Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության իսկական մարտիկը

Նոյեմբեր 24,1998 00:00
Galina starovoltova

Այսօր տեղի կունենա Գալինա Ստարովոյտովայի հուղարկավորությունը։ Լավ է, որ, ըստ աթեիստների, այս կյանքը լքողները չեն լսում իրենցից հետո իրենց մասին ասվող խոսքերը։ Որովհետեւ միշտ չէ, որ ասվում է այն՝ ինչ պետք է։ Ստարովոյտովան քաղաքական թշնամիներ քիչ չուներ։ Եվ երբ վրա հասավ նրա ողբերգական մահվան լուրը, այդ թշնամիներից շատերը շտապեցին հայտնել, որ ընդամենը մարդկայնորեն են ցավում պատահածի առթիվ։ Կանանց, սովորաբար, ընդունված չէ սպանել, նույնիսկ եթե նրանք, որպես քաղաքական գործիչ, տղամարդկանցից ավելի ուժեղ են։ Որքան էլ զարմանալի է՝ ավանդաբար հայրիշխանական Հայաստանում, ուր կանանց դժվարությամբ են քաղաքականությանը մոտ թողնում, Ստարովոյտովային միանգամից եւ ի սրտե ընդունեցին գրեթե բոլորը։

Նրան, ինչպես նաեւ Սախարովին ու Նույկինին, Հայաստանում երբեւէ չեն մոռանա։ Այդ նրանք էին, որ թիկունք կանգնեցին Արցախյան ազատագրական շարժմանը, որը ժամանակային ու իմաստային առումով համընկնում էր նաեւ ժողովրդավարական շարժմանը մեր հանրապետությունում։ Այս մարդկանց անունների շուրջ մեզանում հարգանքը չի պակասել նույնիսկ այսօր, երբ հայրենական շատ ու շատ ժողովրդավարական կուռքեր պսակազերծ են արված։ Հավանաբար պատահական չէր, որ Ստարովոյտովան իր վերջին քաղաքական մարտը տվեց գեներալ Մակաշովի դեմ, այն նույն Մակաշովի, որը 1988-ին Երեւանում ռազմական դրության պարետն էր եւ որը ձերբակալեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։

Այսինքն՝ Ստարովոյտովան այդ դեպքերից տասը տարի անց նույնպես հավատարիմ էր քաղաքական իր սկզբունքներին։ Այդ էր պատճառը, որ նրա քաղաքական ոխերիմ հակառակորդները հետեւողականորեն ատում էին նրան։ Այդ ատելության պատճառներից է նաեւ այն, որ նա հետեւողականորեն պաշտպանեց մեր ժողովրդի իրավունքները։ Նույն հետեւողականությամբ նա կյանքի վերջին օրերին պաշտպանում էր նաեւ հրեա ժողովրդի իրավունքները եւ՝ ամենեւին ոչ այն պատճառով, որ հրեաներին գերադասում էր այլ ժողովուրդներից, այլ որ՝ նա ժողովրդավարության իսկական մարտիկն էր։ Ու նաեւ այդ էր պատճառը, որ նա իր ողջ էությամբ կոմունիստական ռեւանշին դեմ էր։ Եթե Գալինա Ստարովոյտովայի ողբերգական մահը ժողովրդավարական ուժերի համախմբման առիթ հանդիսանա ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանում, ապա այդ հանգամանքը, թեկուզեւ թույլ, բայց մխիթարություն կհանդիսանա բոլոր նրանց համար, ում համար ազատության եւ անկախության իդեալները սոսկ դատարկ հնչյուններ չեն։

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հ. Գ. Բորիս Ելցինին հասցեագրված հեռագրում նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վիշտն է հայտնում Ստարովոյտովայի մահվան կապակցությամբ, նշելով, որ նրա կորուստը կարելի է փոխհատուցել միայն իրագործելով այն արժեքները, որոնց իր կյանքն է նվիրել Գալինա Ստարովոյտովան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30