Մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանին աջակցող քաղաքական ուժերը ՀՀՇ-ի տրորած ճանապարհով էին գնում. վերջինիս համար անցած 8 տարիներին այդպես էլ բանավիճային մնացին այն հարցերը, թե արդյոք ինքն իշխո՞ղ կուսակցություն է եւ լիարժեք պատասխանատվություն կրո՞ւմ է կառավարության գործունեության համար։Շաբաթ օրը տեղի ունեցած մի իրադարձության դրական նշանակությունն անհնար է թերագնահատել՝ ձեւավորվող շարժումը ստանձնում է իշխանությունների քաղաքական հենարանի դերը, ուստի՝ պատասխանատուները հստակեցվում են։
Պատասխանատու… Աստծո առջեւ
Հայաստանի հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպությունների հավաքը հրավիրված էր առաջիկա համագումարի օրակարգի ճշտման եւ ՀՀԿ, Երկրապահ կամավորականների միության եւ «Երկրապահ» պատգամավորական խմբի քաղաքական համախմբան գործընթացի առաջին փուլի արդյունքների ամփոփման նպատակներով։ Արդյունքներն այս էին. ՀՀԿ-ն այժմ ունի մոտ 4500 անդամ (շուրջ 1000-ն են երկրապահներ), 56 տարածքային կազմակերպություն, Հայաստանի մարզերում՝ մոտ 500 սկզբնական կազմակերպություն, ԱԺ «Երկրապահ» խմբի կազմում էլ ՀՀԿ անդամ 55 պատգամավոր կա։
Առաջին ելույթը ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանինն էր, որը մասնավորապես անդրադարձավ այս համախմբման քաղաքական հետեւանքներին։ Այն է՝ ձեւավորվում է մի քաղաքական ուժ, «որն իր վրա է ցանկանում պատասխանատվություն վերցնել ապագա իրադարձությունների եւ քաղաքական զարգացումների համար։ Անկախ նրանից, թե հանրապետության նախագահը կամ քաղաքական մեկ այլ առաջնորդ կցանկանա՞ մեր աջակցությունը, թե՞ ոչ՝ մենք մեր եւ Աստծո առջեւ ենք պատասխանատու»։
Կարդացեք նաև
Քաղաքական պատասխանատվության խնդրին անդրադարձավ նաեւ ՀՀԿ անդամ Ալբերտ Բազեյանը. «Փորձ է արվում ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը երկրապահների վրա բարդել։ Այո՛, մենք կիսում ենք որոշակի պատասխանատվություն, կրում ենք այդ պատասխանատվությունը, բայց այնքանով, որքանով մենք կարողացել ենք մասնակից լինել քաղաքական որոշումների կայացմանը։ Իսկ դրանց մենք, ցավոք սրտի, այնքան էլ մասնակից չենք եղել։ Այլ հարց է, որ այսօր մենք պատասխանատու ենք ներկայումս իրականացվող քաղաքականության համար, քանի որ պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին եւ նրա ծրագիրը»։
«Ներկա միջազգային եւ ներքաղաքական իրավիճակը մեզ ուղղակի պարտադրում է լինել բավականաչափ զգոն, կշռադատված, հաշվենկատ (՞) եւ առավել կազմակերպված»,- սա էլ ԱԺ «Երկրապահ» խմբի նախագահ եւ այսուհետ նույնպես ՀՀԿ անդամ Սմբատ Այվազյանի ելույթից է։
Եվս մի քաղաքական շարժում, բայց ոչ հայոց համազգային
Այս հավաքի թերեւս ամենածավալուն (մոտ 40 րոպե) ելույթը պաշտպանության նախարար եւ ԵԿՄ նախագահ Վազգեն Սարգսյանինն էր, որը դեռ խոստացավ, թե ՀՀԿ դեկտեմբերի 25-26-ը կայանալիք համագումարում «մի հիմնավոր, համապարփակ եւ գուցե նաեւ՝ գրավոր ելույթով է հանդես գալու։ «Ասեմ միանգամից, առանց թաքցնելու, որ այս շարժման ձեւավորման նախաձեռնողը ես եմ եղել»,- կուսակցական գործունեությամբ զբաղվելու մասին խոստովանեց պաշտպանության նախարարը։ (Գուցե այն պատճառով էր պրն Սարգսյանը նախընտրում Հանրապետական կուսակցությանը շարժում անվանել, որ այդ կերպ ձեւականորեն մեղմ կարող է թվալ օրենքի դեմ իր հանցա՞նքը)։
Կուսակցության լուծելիք ամենակարեւոր եւ հիմնական խնդիրը ձեւակերպվեց սա, թե քանի որ Հայաստանում քաղաքական կենտրոնամետ դաշտը դատարկ է, եւ իշխում է երբեմն «անափ ու կատաղի» ազատականությունը` «Մինչեւ չլինի մի ուժ, որը կարողանա ծայրահեղ դրսեւորումների արանքում տեր կանգնել կենտրոնամետ գաղափարախոսությանը, քաղաքականությանը՝ մեր երկրի առաջընթացն էապես արգելակվելու է»։
Հետեւեց մի մանրամասն անդրադարձ, թե ինչ վտանգներով են հղի ազատականության ծայրահեղ դրսեւորումները, որից հետո այս բանաձեւումն արվեց Հայաստանի տնտեսական քաղաքականության ապագայի համար. «Իհարկե՝ շուկայական հարաբերություններ, իհարկե՝ ազատական հարաբերություններ, բայց չափի մեջ։ Մեր ե՛ւ շուկայական հարաբերությունները, ե՛ւ ազատականությունը պիտի շաղախված լինեն ազգային յուրահատկություններով, ազգային ավանդույթներով»։ Ազատականի եւ ազգայինի ոսկե միջինը գտնելը, այդ եզրերը մոտեցնելն էլ համարվեց երկրապահներով համալրված ՀՀԿ-ի խնդիրը։
Հաջորդը՝ «ներքաղաքական, ներկուսակցական դաշտի կանոնավորման» խնդիրն էր. «Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի իրեն նման շռայլություն թույլ տալ, ինչպիսին են 100-ի հասնող քաղաքական կուսակցությունների եւ անընդհատ սնկի պես աճող կազմակերպությունների, հոսանքների գոյությունը։ Ի վերջո, այս դաշտը պիտի կանոնավորվի։ Ի վերջո, ինչպես հատուկ է աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներին՝ Հայաստանում պիտի գործեն 3-4, լա՛վ, 5-6 դասական, ուժեղ, ավանդույթներ ունեցող եւ ձեւավորող, քաղաքական հստակ դեմք ու նկարագիր ունեցող, իրենց հետեւում ժողովուրդ ու զանգված ունեցող կուսակցություններ, այլապես այս բզկտվածությունը, այս վիճակը բերում է նաեւ հասարակության բզկտվածության»,- Վազգեն Սարգսյանը մասնավորապես հենց այս պատճառներով բացատրեց, թե ինչու 6 հազարանոց ԵԿՄ-ն իր կուսակցությունը չստեղծեց, այլ մասամբ միացավ ՀՀԿ-ին եւ հեռագնա ծրագիր ունի՝ իր շուրջ համախմբել բոլոր կենտրոնամետ ուժերին։ «Արդեն պառլամենտական ընտրություններից հետո մենք պիտի կարողանանք նաեւ փորձել կանոնակարգել, կանոնավորել պառլամենատարիզմի ոճը»,- հավելյալ նշեց պրն Սարգսյանը։
Մի մասնավոր դիտարկում. այս ամենն ընդհանրապես գուցե ճիշտ է, բայց կարծում եմ, լրագրողների բանակը պիտի ուրախանա, որ պաշտպանության նախարարի՝ միասնականացման ձգտումը նաեւ մամուլի վրա չի տարածվում ու նա չի փորձում գործուն քայլեր ձեռնարկել, որ 400-ի փոխարեն Հայաստանում լինեն «3-4, լա՛վ, 5-6» լրատվամիջոց։ Ինչեւէ։
Հետաքրքիր էր հետեւյալ հայտարարությունը ԵԿՄ-ի եւ ՀՀԿ-ի փոխհարաբերությունների վերաբերյալ. «Սա «Երկրապահ»-ՀՀՇ հարաբերությունները չեն՝ մեծ եւ փոքր եղբոր հարաբերություններ չեն։ Սա հավասարների միություն է (…), եւ որեւէ մեկը թող չփորձի սեպ խրել այս երկու ուժերի մեջ։ Սա վերջնական եւ հավերժ ճանապարհ է»։
Մատնանշված խնդիրներից թելադրվող նպատակներն էլ ուրվագծվեցին. «Մոտակա նպատակն այս է. մասնակցել եւ հաղթել ԱԺ ընտրություններում»։ Վազգեն Սարգսյանը կասկած չուներ, որ ունեն «ինտելեկտուալ եւ մարդկային» բավարար ներուժ ե՛ւ այս, ե՛ւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակի համար։ Հաջորդ նպատակը՝ այս քաղաքական ուժի միջոցով Հայաստանի «տնտեսական զարգացումն ուղղորդելն էր»։
Խոստացվեց, թե նույն չափով էլ պատասխանատու են լինելու Հայաստանի տնտեսական զարգացումների համար. «Այսօր իսկապես անբնական վիճակ է՝ ԱԺ «Երկրապահ» խումբը կառավարությանն աջակցում է այնքանով-որքանով։ Աջակցում է, ելնելով ոչ թե գաղափարներից ու քաղաքական գծից, այլ զուտ պետական շահից»։
Քիչ անց պրն Սարգսյանը մի հայտարարություն էլ արեց, որն այլեւս կասկածի տեղ չէր թողնում, որ «Երկրապահը» կամ ՀՀԿ-ն մտադիր է իր ծրագրային խնդիրները լուծող կառավարություն ձեւավորել. «ԱԺ-ի նոր ընտրություններից հետո այս համագործակցությունը, աջակցությունը պիտի լինի հատկապես գաղափարական եւ քաղաքական դաշտի վրա, եւ դա արդեն կձեւավորվի բազմաթիվ բանակցությունների, քաղաքական գծի ճշգրտման, գաղափարախոսական գծի բյուրեղացման հետեւանքով»։
Ավելի ուշ Վազգեն Սարգսյանը հրապարակավ համաձայնեց ընդդիմադիրների այն գնահատականի հետ, թե անկուսակցականները քաղաքական պատասխանատվություն, ըստ էության, չեն կրում պետության ապագայի համար։
Երրորդ մոտակա նպատակը կամ գործնական խնդիրը Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի իրականացմանը նպաստելը եւ տարվող քաղաքականության համար պատասխանատվությունը ստանձնելն էր։ «Սա պիտի լինի նախագահին սատարած քաղաքական ուժերից այն ուժը, որի վրա առավելապես պիտի հենվի հանրապետության նախագահը։ Ես այս բանն ասում եմ նաեւ հանրապետության նախագահի անունից»։
Եվ չորրորդ՝ «միգուցե ոչ մոտակա» նպատակն ու խնդիրն էլ Ղարաբաղի հարցի լուծմանը սատարելն է։ «Արդեն իսկ կարգավորման ներկայացված փաստաթուղթը առնվազն մի քանի գլուխ բարձր է նախկինում եղած փաստաթղթից,- հայտարարեց Վազգեն Սարգսյանը։- Եվ այդ փաստաթուղթը մեզ լուրջ հնարավորություն է տալիս վերսկսելու բանակցությունները»։
Վերջում էլ Վազգեն Սարգսյանն իր համախոհների համար վտանգավոր համարեց մոտակա խնդիրներով՝ մասնավորապես, ԱԺ ընտրություններով տարվելը՝ «դրանք մեզ համար գերխնդիր չեն, մենք ավելի լուրջ մտահոգություններ, խնդիրներ, խոհեր ու նպատակներ ունենք»։ Նաեւ պատվիրեց չգայթակղվել կուսակցության «սոսկական մեծացման խնդրով» եւ զգուշացրեց պատեհապաշտների հնարավոր հոսքի դեմն առնելու մասին։
«Եվ վերջին մտավախությունս. ես չէի ուզի, որպեսզի հանրապետական կուսակցությունը, շարժումը թշնամական հարաբերություններ ունենա այլ շարժումների եւ կուսակցությունների հետ։ Առանց այն էլ հանրապետությունում թշնամանքի տոկոսը չափազանց մեծ է»,- եւ այս ամենն ասելուց հետո, միայն ելույթի վերջում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հայտարարեց. «Եթե կոնֆերանսների, համագումարների ժամանակ հիմնականում դրական պատասխաններ տրվեն իմ բարձրացրած այս հարցերին, որ իմ ընկերների, համախոհների կողմից արդեն ընդունված գաղափարներ են, ապա ես ինքս պատրաստ եմ դառնալ այս շարժման առաջնորդ»։
… Ավելի ուշ լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու է միայն այժմ գործուն քայլեր ձեռնարկում «ծայրահեղ լիբերալիզմի դեմ»՝ Վազգեն Սարգսյանը պատասխանել էր (մեջբերում եմ ըստ գործընկերներիս պատմածների), թե տնտեսական քաղաքականությունից նախկինում մեկուսացված էր, բանակի խնդիրներով էր զբաղված, բայց այժմ տնտեսությունը պետք է բանակի ետեւից հասցնել։ Նաեւ ասել էր, թե նախագահական ընտրությունների ժամանակ հույս է ունեցել, որ տեղաշարժ կլինի ծայրահեղ ազատականությունից դեպի կենտրոնամետ տնտեսական քաղաքականություն, բայց, ցավոք, այս պահին չի տեսնում այդ բեկումը։ Եվ կրկնել է, թե այս քաղաքական շարժումը ստեղծելով, այս խնդիրները սահմանելով, պիտի հասնի նրան, որ ծայրահեղ լիբերալիզմի վտանգ չսպառնա մեզ։
Իսկ հիմա փորձեք հաշվարկել. արդյոք նման ծրագրերը սազակա՞ն են սոսկական քաղաքական ուժի ղեկավարին, եւ արդյոք գործը միայն ԱԺ-ում մեծամասնության հասնելով եւ կառավարություն ձեւավորելո՞վ կավարտվի։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ