Լրագրողները ՀՀԿ տարածքային կազմակերպությունների հավաքի ընթացքում Վազգեն Սարգսյանին խնդրել են մեկնաբանել հետեւյալ հակասությունը։ Նա հայտարարել էր, թե «Երկրապահը» կառավարությանն աջակցում է «այնքանով, որքանով», մինչդեռ Արմեն Դարբինյանն ազդարարել էր, թե երկրապահների հետ գաղափարական դաշինք է առկա։ Պաշտպանության նախարարն, ի պատասխան, նախ հերքել է, թե վարչապետը նման բան է ասել։ Իսկ երբ լրագրողներն, այնուամենայնիվ, պնդել են մեջբերման իսկությունը, պրն Սարգսյանն իր ուրախությունն է հայտնել. «Շատ ուրախ եմ, որ Արմեն Դարբինյանի գաղափարական դաշտում էական տեղաշարժեր են տեղի ունենում»։
ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻՆ
Բյուջեի ընդունումը խորհրդարանում հեշտ հաղթահարելի դարձնելու նպատակով կառավարությունը տարբեր պաշտոններ է առաջարկել երկրապահներին։ Նույնիսկ խոսվում է, թե երկրապահները շատ կտրուկ են դրել հարցը՝ եթե պաշտոններ չտաք, մենք դեմ ենք քվեարկելու։ Ուստի, ամենեւին էլ զարմանալի չպետք է թվա, որ Արամազդ Զաքարյանը նշանակվել է «Հայճանշին» ձեռնարկության փոխտնօրեն, իսկ աշտարակցի երկրապահ Սիմոն Գրիգորյանը՝ «Հայռուսպետգազ» ձեռնարկության փոխնախագահ՝ Ադոնցին տեղակալ։
Ո՞ՒՐ ԵՆ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՓՈՂԵՐԸ
Կարդացեք նաև
Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք սահմանվել էր, որ 1999 թվականին Հայաստանում պետք է մարդահամար անցկացվի։ Արդեն իսկ անցկացվել է մինի-մարդահամար, որի վրա ծախսվել է 200 հազար դոլար եւ 100 մլն դրամ, սակայն դրա վերաբերյալ որեւէ պաշտոնական զեկուցում չի պատրաստվել։ Բնականորեն հարց է ծագում՝ որտե՞ղ մսխվեցին մինի-մարդահամարի փողերը։