Ընտանեկան նպաստի համակարգի անցնելու կապակցությամբ «Փարոսի» ցուցակները թափով մաքրվում են։ Մաքրման գործընթացը հաճախ հետաքրքիր փաստեր է ի հայտ բերում։ Պարզվել է, որ միայն Երեւանում 150 մեծահարուստ ընտանիք հերիք չէ փաստագրված է «Փարոսում» իբրեւ կարիքավոր, դեռ սեփական լողավազաններում լողալու ախորժակն էլ չեն կորցրել։ Վերոհիշյալ լողավազանները ջեռուցելու համար յուրաքանչյուր ընտանիք ամսական վճարում է հարյուր հազար դրամ էլեկտրաէներգիայի վարձ։ Այդ բացահայտումից հետո 150 ընտանիք դուրս է գրվել «Փարոսից»։
ՇԱՆԹՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ
Հայաստանի ցեղապաշտական կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն «Առավոտին» հավաստեց, որ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Շանթը պայքարի մեջ կմտնի ոչ թե համամասնական ցուցակներով, այլ՝ մեծամասնական ընտրատարածքում։ Նա մտադիր է իր ուժերը կենտրոնացնել Կապանում։
ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ ԿՋԵՌՈՒՑՎԻ 80 ՇԵՆՔ
Կարդացեք նաև
Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ այս ձմռանը համայնքի տարածքում նախատեսվում է ջեռուցել 80-100 շենք։ Բացի այդ, վերանորոգվել է 8 բարձրահարկ շենքի եւ 25 հինգհարկանու թիթեղածածկ տանիք։ Աշխատանքները հիմնական մասով ավարտման փուլում են։
ՏԵՂ ԳՏԱՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼՈՒ
Ըստ հավաստի աղբյուրների, երկու օր առաջ Արվեստի ինստիտուտ գողեր էին մտել, որոնց մասնավորապես հետաքրքրել են ինստիտուտի ղեկավարության աշխատասենյակներում գտնվող իրերը։ Գողերից մեկը ինստիտուտի տնօրեն Լեւոն Հախվերդյանի սենյակում հայտնաբերեց ընդամենը 150-200 դոլար, որոնք, սակայն, չվերցրեց։ Հավանաբար, արհամարհեց։