Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկուրսը՝ 4-ը 1-ի

Նոյեմբեր 25,1998 00:00
davit Harutyunyan

Բազմիցս նշվել է արդեն, որ 1999 թ. հունվարի 12-ից, ըստ ՀՀ Սահմանադրության, գործելու է դատական նոր համակարգ։ Իսկ մինչ այդ քննությամբ կընտրվեն դատավորներ՝ ցմահ, ավելի ճիշտ՝ մինչեւ աշխատանքային կյանքի վերջը՝ 65 տարեկան։

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ երեկ հրավիրած ասուլիսը նպատակ ուներ ներկայացնել դատավորի պաշտոնի հավակնորդների առաջիկա թեսթավորման մանրամասները։

Մի փոքր անցնելով նախապատմությունը՝ նշենք, որ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում ընդունվել են կարեւորագույն օրենքներ, եւ «դատավորների իմացությունից մեծապես կախված է նաեւ մեր հետագա հաջողությունը. կկայանա՞ արդյոք մեր երրորդ իշխանությունը, թե՞ ոչ, կլինի՞ այն իսկապես արդար եւ կդառնա՞ այն շարժիչ ուժը, որը զարգացնելու է եւ աջակցելու է ընդհանուր առմամբ երկրի զարգացմանը»։

Ասենք, որ այս գործընթացը պլանավորված էր դեռեւս դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի կողմից եւ ենթադրվում էր ստեղծել մեկ միասնական հանձնաժողով՝ բարձրագույն իրավաբանական որակավորող հանձնաժողով։ Մինչ նման օրենքի նախագիծը կմշակվեր կառավարությունում եւ ԱԺ կներկայացվեր, ՀՀ նախագահը հրապարակեց հրամանագիր, ըստ որի ստեղծվելու էր նմանատիպ մեկ հանձնաժողով։ Սակայն հրամանագրում գրված էր, որ այդ հանձնաժողովը գործում է մինչեւ համապատասխան օրենքի ընդունումը ԱԺ-ի կողմից։ Նման հրամանագիր ընդունելու առաջարկությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ ԱԺ ներկայացվեց ե՛ւ կառավարության խոստացված օրենքը, ե՛ւ «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագիծը։ Վերջինս 2 ձայնի բացակայությամբ չընդունվեց եւ օգնեց ավելի կատարելագործելու կառավարության նախագիծը։ Իսկ հանրապետության նախագահը չեղյալ համարեց իր իսկ հրամանագիրը, քանի որ հրամանագրում ամրագրված հանձնաժողովն ուներ ժամանակավոր լիազորություններ եւ ընդամենը նախապատրաստական աշխատանքներ պիտի աներ։ Եվ նախկին օրենսդրությունը մնաց ուժի մեջ, իսկ դա նշանակում էր, որ հիմքում ընկած էր «Արդարադատության խորհրդի մասին» օրենքը, համաձայն որի ողջ գործընթացը պետք է իրականացվեր արդարադատության նախարարության կանոնադրության հիման վրա։

Գալով դատավորների թեսթավորմանը՝ նախ ասենք, որ ստեղծվել է 5 անդամից բաղկացած հանձնաժողով (արդարադատության նախարարի հրամանով եւ նախագահությամբ), ինչը կօգնի առավել հրապարակային անցկացնել քննությունները, առավել պարզ ու վերահսկելի, եւ որ կարեւոր է՝ գործընթացն իրականացվելու է համակարգիչների միջոցով։ Այս վերջին հանգամանքը դատավորների հավակնորդների հնարավոր 2000 թիվն իջեցրել է 480-ի. «Նրանք ինքնաբացարկով հեռացան»։

Նախատեսվում է ունենալ առաջին ատյանի 17 դատարան՝ 92 դատավորներով, 30 դատավոր վերաքննիչ դատարաններում, ընդ որում՝ 13 դատավոր քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում, 10 դատավոր՝ քաղաքացիական գործերով եւ 7 դատավոր՝ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանում։ Փաստորեն, պետք է նշանակվի 122 դատավոր, որոնք կգործեն հունվարի 12-ից։

Մի քանի մանրամասներ եւս. քննությունը կկայանա դեկտեմբերի 5-ին եւ նույն օրն էլ կամփոփվի։ Դատավորները 90 րոպեում պետք է պատասխանեն 100 հարցի։ Նախարարը բացառեց միմյանց օգնելու փաստը՝ հաշվի առնելով ժամանակի սղությունը։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30