Լրահոս
Օրվա լրահոսը

Զայրացած էլեկտրոնագործի մենախոսությունը

Նոյեմբեր 24,1998 00:00
jur

Ճառ, որը կարող էր Ազգային ժողովում արտասանել նախկին «Ջրմուղ» գիտաարտադրական ձեռնարկության վարչության նախկին ղեկավար, ինժեներ Ալեքսանդր Սահակյանը…

Այո՛, ջրի վիճակը վատ է։ Վատ էր նախկինում, իսկ այժմ՝ ավելի վատ։ Մայրաքաղաք մուտք գործող ջրի գրեթե կեսը կորչում է ինչ-որ տեղ՝ խողովակներում, որոնք ժանգոտել են դեռեւս նախկին վարչակարգի օրոք։ Անշուշտ, ջրմուղի համակարգը պետք է բուժել։ Բայց ո՞ր մասն է ցավում։ Գետնի տակ տասնյակ տոննա խողովակներ կան։ Սակայն որեւէ մեկը գիտե՞, թե՞ որտեղ փորել։ Հո ամբողջ քաղաքը չե՞ս փորփրի… Ի դեպ… Հո մեր փողը չէ։ Արեւմուտքն է տալիս։ Ուզում ես փորիր, ուզում ես՝ ոչ, միեւնույն է՝ Աստծո պարգեւի պես երկնքից միլիոնավոր «կանաչներ» կթափվեն։ Եվ ինչո՞ւ գետնի տակը անցնեն, երբ կարող են հանգստորեն տեղ գտնել սնդուկներում եւ չհրկիզվող պահարաններում. ջուր, ինչպես որ չի եղել, չի էլ լինի։ Հենց այդպես է մեզանում։ Փորձով գիտեմ։

Կատակ բան չէ՝ քսան տարի նվիրվել նույն գործին՝ քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերի համար ղեկավարման ավտոմատ համակարգերի ստեղծմանը։ Հետո ի՜նչ։ Ոչինչ… Պարզ ասած՝ այն, ինչին որ կարելի էր սպասել։ Ո՛չ փող կա, ո՛չ ավտոմատ համակարգ։ Թեեւ մեր ձեռնարկությունը աշխատում էր հաճախակի փոփոխվող Երքաղգործկոմի նախագահների հանձնարարականներով։ Ի՞նչ էր արվել։ Խնդրեմ… Մշակվել, պատրաստվել եւ Արարատյան դաշտավայրի պոմպակայաններում ներդրվել էին ավտոմատ կառավարման համակարգեր, որոնք միանգամայն բացառում էին վթարների հնարավորությունը, եւ որոնք ղեկավարվում էին ինչպես լոկալ ռեժիմով, այնպես էլ ԱՍՈՒ-ՏՊ (տեխնոլոգիական գործընթացների ղեկավարման ավտոմատ եղանակ) համակարգում։

Պարոնայք պատգամավորներ, ո՞վ է առավելագույն շահագրգռվածություն ցուցաբերելու, որպեսզի ջրամատակարարման համակարգը լավ աշխատի։ Իհարկե՝ «Ջրմուղը»։ Բայց այդ գերատեսչության ղեկավարը, որը հին վարչակարգի քողի տակ է իշխանության հասել, անհապաղ ոչնչացրել է այն ամենը, ինչը հնարավոր էր ոչնչացնել։ Ինչո՞ւ։ Աստված գիտե… Ես անձամբ այդ վնասակար գործողությունը օրինաչափ եմ համարում, քանզի նույն ձեւով ավարտվեցին նաեւ մեր գիտաարտադրական ձեռնարկության՝ ԱՍՈՒ-ՏՊ-ի ներդրման աշխատանքները քաղաքային տնտեսության տարբեր ճյուղերում։ ԱՍՈ՞Ւ, դա ի՞նչ բան է։ Դա ավտոմատ համակարգը է, որը ներդրվելով արտադրության մեջ՝ իդեալական կարգուկանոն է ապահովում։ Իսկ դա նշանակում է ճշգրիտ տեղեկություն ստանալ, թե որքան է արտադրվել եւ որքան է ծախսվել։ Եթե, ասենք, էլեկտրականություն է արտադրվում, ապա արդեն ոչ մի կիլովատ «ձախ» չի գնա։ ԱՍՈՒ-ն, ի տարբերություն մարդու, չի կարող խորամանկել, խաբել… Դա այն է, ինչպես լույսը քարանձավում, երբ այն պետք չէ նրա բնակիչներին։ Այդ լույսը պե՞տք է նրան, ով գերազանց գիտե, որ ավելի լավ է ձուկը պղտոր ջրում որսալ… Սակայն փաստերով խոսենք։

Գտնում եմ, որ այլեւս նորություն չէ, երբ մեր հանրապետության էներգետիկայի նախարարին շատերը չեն սիրում։ Հատկապես նրան անբարեհամբույր են վերաբերում նրանք, ովքեր չեն կարողանում հոսանքի վարձը մուծել՝ թանկության պատճառով։ Իսկ դա բնակչության 80 տոկոսն է, որը, չնայած լավ բարեփոխումներին, աղքատության սահմանագծին է գտնվում։ Իսկ նախարարը, ասես լարովի գործիք, առավոտից իրիկուն նույն բանն է ասում՝ պետք է բարձրացնել սակագինը… Իսկ պատկերացնո՞ւմ եք, արդյոք, պարոնայք, թե ինչպիսի պայծառ ապագա կխոստանա էներգահամակարգին, եթե ներդրվեն ԱՍՈՒ-ՏՊ-ները։ Չէ՞ որ այն հնարավորություն կտա նախարարին 80 տոկոսով կրճատել իր բանակը։ Իսկ այդպիսի ԱՍՈՒ մենք ունենք մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:

Դժվարագույն պայմաններում, երբ հանրապետության գլխին էր փուլ եկել էներգատեռորը, այստեղ մշակվել, պատրաստվել եւ փորձնական շահագործման է հանձնվել էլեկտրամատակարարման ԱՍՈՒ-ՏՊ-ների հիմնական մասը։ Եվ մի փոքրիկ օրինակ ասվածը հաստատելու համար։ Չորս տարի առաջ Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի փորձնական գործարանը արդյունաբերության նախարարությանը առաջարկել էր մշակել եւ բոլոր առեւտրական կետերում ներդնել դրամարկղի սարքերի վրա հսկող կենտրոնացված համակարգեր։ Պատկերացնո՞ւմ եք, պարոնայք, ինչ կպատահեր, եթե նախարարությունն «այո» ասեր։ Դա մի բան կնշանակեր՝ ոչ մի ապրուստ չի ունենա նա, ով չի սիրում բյուջեի հարկերը մուծել։ Ո՞ւմ է դա հարկավոր, չգիտեմ։

Մենախոսությունը գրի առավ ՍԵՐԳԵՅ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30