ նախանձելի չէ։ Առաջիկայում սպասվում են դատավորների ընտրություն-քննություններ։ Հասկանալի է, որեւէ ժողովրդական դատավոր այս պարագայում չի ցանկանա գլուխն ավելի բարձրացնել, քան՝ թույլատրելիի սահմանն է։ Նրանցից շատերը կերազեն անգամ անտեսանելի գլխարկ կրել, մինչեւ հողմերն անցնեն։ Այս իմաստով անկասկած դժվար գործ է ընկնել ժողդատավոր Գրիգոր Գրիգորյանի ուսերին։ Վերջինս Շենգավիթի ժողդատարանում ստիպված է լսել այնքան աղմկահարույց մի գործ, ինչպիսին է Անահիտ Ֆերջուլյան-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գործը։ Հետաքրքիր է, որ այս գործը Էջմիածնի ժողդատարանում դատավորին բացարկ հայտարարելուց հետո արդեն շուրջ երեք ամիս չէր կարողանում գտնել իրեն քննող դատավորին եւ վերջապես… գտնվեց։ Հիշեցման կարգով նշեմ, որ բացարկի հայտարարումից հետո Վճռաբեկ դատարանը վճռեց հայցի լսումը շարունակել (թե՞ վերսկսել) Արմավիրի ժողդատարանում։ Փաստաբանական եւ հավանաբար լրագրողական որոշ աշխատանքից հետո, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահի արդարացի վերաբերմունքի շնորհիվ, վճիռը փոխվեց, եւ գործը հանձնվեց Շենգավիթի ժողդատարան։ Հիշեցնեմ, որ հայցվոր կողմը երկրորդ կարգի հաշմանդամ է եւ Երեւանից Էջմիածին հասնելն արդեն խնդիր էր (նախորդ դատավարությունը Էջմիածնում էր), Արմավիր հասնելն ավելի դժվար կլիներ։ Այսպիսով, երեկ ժամը 11-ին Շենգավիթի ժողդատարանում պետք է տեղի ունենար Անահիտ Ֆերջուլյան-Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գործի քննությանը նվիրված դատական նիստը։ Ժողդատավորը եկավ 25 րոպե ուշացումով։ Հայցվոր կողմը 39 աստիճան մարմնի ջերմաստիճանով (վատառողջ էր) սպասում էր դատարանի անհրապույր եւ ցուրտ շենքում։ Մի խումբ լրագրողներ, հայցվոր կողմի փաստաբանը եւ հայցվորն ու իր ամուսինը, անխոս ու համբերատար սպասեցին մինչեւ 12.20 րոպեն։ Ես չեմ գրի այն մասին, որ դատարանի շենքը անհիշելի ժամանակներից վերանորոգված չէր, ջուր չկար, սակայն ամբողջ շենքում ինչ-որ բորշչանման, ճաշախառն բուրմունք էր տարածվել։ Այս ամենի մասին ավելի լավ կլինի չխոսեմ։ Ինչպես նաեւ չեմ խոսելու միջանցքների նստարանների անմխիթար փոշու եւ անհարմարության մասին։ Դատարան ելք ու մուտք անողներն էլ ակնհայտորեն կամ դատավորներ էին, նաեւ՝ փաստաբաններ եւ այլք, կամ էլ հնարավոր հանցագործների, կալանավորների եւ այլնի ծանոթ-հարազատ-բարեկամներ։ Կային նաեւ հատուկենտ ինչ-ինչ գործով եկածներ։ Այս ամենի մասին, էլի եմ կրկնում, հաշվեք, թե ոչինչ չեմ ասել։ Ի վերջո 12.20-ին … «Առավոտի» համբերությունը սահման ունի։ Պարոն ժողովրդական դատավորին հարցրի՝ թե ե՞րբ կսկսվի նիստը, եւ կսկսվի՞, արդյոք։ Վերջինս նախ ասաց, թե ինքը «ֆիզիկապես» շատ զբաղված է։ Հետո էլ, թե պատասխանող կողմը դեռ չի ներկայացել։ Իմ հարցին, թե կարգն ինչպե՞ս է, արդյո՞ք դատավորը պարտավոր չէ նիստը սկսել, եւ կողմերից մեկի բացակայությունն արձանագրելով նիստը հետաձգել։ Ակնհայտորեն կարգն այդպես էր, քանի որ հարգարժան դատավորը մեր զրույցից հինգ րոպե անց նիստի հրավիրեց ներկաներին։ Նիստը սկսվեց եւ ավարտվեց հինգ րոպեում։ Պատասխանող կողմին դատական նիստի օրվա եւ ժամի մասին ուղարկվել է ծանուցագիր, կա ուղարկելու մասին անդորրագիր։ Պատասխանող կողմի անհարգելի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց։ Հավանաբար, մեկ ամսվա ընթացքում դարձյալ նիստ կհրավիրվի, սակայն այդ մասին ոչ ոք հստակ չխոսեց։ Իսկ մեկ ամիսը քիչ ժամանակ չէ, եւ հնարավոր է՝ շատ դատավորներ քննությունները հանձնած լինեն։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30