Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱ՛ՐՀ ԱՆՑԻ՛Ր, ՓՂՈՍԿՐԻ ԱՓԻ, ՔԵՆԻԱՅԻ ՊԵՍ ԵՐԿԻՐ ՉԿԱ

Նոյեմբեր 25,1998 00:00
ashxarh

Կաշառակերության ազգային երանգը

Սեփական հարուստ լեքսիկոնի ծափուծիծաղի, բոցաշունչ ելույթների ու հայրենասիրության դրսեւորման հիանալի առիթ կար երեկ ԱԺ-ում. շարունակվում էր «Մաքսատուրքերի եւ մաքսավճարների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։ «Հայոց խորհրդարանի» առաջին ամբիոնի մոտ էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանը։ Քննարկման թիրախը օրենքի նախագծի 14-րդ կետն էր նախաառաքումային ստուգումների մասին։ Փաստորեն, առաջարկվում էր միջազգային մրցույթ հայտարարել եւ աշխարհի մասշտաբով նախաառաքումային ստուգման ծառայություններ մատուցող ընկերություններից ընտրել «ամենաարժանավորին»՝ նման ստուգումներ մեզ մոտ էլ անցկացնելու մղումով։ Կասկածի տակ է դրվում ՀՀ մաքսային վարչության գործունեությունը։

Հետաքրքիր է, որ նման հայտնի ընկերություններն իրենց աշխատանքները ծավալում են հիմնականում Լատինական Ամերիկայում (Բոլիվիա, Էկվադոր, Պարագվայ եւ այլն), Աֆրիկայում (Բուրկինա Ֆասո, Զամբիա, Զիմբաբվե, Մոզամբիկ, Նիգերիա, Սոմալի եւ այլն) եւ Ասիայում (Բանգլադեշ, Կամբոջա եւ այլն)։ Այս երկրների հետ նույն շարքում Հայաստանի հայտնվելուն դեմ էին համարյա թե բոլոր այն պատգամավորները, ովքեր ներկա էին դահլիճում։

Պատգամավոր Լեոնիդ Հակոբյանն առաջարկեց ԱԺ միջանցքում կախել աշխարհի տնտեսական քարտեզը, որ որոշ պատգամավորներ ընդմիջումներին այն ուսումնասիրեն, ինչպես նաեւ՝ մի գրատախտակ։ Արմեն Մարտիրոսյանը բավական ագրեսիվ հարցրեց. «Ո՜վ է գրել 14-րդ հոդվածը»։ Գրողը Արմեն Եղիազարյանն էր։ Ամբիոնի մոտ, ինչպես նշեցի, պրն Սանդոյանն էր, որի պատասխանից ջղայնացած՝ Արմեն Մարտիրոսյանը քթի տակ ինչ-որ բաներ ասելով լքեց դահլիճը։ Էռնեստ Սողոմոնյանը նույնպես դեմ էր, որ Հայաստանում նախաառաքումային ստուգումներ իրականացնեն օտարները. «Ինչո՞ւ կաշառքը տալ օտարներին։ Թող մերոնք տան, մերոնք էլ վերցնեն»։ «Դուք արդեն կաշառակերությանն ազգային երանգ եք տալիս»,- սրամտեց Էդվարդ Սանդոյանը։

Pre-silpment inspaction

Սա «նախաառաքումային ստուգման» լատինատառ տարբերակն է, որը ոչ մի կերպ չէր յուրացրել պատգամավոր Վարդան Խաչատրյանը։ Ի դեպ, նա իր ելույթը շատ բուռն սկսեց. «Ինձ գրգռեց նախարարի (Էդ. Սանդոյանի- Լ. Ա.) խոսքը։ «Ինվոյսին» հազիվ էին սովորել, հիմա էլ բրիշի՞՜նթ (ենթավերնագրի արտահայտության ա՛յս հատվածն էր յուրացրել պրն Խաչատրյանը)»։ Նա նաեւ նախարարին զգուշացրեց, որ խորհրդարանը կին չէ, եւ պետք չէ նրա ուղեղը մթագնել եւ ցանկացածն անել։ Իր բառապաշարին դիպչելը հռետորը չհանդուրժեց. «Ի՛մ ընտրողները թող մտածեն»։ Իսկ նրա ելույթի ընթացքում Էդվարդ Սանդոյանն այնքա՜ն ծիծաղեց… «Ա՛յ ձեր ցավը տանեմ,- առանց դահլիճի ուրախ մթնոլորտից ազդվելու՝ շարունակում էր պրն Խաչատրյանը,- բերեք՝ դնենք, շինենք, աշխատենք։ Թե չէ՝ ի՜նչ բրիշինթ»։

Իսկ Խոսրով Հարությունյանն ամոթից գլուխը կախել էր։ Երեւանում, հայոց խորհրդարանում, օրը ցերեկով, թվում է՝ ինտելիգենտ մա՜րդ, ու նման ելույթ…

Երկու սուրբ մի տեղ չի լինում

Ընդմիջումից հետո ՀՀ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ եւ հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանը զարմացավ պատգամավորների զարմանքի վրա։ Նա ոչ միայն բառ չասաց 14-րդ կետը օրենքի նախագծից հանելու վերաբերյալ, այլեւ այլեւայլ հիմնավորումներով առաջարկեց այն ընդունել առաջին ընթերցմամբ։ Ապշած ու տարակուսած պատգամավորների առաջ այսպիսի միտք էլ հայտնեց պրն Եղիազարյանը. «Ընենց չի լինում, որ ժողովուրդը սուրբ լինի, կառավարությունը՝ հրեշ»։

Հասցրեցի՜ն…

Պատգամավորներն այնքան շատ եւ ճնշող ելույթներ ունեցան՝ ի վնաս 14-րդ հոդվածի, որ Արմեն Եղիազարյանը (իհարկե, ոչ 100 տոկոս հավատալով իր ասածին) նետեց. «Ես վերջապես գիտակցեցի, թե որքա՜ն թերի են իմ գիտելիքները»։

Իսկ 14-րդ հոդվածի օգտին քվեարկեցին ընդամենը 22 պատգամավոր։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30