Լրահոս
Օրվա լրահոսը

Եգորյանի մատուցմամբ

Նոյեմբեր 24,1998 00:00
Edvard Egoryan

Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ընտրական օրենսգրքի շուրջ համախմբված կուսակցությունների, որոնց ստույգ թիվն այսօր դժվար է ասել, սակայն հաստատապես այլեւս 11 չէ, հերթական հավաքը։ Եթե կոմունիստներին չհաշվենք, դրան չէր մասնակցում նաեւ «21-րդ դար. ԺԱԿ»-ի նախագահ Դավիթ Շահնազարյանը։ Քաղաքական ենթատեքստ որոնողներին ասենք, որ թեպետ վերջինս այս հավաքների վերաբերյալ արդեն իսկ հասցրել է վերապահ դիրքորոշում արտահայտել, սակայն այս վերջին նիստին նրա բացակայությունը դրա արդյունքը չէր։ Դավիթ Շահնազարյանը պարզապես ԱԺ մի խումբ պատգամավորների հետ Թուրքիայում է։ Ու թեպետ Կարեն Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն էր միայն, որ չէր ստորագրել կուսակցությունների վերջին հայտարարությունը, սակայն նրա մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Բադալյանը մասնակցում էր խորհրդակցությանը։

Նիստի ավարտից հետո ներսում տեղի ունեցածի մասին լրագրողներին պարզաբանումներ տվեց «Հայրենիք» պատգամավորական խմբի նախագահ Էդվարդ Եգորյանը։ Նրա մատուցմամբ, իրավիճակն այսպիսին է. իրար գլխի հավաքված 11 կուսակցություններից մի քանիսն այն կարծիքին են, որ ընտրական օրենսգրքի առաջին ընթերցում արարողակարգը խորհրդարանում տեղի է ունեցել խախտումներով։ Հետեւությունը՝ ընդունված որոշումն անօրինական է, ուստի, կուսակցությունների մի մասը պատրաստվում է միասնական առաջարկություններ ներկայացնել առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախագծի վերաբերյալ. «Մենք դեմ չենք, որ ԱԻՄ-ը դա առաջարկի, մենք դա սեպարատիզմ չենք համարում, եթե ԱԻՄ-ը ուզում է փորձ անել, թող անի»։ Պրն Եգորյանը մատուցեց, որ այս հարցում խնդիրներ չկան։

Կոնկրետ «Ժողովրդավարական հայրենիք» կազմակերպությունն էլ է նախատեսում մշակել առաջարկությունների փաթեթ, որոնք կներկայացվեն «Երկրապահին»՝ որպես հնարավոր փոխզիջումային տարբերակներ՝ իհարկե, եթե «Երկրապահն» ունի բարի կամք։ Բայց «մենք համոզված ենք, որ 99-ին քաղաքականորեն կեղծ ընտրություններ են պատրաստվում, ուստի անիմաստ է «Երկրապահի» հետ խոսելը, թեպետ դեմ չենք, նորից եմ ասում, որ եթե ԱԻՄ-ը հույս ունի մի բանի հասնել, դա փորձի»։

Կարեւորը, ինչպես ներկայացրեց Էդվարդ Եգորյանն, այն է, որ նիստին մասնակցած կուսակցությունները պայմանավորվել են պարբերական բնույթ տալ իրենց հանդիպումներին, հանդիպել շաբաթը գոնե մեկ անգամ ու խորհրդակցություններ անցկացնել ազատ, արդար ընտրություններ անցկացնելու շուրջ համագործակցելու վերաբերյալ։ Անընդհատ ծրագրեր կմշակվեն, որպեսզի, ի վերջո, հնարավոր լինի գործադրել ազատ, արդար ընտրությունների գաղափարը, իսկ դրա համար նաեւ համագործակցության դաշտ է հարկավոր։ Պրն Եգորյանը բարձր գնահատեց նաեւ կուսակցությունների միջեւ խորհրդակցելու ինստիտուտի հիմնադրումը, այն համեմատելով Անվտանգության խորհրդի նիստերի հետ՝ թեպետ այնտեղ բոլորը նախագահի մարդիկ են, սակայն նման համերաշխություն նույնիսկ այդ մարմնում չկա։

Վազգեն՝ նախագահ

Էդվարդ Եգորյանի ճեպազրույցի երկրորդ մասը, որն ավելի հետաքրքիր էր, իր այդ բնույթը ձեռք բերեց «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռուզան Խաչատրյանի հարցադրումների շնորհիվ։ «Հայրենիք» խմբի նախագահը դրականորեն անդրադարձավ, որ Վազգեն Սարգսյանը բացեիբաց խոսել է հանրապետական-երկրապահական շարժումը գլխավորելու իր մտադրության մասին։ Այն հավաստիացումները, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը, իրականություն չեն դարձել. «Դա այդպես չէ, ցանկացած հարցի լուծման Վազգեն Սարգսյանը եւ երկրապահները միշտ էլ մասնակցել են, ունեցել են ՀՀՇ-ից ոչ պակաս ստվերային ազդեցություն։ Վազգեն Սարգսյանը շարունակում է իր իշխանության ուժեղացման գիծը, իսկ ՀՀ-ում ամենաբարձր պաշտոնը նախագահինն է։ Չեմ էլ կասկածում, որ նա այդ պոստին հավակնելու է։ Այս կուսակցության ստեղծումը ես այդպես եմ գնահատում։ Վատ չեմ համարում դա, կուզեի, որ Վազգեն Սարգսյանը դրա մասին ավելի շուտ հայտարարած լիներ, որովհետեւ դրանից հետո շատ ավելի իմաստավորված են լինում մարդու գործողությունները։ Ես թափանցիկության կողմնակից եմ, ես ստվերային քայլեր չեմ սիրում»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30