Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՉՔՆԵՐՍ ԼՈՒՅՍ, ՀԵՐԹԱԳՐՎԵԼ ԵՆ 25 ՀՈԳԻ»

Նոյեմբեր 25,1998 00:00
Azgayin joxov

Պատգամավորներին այսպիսի աչքալուսանքի արժանացրեց ԱԺ փոխնախագահ Ալբերտ Բազեյանը։ Թեեւ, պետք է նկատել, որ ուրախացողների թիվը 25-ից այդպես էլ չանցավ։

Ինչ խոսք, բոլոր հայտարարություններին անդրադառնալը բավական ձանձրալի է, ուստիեւ մեջբերումներ կանեմ մի քանիսից միայն։ Արմեն Մարտիրոսյանն ընտանեկան նպաստներ վճարելու սկզբունքը գտավ ոչ արդարացի, քանի որ հաշվառման մեջ գտնվող 33 տոկոսը ապահով եւ ամենեւին էլ ոչ կարիքավոր են։

Վահագն Խաչատրյանին սովորականի պես, անհասկանալի էր «նորընծա իշխանավորների աշխատաոճը»։ Նրան անհանգստացրել էին կոնյակի գործարանի հետ կապված նորությունները, հոկտեմբերի 17-ի կառավարության նիստը, ինչպես նաեւ նոյեմբերի 4-ի նույնատիպ նիստում «Հայկական ավիաուղիների» սեփականաշնորհման հարցի քննարկումները։

Պրն Խաչատրյանն իր հայտարարությունը եզրափակեց իրավապահ մարմիններին, դատախազությանն ուղղված կոչով, որ հիշեն իրենց պարտականությունները։ Էռնեստ Սողոմոնյանին շատ է հուզում «Կարմիր խաչի» շրջիկ ցուցահանդեսը՝ «Մարդիկ եւ պատերազմ(ներ)» (լավ չեմ հիշում, կներեք- Լ. Ա.) խորագրով։ Հուզումի ալիքը բարձրացրել է այն, որ այնտեղ 15 թվականի եղեռնի մասին հեչ չի ասվում, ոչ մի լուսանկար չի ցուցադրվում։

«Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը խոսեց ընտրական օրենսգրքի մասին եւ սպառնաց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցի «այդ օրենսգրքի ընդունման հետագա ձեւական քննարկումներին»։

Մկրտիչ Գիմիշյանը ազգային հեռուստատեսության «Խորհրդարանական ժամ» ծրագիրը անվանեց «Խոսրովական ժամ»՝ արժանանալով պրն Բազեյանի մեղմ դիտողությանը։

Տեր Հուսիկ Լազարյանը քրիստոնեական ներողամտություն չցուցաբերեց՝ խոսելով ընտրական օրենսգրքի նախագծի առաջին ընթերցման վերաբերյալ։ «Հանրապետություն» խմբակցության անունից մեղադրեց երկրապահներին ԱԺ կանոնակարգը խախտելու մեջ։

Արշակ Սադոյանը նորից ու դարձյալ անդրադարձավ ամեն կարգի ընտրությունների կեղծությանը եւ ԱԺՄ-ի անունից զգուշացրեց, որ թող այնպես չանեն, որ ԱԺՄ-ն բոյկոտի ընտրություններին, հա՜…

Բարեբախտաբար, մոտեցավ ժամը 18-ն անց 15-ը, եւ Ալբերտ Բազեյանը նիստն ավարտված հայտարարեց։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30