Թուրքմենստանը, շնորհիվ գազի իր հսկայական պաշարների դարձել է աշխարհի լրջագույն երկրներից մեկը, որի հետ հաշվի են նստում աշխարհի առաջատար երկրներն ու նրանց ղեկավարները։ Նման լրջագույն երկրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արամ Գրիգորյանը երեկ ԱԳՆ-ում ներկայացրեց Թուրքմենստանը։ Ի տարբերություն Հայաստանի, այս երկիրն իրեն հնարավորինս հեռու է պահում ԱՊՀ-ից եւ Ռուսաստանից, որի ունեցած պարտքերի պատճառով 1996 թ. մարտի 25-ից փակվել է Թուրքմենստանից Ռուսաստան ներմուծվող գազը։ Այդ խողովակաշարով էր Հայաստանը գազ ստանում Թուրքմենստանից, եւ կախված Ռուսաստան-Թուրքմենստան հարաբերությունների ելքից, պարզ կդառնա՝ կստանա՞ Հայաստանը թուրքմենական գազ, թե՞ ոչ։
1995-ին ՄԱԿ-ը հաստատել է Թուրքմենստանի «պոզիտիվ չեզոքության» կարգավիճակը, որի շնորհիվ Թուրքմենստանը կարողացել է հասնել քաղաքական կայունության։ Հեռանալով Ռուսաստանից, Թուրքմենստանը մերձեցել է ԱՄՆ-ի եւ նրա ռեգիոնալ դաշնակիցների՝ Թուրքիայի եւ Պակիստանի հետ։ Այսօր Թուրքիան հիմնավորապես մտել է թուրքմենական շուկա։ Օգտագործելով թուրքմենական հումքային բազան, ստեղծվել են բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ։ Հարաբերությունները նորմալ են Պակիստանի հետ, որի պատճառով կարծիք կա, որ Թուրքմենստանն աջակցում է թալիբներին։ Այս ենթադրությունը որոշակի հիմք ունի, քանի որ ըստ պայմանավորվածության, թալիբների հաղթանակի դեպքում, Թուրքմենստանից Պակիստան կառուցվելիք գազամուղը անցնելու է Աֆղանստանի տարածքով։ Թուրքմենստանը 1500 կմ ընդհանուր սահման ունի Իրանի հետ։
Թեեւ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ ունեցած ջերմ հարաբերություններին, ճկուն եւ հավասարակշռված քաղաքականության շնորհիվ հաջողվել է բնականոն հարաբերություններ ունենալ նաեւ այս երկրի հետ։ Այժմ Թուրքմենստանում գործում են բազմաթիվ թուրքմենա-իրանական համատեղ ձեռնարկություններ։ Վիճելի հարցեր կան Ադրբեջանի հետ, կապված Կասպից ծովի կենտրոնում գտնվող Չիրագ եւ Ազերի նավթահանքերի պատկանելությունը որոշելու խնդրի հետ։ «Ես համոզված եմ, որ թուրքմեն ժողովուրդը եւ Թուրքմենստանը մեր լավագույն բարեկամներն են, եւ մենք շատ բանով ենք պարտական նրանց»,- հայ-թուրքմենական հարաբերությունները ներկայացրեց Արամ Գրիգորյանը։ Մեր երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1992 թ. դեկտեմբերի 9-ին։ Անցած 6 տարիների ընթացքում մեր երկրների միջեւ ստորագրվել են միջպետական բնույթի 45 համաձայնագրեր եւ պայմանագրեր։ Այս տարի մինչեւ այս պահն ընդհանուր դրամաշրջանառությունը կազմել է 60 միլիոն դոլար, որը մինչեւ տարվա վերջ կավելանա եւս 20-25 միլիոն դոլարով։
Թեեւ Թուրքմենստանում կան նաեւ հայ-թուրքմենական համատեղ ձեռնարկություններ, սակայն պարոն Գրիգորյանը կարծում է, որ թուրքմենական շուկան բավականին հագեցած չէ, եւ հայկական որակական հատկանիշներով չփայլող ապրանքները կարող են վաճառվել այդ երկրում։ Դեսպանատան եւ հյուպատոսարանի համար մեծ գլխացավ են դարձել հայ փախստականներն ու արկածախնդիր գործարարները։ «Շատերը լսել են, որ այդ երկրում կա սոցիալական ապահովություն՝ գազը, էլեկտրաէներգիան անվճար են, գալիս են Թուրքմենստան, մտածելով՝ որքան Հայաստանից հեռու, այնքան՝ լավ։ Սակայն թուրքմենական միջավայրում, որտեղ ամեն ինչ պետական է, հայ տղաները շատ դժվարությամբ են ինտեգրվում, եւ ստիպված դիմում են դեսպանատուն, կամ հացի գումար տալու կամ «մի բան անելու» խնդրանքով։ Մի բան անելը ենթադրում է անվճար Հայաստան հասցնելը»,- պատմեց պրն Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Դեսպանությունը մինչեւ այժմ ինքնաթիռով Հայաստան է ուղարկել 300-ից ավելի հայերի, եւս 20-ն ազատվել են բանտերից։ «Ինչպես գիտեք, ԱՊՀ երկրներում միլիցիան հավասարապես կաշառակեր եւ անօրինական է»,- ասաց Թուրքմենստանում ՀՀ դեսպան Արամ Գրիգորյանը, սակայն երբ հայրենասեր լրագրողներից մեկն ուղղեց՝ «Բացի Հայաստանից» ռեպլիկով, պրն Գրիգորյանը ծիծաղելով համաձայնեց. «Իհարկե, խոսք մյուսների մասին է»։ Աշգաբադում գործող հայկական կիրակնօրյա դպրոցում հերթ է, եւ դեսպանատունը ջանքեր է գործադրում նման դպրոց բացել Թուրքմենբաշի քաղաքում։ Կարեւոր խնդիր է համարվում հայկական եկեղեցու վերականգնումը, որի համար անհրաժեշտ է գրանցել առանձին կրոնական համայնք, մինչդեռ Թուրքմենստանում դեռեւս որեւէ ազգային փոքրամասնության ազգային համայնք չի գրանցվել։ Առավել տարօրինակ եւ հիացական ներկայացրեց դեսպան Գրիգորյանը Թուրքմենստանի քաղաքական կարգը։ «Փափուկ ասած Թուրքմենստանը դեմոկրատական երկիր չէ։ Սակայն նրանք պատրաստ չեն արեւմտյան դեմոկրատիային, եւ միապետական կարգը շատ արդյունավետ է արեւելյան այդ երկրի համար։
Այնտեղ ազատ մամուլ չկա, ամբողջ մամուլը վերահսկվում է պետության կողմից։ Երկիրը թուրքմենականացվում է, որի ընթացքում խախտվում են այլ ազգերի իրավունքներ, սակայն դա եւս բնական է։ Սափարմուրատ Նիյազովը հսկայական գործ է արել իր ժողովրդի եւ Թուրքմենստանի համար, որը կարելի է նկատել Աշգաբադում լինելով»։ Նման հիացական ներկայացումից հետո, ստիպված էի հարցնել, թե Հայաստանը արեւե՞լք է, թե՞ արեւմուտք, որպեսզի պարզվի՝ նման համակարգը նույնչափ արդյունավետ կլինի՞ նաեւ Հայաստանում։ «Հայաստանն առաջավոր Ասիա է, կամ հետնա-Եվրոպա։ Մենք արեւելքի եւ Եվրոպայի սինթեզն ենք»։ Այնպես, որ աշխարհագրորեն մենք լիովին արժանի ենք մեր ներկա վիճակին։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ