Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԴԻՐՔԵՐԸ ԶԻՋՈՒՄ Է «ԵՐԿՐԱՊԱՀԻՆ»

Նոյեմբեր 25,1998 00:00
hyd

Թերեւս Վանո Սիրադեղյանը սխալվում էր, երբ նշում էր, թե «Երկրապահն» իրեն «սրտաշարժորեն է համարում Քոչարյանի քաղաքական հենարանը, ինչից Քոչարյանը քաղաքավարի անընդհատ հրաժարվում է եւ ինչ-որ չափով հենարան է համարում դաշնակցությանը»։ Եթե ներկա վիճակը հաստատուն մնա եւս մի քանի ամիս՝ անտեղի կլինի ՀՀՇ ղեկավարի այն զգուշացումը, թե «ընտրություններից հետո «սուպերնախարար» Վազգեն Սարգսյանից միայն կամուֆլյաժը կմնա» («Առավոտ», 7 հոկտեմբերի)։ Ուժերի հարաբերակցությունը փոխվեց կառավարության վերջին կադրային եւ կառուցվածքային փոփոխություններից հետո։

Ահա թե «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայությամբ նոյեմբերի 22-ին հեռարձակված հաղորդման մեջ այդ փոփոխություններն ինչպես են մեկնաբանել ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերի նախարար Դավիթ Զադոյանը։ Դեռ օգոստոսից էին շրջանառության մեջ լուրեր հայտնվել, թե աշնանը կառավարության կազմում լուրջ տեղաշարժեր են սպասվում։ Վերջապես իրականացված փոփոխությունները քաղաքական դիտորդների այն միահամուռ եզրակացությանն արժանացան, որ իշխանությունից «Երկրապահի» մասնաբաժինը խիստ ավելացել է։ Իսկ դաշնակցական մամուլն էլ այդ նշանակումներին շատ սուր արձագանքեց եւ առկա որակումներից ամենակտրուկն էլ այս էր, թե փոփոխությունները «թավշյա հեղաշրջման տպավորություն են առաջացնում» («Երկիրի» նոյեմբերի 19-ի խմբագրականից)։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթը նաեւ գրել էր (նույն տեղում). «Նոր նշանակումներով պայմանավորված ակնկալիքներն ի դերեւ են ելնում ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներով»։ Արմեն Ռուստամյանը մեր զրույցի ընթացքում այս առնչությամբ ասաց. «Ավանդաբար մեր պաշտոնաթերթը բավական լուրջ անկախություն ունի եւ շատ հարցերում մենք իրենց թույլ ենք տալիս ազատ իր տեսակետներն արտահայտել։ Ես չեմ կարծում, որ այս փոփոխությունները մեզ համար փակուղային իրավիճակ են առաջացրել։ Փոփոխության պահը հասունացած էր։ Իսկ թե դրանք ինչ արդյունք կունենան՝ ապագան ցույց կտա»։

Կատարված կադրային եւ կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցչի գնահատականը հետեւյալն էր. «Միշտ այն տեսակետն ենք արտահայտել, որ բարեփոխումների ընթացքը խիստ դանդաղում է։ Նախագահի ծրագրերը եւ նախընտրական խոստումներն իրականացման առումով բավական լուրջ մտահոգություններ են առաջացրել։ Այս ամենը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, քանզի ժողովրդի համբերությունն արդեն սպառվում է եւ ամեն մեկն իր անձի վրա չի զգում տնտեսական աճը կամ այլ բնույթի փոփոխությունները, որ նշվում են։ Կառավարության աշխատանքների դանդաղկոտության պատճառով էր, որ այդ ծրագիրն, ըստ էության, տեղապտույտ էր տալիս առնվազն մի քանի ոլորտներում։ Եվ այս առումով, իհարկե, կառավարության կազմի փոփոխությունը հույս է առաջացնում, որ ծրագրի կատարման ընթացքը կարագանա եւ բարեփոխումները նոր թափով կսկսեն իրականացվել»։ Եվ այսուհանդերձ՝ «թավշյա հեղաշրջում» որակման մեկնաբանությունը. «Միանգամից նման որակումներ տալը դեռ վաղաժամ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

Նույն որակմանն անդրադարձանք նաեւ տարածքային կառավարման եւ օպերատիվ հարցերի նախարար Դավիթ Զադոյանի հետ զրույցում։ Արդարացվա՞ծ է համարում արդյոք նա «թավշյա հեղաշրջման» մասին պնդումը. «Ո՛չ, համամիտ չեմ։ Կառավարությունը պարզապես իր աշխատաոճն է փորձել ճշտել։ Չեմ կարծում, թե սա կարելի է հեղաշրջում որակել։ Մենք ուղղակի փորձում ենք կառավարության ներսում վերակազմավորել ուժերը եւ ավելի արդյունավետ աշխատել։ Ընդամենը սա է»։ Հատկապես պրն Զադոյանին փաստացի փոխվարչապետի լիազորություններով օժտումն է որպես յուրօրինակ կշռաքար մատնանշվում՝ ցույց տալու համար, որ իշխանության կշեռքի նժարը «Երկրապահի» (կամ այլեւս ՀՀԿ-ի) կողմն է ծանրացել։ Մամուլում արդեն իսկ պրն Զադոյանին էլ, ինչպես եւ մեկ այլ երկրապահ նախարարի՝ Վազգեն Սարգսյանին, սուպերնախարար են անվանել։

«Չեմ ընդունում նման գնահատականները։ Այդպիսի բան գոյություն չունի,- այս առնչությամբ ասաց Դավիթ Զադոյանը։- Ճիշտն ասած, չեմ կարող մեկնաբանել, թե ինչու են այդպես մտածում։ Բայց ուղղակի այս աշխատանքներն ինձ հանձնարարվեցին։ Ինչ խոսք, ես՝ որպես «Երկրապահի» անդամ, երեւի մի քիչ ավելի պատասխանատու եմ, քանզի բազմիցս հայտարարել ենք, որ հենարանն ենք ե՛ւ կառավարության, ե՛ւ նախագահի։ Երեւի դա է պատճառը, որ այդպես են մեկնաբանում»։ Այո, անցած շաբաթ ե՛ւ վարչապետը, ե՛ւ պաշտպանության նախարարը (հանրապետության նախագահի անունից) քաղաքական այս ուժը նշեցին որպես իշխանությունների հիմնական քաղաքական հենարան։ Ինչպե՞ս է այս հայտարարություններին վերաբերվում Դաշնակցությունը. «Մենք միշտ նշել ենք, որ սոսկ արհեստավարժությունը քիչ է։ Անհրաժեշտ է նկատի առնել նաեւ հանձնառության, պատասխանատվության սկզբունքը,- նախ ասաց Արմեն Ռուստամյանը։- Այս առումով, մինչ այժմ կառավարության գործունեության պատասխանատուների հարցն անորոշ էր։ Հայտնի չէր, թե քաղաքական ո՞ր ուժերն են պատասխանատու իրականացվող տնտեսական քաղաքականության համար։ Այժմ այդպիսի որոշակիացում է նկատվում եւ այս առումով, դա ողջունելի է։ Պատասխանատվության առումով որոշակի հասցեատեր ունենալը միշտ դրական երեւույթ է»։

Կարո՞ղ ենք այսպիսով արձանագրել, որ իշխանության մեջ Դաշնակցության դերը խիստ նվազեց. մեր այս հարցին պրն Ռուստամյանի պատասխանն էր. «Կարծում եմ, սա դեռ ընդամենը գործընթաց է։ Դեռ վերջակետի չենք հասել, որ ուժերի վերջնական բաշխվածության գնահատականը տրվի։ Բայց այս պահին, կարծում եմ, որ այո՛, «Երկրապահն» իր պատասխանատվությունն ավելի է շատացրել կառավարության մեջ։ Իսկ մեր ներկայությունը նույնն է մնացել, ինչպես գիտեք, որեւէ փոփոխություն այս առումով չկա։ Եվ վերջին հայտարարություններն էլ այս ամենի լրացումն ու շարունակությունն են գուցե»։ Դարձյալ մեջբերենք ՀՅԴ Հայաստանի ԳՄ պաշտոնաթերթի նոյեմբերի 19-ի խմբագրականից. «Փորձ է արվում «արհեստավարժներ» անվան տակ քաղաքական ուժերին հեռու պահել պետության կառավարման գործընթացից՝ միաժամանակ դրա պատրանքը պահպանելով։ Արդյունքը լինելու է անձնիշխանություն»։ Սա չի՞ հակասում ՀՅԴ դիրքորոշումներին. «Սա մի քիչ մոտենում է,- պատասխանեց պրն Ռուստամյանը։- Միայն արհեստավարժությունը բավարար չէ եւ դրա բացարձակացումը, իրոք, կարող է ծայրահեղության հասցնել»։

Իսկ այժմ ներկայացնենք նույն խնդրի վերաբերյալ Դավիթ Զադոյանի մեկնաբանությունը՝ համաձա՞յն է, որ Հայաստանում անձնիշխանություն հաստատելու սպառնալիք կա. «Ոչ։ Ինչո՞ւ համաձայն չեմ, քանզի երբ ամեն ինչ սկսում ենք անձնավորել՝ դա երկար չի կարող տեւել։ Հնարավոր չէ միայն անձերով ամեն ինչ պայմանավորել։ Պետք է թիմ ստեղծվի եւ աշխատանքն այդպես կատարվի։ Մեկ անձը որքան էլ ուժեղ լինի, եթե իր կողքին համախոհներ չունենա՝ չի կարողանա երկիրն այս վիճակից դուրս բերել»։ Եվ այս թեմայի շարունակությունը. «Երկրում» սա էր, թե «երկիրը շարունակում են «ղեկավարել որեւէ գաղափարախոսություն չներկայացնող անհատներ՝ ժամանակ առ ժամանակ օգտվելով այս կամ այն քաղաքական ուժի աջակցությունից»։

Նաեւ արծարծվել էր անպատասխանատվության բեւեռի ձեւավորման խնդիրը։ Այստեղ որքանո՞վ են արտացոլված ՀՅԴ մոտեցումները. «Ես նույն շեշտադրումները չէի անի իհարկե,- ի պատասխան ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչը։- Նույն շեշտադրումներով չէի փորձի մեկնաբանել իրավիճակը, բայց համաձայն եմ այն մտքին, որ գաղափարական եւ այլ չափանիշների չգոյությունը մեզ համար կարող է, իրոք, ծանր հետեւանքներ ունենալ»։ Իսկ Դավիթ Զադոյանին հավելյալ հարց ուղղեցինք, թե ինչպես է մեկնաբանում արդեն «Հայքի» այն վերլուծությունը, թե հավանաբար վարչապետը, որի մոտալուտ պաշտոնանկության մասին զրույցները չեն դադարում, որոշել է իր համար ապահով «տանիք» գտնել ի դեմս «Երկրապահի»։

«Այդ դեպքում պիտի հիշեցնեմ, որ Գագիկ Մարտիրոսյանը «Երկրապահից» չէ, նա էլ նույն կարգավիճակն ունի՝ ինչ ես։ Վահրամ Ավանեսյանն էլ նույն կարգավիճակն ունի։ Այնպես որ, սա էլ է գալիս լրացնելու իմ այն միտքը, որ կառավարության ներսում պարզապես փորձում ենք վերակառուցում կազմակերպել ավելի հեշտ աշխատելու համար։ Ինչ վերաբերում է նրան, թե վարչապետն այդպիսով ցանկանում է ինչ-որ կերպ իրեն ապահովագրել. ցանկացած վարչապետի համար ապահովագրությունն իր ընդհանուր թիմի աշխատանքն է։ Եվ կառավարությունում ընդամենը երեք երկրապահ կա՝ Վազգեն Սարգսյանը, ես եւ Գեւորգ Վարդանյանը»։

Դավիթ Զադոյանն անդրադարձավ նաեւ այն պնդմանը, թե այս ամենը գալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունն է. «Ճիշտն ասած, ցանկանում եմ մի ճշմարտություն ասել. դեռ հարց է՝ շատ պաշտոններ վերցնելն ընտրություններից առաջ լա՞վ է, թե՞ վատ։ Երբ շատ պաշտոններ ես ունենում՝ նաեւ շատ խոցելի ես դառնում։ Բոլորս գիտենք, որ հրաշք չի կատարվելու եւ հնարավոր չէ, իրոք, շատ կարճ ժամանակում թռիչքաձեւ զարգացնել տնտեսությունը։ Ուրեմն պաշտոններ ստանձնելը դեռ ընտրությունների համար լծակ չէ»։ Եվ որպես ամփոփում. արդյոք դժգոհությունները միայն մամուլի մակարդակո՞վ են սահմանափակվում։ Դիցուք՝ Դաշնակցությունը խանդի որոշ զգացողություն ունի՞ աջակից կուսակցության այս հաջողությունների նկատմամբ։ «Որեւէ խանդ չկա՝ դա հաստատ»,- ժխտեց Արմեն Ռուստամյանը։

Տարաձայնությունները եւ հակասություններն այս փուլում բացառեց նաեւ Դավիթ Զադոյանը. «Բոլորիս մոտ թիմի գաղափարը կա։ Փորձում ենք այնպես անել, որ բոլորս միասին կարողանանք նույն մեխին խփել։ Եվ եթե սա հաջողվի՝ ուրեմն կառավարությունն իր վրա դրված պարտականությունները կկատարի եւ ի չիք կդառնան այն ասեկոսեները, թե այսօր-վաղը հանելու են բոլորիս»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30