Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստծո խո՞սք», թե՞ դրամաշորթություն

Նոյեմբեր 24,1998 00:00
axand

Հայաստանում գրանցված աղանդներից մեկի՝ «Աստծո խոսք» եկեղեցու» հավաքները մեծ լսարան են գրավում

Առաջին հայացքից դա նման է ռոք համերգի. հարվածային գործիքներն ու էլեկտրակիթառը դղրդացնում են դահլիճը։ Երաժշտության ռիթմի հետ ցնցվում ու ծափ են զարկում մարդիկ։ Երիտասարդական պալատ մտնողը նույնիսկ չի կասկածի, որ այդ աղմուկը գալիս է ոչ թե Nastalgie դիսկոտեկից, այլ նրան հարակից դահլիճից։ «Փառաբանության երգեր» են կոչվում դրանք։ Եթե ուշադիր լսես եւ տարբերես բառերը, կտեսնես, որ դրանք, իրոք, մեծարում են Աստծուն։ Գրպանների թեթեւացման արարողությունը կատարվում է ժողովի սկզբում (գուցե հետո պակասե՞ն անդամները)։ Դա սկսվում է զանազան գրքերի՝ Աստվածաշնչի մեկնաբանությունների, գովազդից, որոնք պետք է վաճառվեն անմիջապես հավաքից հետո։ Երկրորդ փուլը հանգանակությունն է։

Բարձր երաժշտության ռիթմից եւ անընդհատ կրկնվող «ալելուիա»-ներից կիսահիպնոսացած մարդկանց ներշնչում են, որ գումար պետք է հավաքել «եկեղեցու» գոյությունն ապահովելու համար, նախապես «շնորհակալությունների» տարափ տեղալով։ Դահլիճով մեկ փոխանցվում են դատարկ տոպրակներ, որոնց մեջ լցվում է ժողովրդի «ճիտին պարտքը»՝ զոհաբերած՝ առանց այդ էլ սուղ միջոցներից։ Դրամը տրվում է այնպիսի հավատով ու երկյուղածությամբ, կարծես նախատեսված է Աստծո համար՝ իրենց մեղքերը ներելու դիմաց։ Անդամներից մեկի վկայությամբ, «Աստծո խոսք» եկեղեցի» կոչված հիմնարկությունը Հայաստանում գործում է արդեն ութ տարուց ավելի՝ Արթուր Սիմոնյանի ղեկավարությամբ։ Այն մասնաճյուղեր ունի տարբեր երկրներում՝ Վրաստանում, Ռուսաստանում, անգամ Աֆրիկայում։ Ունի իր թերթը, իսկ Ռուսաստանից ու արտերկրից ներմուծվում է համապատասխան գրականություն։

Արտասահմանյան տարբեր ֆիրմաներ (ինչպես, ասենք՝ Մերի Քեյը) ակտիվ գործունեություն են ծավալում այստեղի հավատացյալների շրջանում՝ ձեռք բերելով աշխատուժ եւ սպառելով իրենց արտադրանքը։ Մոտ ապագայում կազմակերպությունը պատրաստվում է կառուցել սեփական գրասենյակ, հյուրանոց եւ 5000 տեղանոց դահլիճ։ Վերջինիս շինարարության համար պահանջվող մոտ մեկ միլիոն դոլարը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, պատրաստվում է տրամադրել ոմն Կարլ Գուստավ Սեւերին անունով ոչ տեղացի «քարոզիչ»։ Տեղեկացա, որ խումբը ստանում է նաեւ սննդամթերքի օգնություն։ Քարոզիչները ստանում են աշխատավարձ։ Ըստ նույն անդամի տված տեղեկության, խումբը ձեռք է մեկնում անօթեւան քաղաքացիներին՝ ներգրավելով իրենց կազմակերպության շարքը, փոխարենը տեղավորելով հանրակացարանում (իրենց կողմից վարձված)։

Խումբն ունի «փառաբանության», «կարգ ու կանոնի», «ավագներ» եւ նման այլ բաժիններ։ Ժողովների ժամանակ քարոզիչները հեղինակություն են ձեռք բերում ժողովրդի շրջանում՝ իրենց պրակտիկայից օրինակներ բերելով, եւ փնովելով նրանց տգիտությունը։ Երեքժամյա հավաքույթից «Աստծո խոսքի» համար մնում է հազիվ կես ժամ։ Սա էլ ավելի շատ հիշեցնում է բարոյագիտության դաս, իհարկե, խոսվում է այնպիսի գրավող հարցերի շուրջ, ինչպիսիք են ընտանեկան հարաբերությունները, բարի գործեր կատարելը, միմյանց սիրելը եւ այլն։

Անշուշտ, հենց այս կեսժամյա անդորրի համար են ամեն կիրակի մարդիկ սուրում այստեղ, փոխանակ գնալու Հայ առաքելական եկեղեցի եւ ձանձրանալու գրաբարով հնչող անհասկանալի քարոզներից։ Արթուր Սիմոնյան ղեկավարն ու քարոզիչը մի առիթով ասաց, որ նախկինում չկային երիտասարդության մահացության այսքան շատ դեպքեր, որ առաջ ծնողները երեխաների ներկայությամբ անպարկեշտ ֆիլմեր չէին դիտում, եւ որ հիմա այս ամենը կա, քանի որ մոտ է աշխարհի վերջը։

ԱՆՆԱ ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30