Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՄԻ ԲԱՆ ԳՏԱՎ, ՈՐԻՑ ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ ՇԱՏ ՇՈՒՏ ՈՒՐԱԽԱՑԱՎ

Նոյեմբեր 21,1998 00:00
Ruben torosyan

Հուսով ենք, որ ընթերցողը չի հասցրել մոռանալ «Վերածնունդ» համաժողովրդական խորհրդի նախագահ, նկարիչ Սարգիս Մուրադյանի եւ համանախագահներ լուսավորության նախկին մինիստր Հայկ Ղազարյանի եւ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի դեմ նույն խորհրդի արդեն նախկին տնօրեն Միսակ Մկրտչյանի հարուցած հայցի պատմությունը։ Հայցվոր Մ. Մկրտչյանը Արաբկիրի շրջանի ժողդատարան է դիմել՝ սեփական գույքը ուրիշի ապօրինի տիրապետությունից հետ պահանջելու մասին հայցով։ Դատը վարում է Արաբկիրի շրջանի ժողդատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը։ Մինչ այս նիստին անդրադառնալը նշեմ, որ նախորդ նիստերից մեկի ընթացքում պատասխանող կողմը որոշեց փոխել նախկին փաստաբանին, եւ այժմ իրենց փաստաբանը Ժուդեքս Շաքարյանն է։ Սարգիս Մուրադյանի փոխարեն հանդես է գալիս Ռուբեն Թորոսյանը («Մարդու իրավունքներ-96» կազմակերպության նախագահ), որը վերջին ժամանակներս ընդգրկվել է «Վերածնունդ» համաժողովրդական խորհրդում։

Նիստը սկսվեց Միսակ Մկրտչյանի խոսքով, որը դատավորի պահանջով պատմեց իր աշխատանքային գործունեության մասին («Վերածնունդ»-ում)։ Նա պատմեց «Վերածնունդի» կազմում 1992 թ. իր հիմնադրած «M & M» (որը հետագայում անվանափոխվեց՝ «Graphica group»-ի) դուստր ձեռնարկության ստեղծման եւ գործունեության, «Վերածնունդի» զբաղեցրած տարածքում վերանորոգչական աշխատանքներ կատարելու համար՝ բանկից խորհրդի հաշվեհամարից 600.000 դրամ հանելու, իր, որպես տնօրենի, իրավասությունների մասին։ Այդ ընթացքում պարզվեց, որ «Վերածնունդում» երբեւէ գույքագրում չի արվել։ Մ. Մկրտչյանը պահանջում էր իր անձնական միջոցներով գնած սեփական գույքը, որը գտնվում է վերոհիշյալ տարածքում եւ, որը «Վերածնունդի» նախագահը եւ համանախագահները թույլ չեն տալիս վերցնել։

Դատավորի պահանջով Մ. Մկրտչյանն ընթերցեց իր պահանջած գույքի ցուցակը. պատճենահանման մեքենաներ եւ համակարգիչներ (տարբեր մակնիշների), 7 կտորից բաղկացած ցուցադրման սպիտակ պահարան, գծող եւ կտրող սարք (ճարտարապետական գործիք), պատճենահանման մեքենայի փոշի, ռետինե վալեր եւ թմբուկ, կերամիկական սալեր, մարմարե սալիկներ, էլեկտրական եւ մետաղե սրճեփ, ջրաման, ծաղկաման, հաշվիչ մեքենա, մեծ գլոբուս, լազերային ծրագրային սկավառակներ եւ այլն, եւ այլն։ Այդ գույքի մեջ իրենց մասն ունեն նաեւ ճարտարապետ Լեւոն Իգիթյանը, դիրիժոր Զավեն Վարդանյանը եւ «Հայաստան» հանրախանութը։ Դատավորի հարցերին պատասխանելուց եւ հայտ ներկայացնելուց հետո Միսակ Մկրտչյանին դատավորի թույլտվությամբ հարցեր ուղղեց Ռուբեն Թորոսյանը։ Նա սկզբում համառորեն պնդում էր, թե Մ. Մկրտչյանը «Վերածնունդի» գործադիր տնօրեն չի եղել, որովհետեւ խորհրդի կանոնադրության համաձայն նրան «Վերածնունդի» վարչությունը պիտի ընտրեր։ Չնայած, առաջին իսկ հարցադրումը եւ մնացածները, բոլորովին կապ չունեին հայցի հետ, այնուամենայնիվ, Մ. Մկրտչյանը փաստաթուղթ ներկայացրեց, որի համաձայն 1996 թ. նոյեմբերի 29-ի որոշմամբ «Վերածնունդ» համաժողովրդական խորհրդի նախագահը եւ համանախագահները Մ. Մկրտչյանի վրա են դրել խորհրդի տնօրենի պարտականությունները։

Ռ. Թորոսյանի պնդմամբ, 1997 թ. կանոնադրության համաձայն, վարչությունը պետք է նրան նշանակեր, սակայն դատավորը նշեց, որ Մ. Մկրտչյանը, այնուամենայնիվ, իրավաբանորեն այդ պաշտոնում է եղել եւ պատասխանատու էր իր գործունեության համար, եթե «Վերածնունդի» ղեկավարները սխալ են թույլ տվել, ապա իրենք էլ դրա պատասխանատուն են։ Ռ. Թորոսյանը շարունակեց «գծից դուրս» իր հարցերը՝ «Պետռեգիստրում երբվանի՞ց է գրանցված «M & M» դուստր ձեռնարկությունը, «Ինչո՞ւ «Վերածնունդի» հաշվեկշռում չկա Մկրտչյանի գույքը» եւ այլն, եւ այլն։ Մ. Մկրտչյանի փաստաբան Միշա Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ ընդհատում էր Ռ. Թորոսյանին՝ հայցի հետ առնչություն չունեցող հարցեր տալու համար։ Միսակ Մկրտչյանը դատավորին ներկայացրեց իր անձնական սեփականությունը հաստատող փաստաթղթեր՝ գույքի անձնագրերը եւ համապատասխան ֆիրմայից գնած գույքի ստացականները («վՈՍսՈՊվՈ255», որի մեջ մտնում է տրանսպորտը եւ սարքավորման տեղադրումը, եւ այդ պատճառով էլ նշվում է գույքի տեղափոխման-տեղակայման հասցեն)։ Սկզբում այդ փաստաթղթերը զննեց Ռ. Թորոսյանը, ապա՝ դատավորը, վերջում՝ Ժուդեքս Շաքարյանը, որը ստացականի վրա նկատեց «Կասյան 6» հասցեն («Վերածնունդի» հասցեն է), որը մինչ այդ Ռուբեն Թորոսյանը չէր նկատել։

Ժ. Շաքարյանը՝ նկատելով «Կասյան 6»-ը, եզրակացրեց, որ եթե ստացականում գրված է «Կասյան 6», ուրեմն այդ գույքը «Վերածնունդինն» է։ Ռ. Թորոսյանը այդ «հայտնաբերումից» շատ ուրախացավ. «Ըհը, վերջապես մի բան գտանք…»։ Ուրախությունից պրն Թորոսյանն այլեւս չէր ուզում մտածել կամ լսել Մ. Մկրտչյանի բացատրությունը, որ՝ ցանկացած ֆիրմա նման գույք վաճառելիս գրանցում է գնորդի անուն-ազգանունը, անձնագրի համարը եւ այն, թե գույքը ուր պետք է տարվի։ Բացի այդ, դժվար չէ ստուգել՝ արդյո՞ք Մ. Մկրտչյանն իր անձնական գումարներով է դրանք գնել։ Ամեն դեպքում Ռ. Թորոսյանի մտքով էլ չանցավ (կամ գուցե տեղյակ էլ չէր), որ եթե Մ. Մկրտչյանը դրանք գներ «Վերածնունդի» միջոցներով, ուրեմն «Վերածնունդը» համապատասխան գումար պետք է դուրս գրեր, սակայն «Վերածնունդը» գումար չի փոխանցել, եւ «M & M» դուստր ձեռնարկությունն էլ բանկում գումար չուներ կանխիկ վճարումով գույք գնելու համար։ Այնպես որ, Ռուբեն Թորոսյանի շահարկած փաստը հաջող չէր… մի քիչ շուտ ուրախացավ…

Դատը կշարունակվի մեկ շաբաթ հետո։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30