Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Նոյեմբեր 24,1998 00:00
soc

Սակայն պաշտոնյա լինել չենք ուզի

Երկուշաբթին ծանր օր է։ Սոցապ նախարարությունում երկուշաբթին նաեւ «դիսպետչերականի» օր է։ Անկեղծ ասած, որեւէ մեղք չէի գործել, սակայն, քանի որ այսքան երկար ժամանակ ստիպված եմ սոցիալական ոլորտի լուսաբանությամբ զբաղվել, երեկ որոշեցի ներկա լինել նախարարության «դիսպետչերականին», տեսնել, թե ի՞նչ են անում, ինչո՞վ են զբաղվում երկրի սոցիալական քաղաքականությունը մշակող նախարարության մեծ ու փոքր պաշտոնյաները։ «Դիսպետչերականը» սկսվեց նախարարի մուտքով։ Վարչությունների պետերը կազմ ու պատրաստ նստել էին ու սպասում էին իրենց «ելույթին»։ Նախարարը սկզբում ներկայացրեց անցած շաբաթվա ընթացքում կատարված գործերը։ Հետո վարչության պետերի հերթն էր։ Բոլոր պետերն անխտիր (կին թե տղամարդ), պարտաճանաչ աշակերտների պես ոտքի էին կանգնում եւ անցած շաբաթվա ընթացքում «զեկուցում»։

Առաջինը խոսեց ընդունարանի վարիչը, ասաց, թե անցած շաբաթվա ընթացքում քանի այցելու է եկել, ի՞նչ հարցերով, ի՞նչ պահանջով։ Ըստ ընդունարանի վարիչի, նախարարություն դիմում են հիմնականում ընտանեկան նպաստի համակարգին անցնելու մասին հարցերով։ Մարդիկ ուզում են իմանալ՝ իրենք ինչո՞ւ չկան ցուցակներում կամ եթե կան՝ որքա՞ն են ստանալու։ Հետաքրքրվողների մի մասն էլ ուզում էր իմանալ ֆրանսիացիների վերջին նախաձեռնության, մանկատներից երեխաներ վերցնելու եւ խնամելու մասին։ Փախստականների վարչության նոր պետը թեպետ նույնպես ոտքի էր կանգնում, սակայն նրա խոսքում նկատելի էր նրա «եսը», եւ ասելիքը ներկայացվում էր. «Ես կարծում եմ, ես գիտեմ» եւ շարունակությունը՝ նույն ոգով։ Յուրաքանչյուր վարչության պետ ներկայացրեց առաջիկա շաբաթվա իր անելիքը։

«Փարոսի» ցուցակների մաքրման աշխատանքներին լծվել են նաեւ վարչությունները։ Պետերից ամեն մեկն իր աշխատակիցների հետ միասին նույնիսկ տանը հանգիստ նստելու իրավունք չունի։ Հանձնարարված է, ըստ բնակության վայրի, քննել- զննել եւ մաքրել ցուցակները։ Ամփոփ վերլուծության վարչության պետն, օրինակ, առաջարկեց 22 անուն, որոնցից պետք է ցուցակները մաքրվեն։ Իսկ, օրինակ, փախստականների վարչության պետի սրտով չէր, որ վերջին տարիներին ավտոմեքենա գնածներին դուրս են բերում ցուցակներից։ Սրտովը չէր եւ պատմեց, թե ինչպես իր մոտ է եկել մի քաղաքացի, որն իր կնոջ հետ միայնակ կենսաթոշակառու է, իսկ տղան եկել, հոր անունով ավտոմեքենա է գնել ու հետ գնացել իր Ռուսաստանը։ Արդյունքում՝ ծնողները նպաստից օգտվել չեն կարող, քանի որ իրենց անունով ավտոմեքենա կա գրանցված։ Այստեղ նախարարն ասելիք ուներ. «Էս պետության մեջ պետք է հասնենք էն բանին, որ ամեն ինչ իր անունով կոչվի»։ Հետեւությունը մեկն էր՝ փաստաթղթով մեքենա ունի, իրականում՝ ոչ, ուրեմն, պետք է դուրս գա ցուցակից։

Հավանաբար այս նախարարությունում ամենադժվար աշխատանքը բաժին է ընկել սոցիալական աջակցության վարչությանը, քանի որ այս վարչության պետը վերջերս միշտ հիվանդ է եւ այդպես հիվանդ-հիվանդ էլ իրեն չի խնայում։ Հենց նրանից էլ իմացանք, որ վերջին մաքրումների հետեւանքով ցուցակներից մաքրվել է 25 հազար անուն։ Մաքրումները շարունակվում են, եւ այս 25 հազարը, որոնց միավորների քանակը հավասարվել է զրոյի, ամեն պահի աղքատանալու եւ կարիքավոր դառնալու դեպքում կարող են կրկին հավակնել ցուցակում տեղ զբաղեցնելու պատվին։ Իսկ աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետը հայտարարեց, որ ոսկերչական գործարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 50 հաշմանդամի եւ 50 գործազուրկի նույն գործարանում ուսուցում կազմակերպել։ Եթե սխալ չլսեցի՝ հնարավոր է, որ ուսուցումից հետո աշխատանքի տեղավորելու հարց էլ լուծվի։ Ինչին, անկեղծ ասած, այնքան էլ չեմ հավատում։

Այս ինֆորմացիան ակնհայտորեն նախարարին դուր եկավ եւ վերջինս տեղում հանձնարարեց աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության ղեկավարին՝ շատ ուշադիր լինել այս ծրագրի նկատմամբ։ Կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի ներկայացրած թվերը «Փարոսի» մաքրման վերաբերյալ, նախարարին հետաքրքիր մտորումների եւ մտքերի առիթ տվեցին. «Բոլորս հասկանում ենք, թե ինչ է նշանակում միայնակ մայր կատեգորիան։ Նաեւ դրանով է պայմանավորված ընտանեկան նպաստի համակարգին անցումը, երբ հաշվի կառնվի ոչ թե կատեգորիան, այլ՝ ընտանիքի սոցիալական վիճակը»։

Հանրակացարաններում բնակվող փախստականների ծախսած էլեկտրաէներգիայի վարձերի, երկարաժամկետ պարտքերի մարման վերաբերյալ խոսակցության պահին, պրն Եգանյանը հանկարծ նկատեց, որ կոլեգիայի դահլիճի (Հրանուշ Հակոբյանը կասեր՝ ատյանի) ժամացույցը չի աշխատում։ Կանգ էր առել ինչ-որ անորոշ ժամի վրա, որը «դիսպետչերականի» հետ ամենեւին կապ չուներ։ Ամեն երկուշաբթի վարչությունների պետերը հանձնարարականներ են ստանում եւ հաջորդ շաբաթ զեկուցում, թե ի՞նչ են արել։ «Դիսպետչերականի» վերջին մասը նվիրվեց այս հանձնարարականների կատարողականի քննությանը։ Նրանք, ովքեր ինչ-ինչ հանձնարարություններ չէին կատարել, պարտավոր էին նախարարին առանձին բացատրություն տալ։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Պաշտոնյա լինելը ինձ՝ լրագրողիս համար այնքան էլ հաճելի զբաղմունք չէր։ Եվ որքան ցածր է աստիճանը, այնքան հաճույքը քիչ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30