Ազգային ժողովի նոյեմբերի 23-ի նիստում պատգամավոր Վահագն Խաչատրյանը, որը Օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի ու փոխառությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի քարտուղարն է, հարց ուղղեց ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին, որի բովանդակությունը հետեւյալն էր. «Դեկտեմբերի 10-ին ավարտվում է մեր հանձնաժողովի լիազորությունների ժամկետը, եւ ես ուզում եմ իմանալ, թե մենք ինչպե՞ս ենք շարունակելու աշխատել, որովհետեւ այս եռօրյան վերջանում է, իսկ մյուսը տեղի կունենա դեկտեմբերի 8-9-ին։ Հարցը մեխանիկորե՞ն է մտնելու ութերորդ նստաշրջանի օրակարգ, թե՞ պետք է դրա համար առանձին որոշում ընդունենք»։
Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Պարոն Խաչատրյան, այս հարցի շուրջ մենք որոշակի տեսակետներ ձեւավորել ենք համատեղ քննարկումների ընթացքում։ Ըստ էության պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը, ինչպիսին է իրավիճակը։ Նախ՝ այդ հանձնաժողովն իրավասություններ ունի իր լիազորություններն իրականացնել մինչեւ դեկտեմբերի 10-ը։ Իսկ դա նշանակում է, որ եթե մինչ այդ ժամանակահատվածը հանձնաժողովը պատրաստ լիներ ներկայացնելու իր զեկույցը, տեղեկանքը, հաղորդումը Ազգային ժողովին, ապա, այսպես ասենք, հարցն ավտոմատ պետք է ընդգրկվեր եռօրյա օրակարգում։ Եթե դա չի արվում, ապա չի նշանակում, թե մենք այլեւս ընդհանրապես հնարավորություն չենք ունենում այս հարցին անդրադառնալ։ Տվյալ պարագայում կանոնակարգը, տեսնենք, թե մեզ ինչ հնարավորություն է տալիս։ Ուրեմն, կամ մենք պաշտոնապես պետք է ստանանք ժամանակավոր այդ հանձնաժողովի զեկույցը մինչ այս նստաշրջանի ավարտը, որպեսզի կարողանանք լուծել նրա՝ եռօրյա օրակարգում ընդգրկվելու հարցը, կամ էլ՝ եթե դեպքերն այդ ընթացքը չունեցան, խնդրո առարկային պետք է անդրադառնանք արտահերթ նստաշրջանում»։
Ա. Զ.