Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՓՇԱԼԱՐԵՐ

Նոյեմբեր 21,1998 00:00
sahman

Երբ 1998-ի հայտնի իրադարձություններից հետո բազում գրչատերեր խումբ-խումբ նետվեցին Լեռնային Ղարաբաղ՝ այնտեղի տոնական անցուդարձերը լուսաբանելու եւ երկրի քաղաքական էլիտային ծանոթանալու՝ մեր անելիքը հայրենիքիս այս հատվածում ավարտված համարեցինք: Հիշելով, որ Կովկասում Հայաստանից ու Ադրբեջանից բացի, մի ժամանակ այլ եզերքներ էլ կային, որոշեցինք համոզվել, թե, արդյո՞ք այսօր էլ կան դրանք: Թե՞ Կովկասը վիրտուալ մի տարածաշրջան է, ուր իրականը միայն քո երկիրն է, քո սահմանը, քո պատերազմ եւ խաղաղությունը: Պատկերացրեք, որ իրոք, այլ եզերքներում էլ ժողովուրդներ են ապրում, բայց, ի տարբերություն խորհրդային միացյալ Կովկասի, այսօր տարածաշրջան անվանյալը փշալարերով անջատված հողակտորների է նման, որ սահման ու պետություն են կոչվում:

Ռուսուլի պուլի, դոլարի, լարի

Նախ պարզեցինք, որ հայկական երկաթգիծն աշխատում է, եւ զույգ օրերին ժամը 19-ին Երեւանից Թբիլիսի գնացք է մեկնում: Փափուկ վագոնի տոմսի արժեքը 5 հազար դրամ է, պլացկարտինը՝ 3,5: Երկաթգծի «Երեւան» կայարանից կարելի է Թբիլիսի մեկնել նաեւ տաքսիով կամ երթուղայինով: Տաքսու գինը մեկ ուղեւորից՝ 25-30 դոլար է, եւ վարորդները նախընտրում են հայկական դրամով կամ դոլարով վարձը ստանալ: Երկու մայրաքաղաքների միջեւ տարածությունը, բնականաբար, չի փոխվել, բայց գնացքը ոչ թե 10 ժամում է հասնում Թբիլիսի, ինչպես նախկինում, այլ, լավագույն դեպքում՝ 18: Պատճառը բազմաթիվ ստուգումներն են եւ հոսանքը, որ երբեմն անջատվում է Վրաստանի տարածքում: Սկզբից մեր Այրում կայարանում ստուգումներ անցկացրին, հետո՝ մեր Բագրատաշենում, եւ վերջապես՝ վրացական Սադախլոյում: Նախ՝ սահմանապահներն են մուտք գործում գնացք, հետո՝ մաքսավորները: Այս գնացքի զբոսաշրջիկ հայության վերջին կանգառը Սադախլոն է՝ առեւտուրն անում, նույն գնացքով (բայց արդեն Բագրատաշենից) վերադառնում են հայրենիք:

Առեւտուրը մեր անկախ պետություններում հիմնականում կանանց է բաժին հասել, մինչդեռ պետության կառուցումը՝ տղամարդկանց: Վրացուհիները սեփական երկիր լուցկի, աղ, մոմ, շոկոլադ են ներմուծում, մերոնք՝ Սադախլոյի ապրանքը: Երկու պետությունների մաքսավորների հետ վրացուհիների խոսակցությունը կարճ եւ հասկանալի էր՝ ռուսուլի պուլի, դոլարի, լարի… Սկզբից բանավիճելու թեթեւ փորձ էին անում, բայց, ի վերջո, «մաքսատուրքը» վճարում էին: Վրացուհիները բացատրեցին, որ լուցկու եւ մոմի բիզնեսը բավականին ձեռնտու է՝ Թբիլիսիում օրական հազիվ երկու- երեք ժամ հոսանք են տալիս, գյուղերում՝ պատերազմից ի վեր հոսանք ընդհանրապես չկա: Սադախլոյում կանգնում ենք մոտավորապես երկու ժամ: Ոմանք հասցնում են առեւտուր անել: Այս բնակավայրը՝ Սադախլոն, փաստորեն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման դարբնոցն է: Ադրբեջանցիները Ցխինվալիից էժան ալյուր, այլ տեղերից՝ մանդարին ու արքայախնձոր, Թուրքիայից՝ հագուստ, էլի ուրիշ բաներ են հասցնում Սադախլո՝ եղբայր հայերի համար, նրանք էլ մեզ՝ պահանջատեր հայերիս, հասցնում են Երեւան: Քանի որ, ասում են, առեւտուրը ռուսական ռուբլով է, վերավաճառքը մեր ազգային դրամով շատ եկամտաբեր է: Այնպես որ, հայ-ադրբեջանական եղբայրության մայրաքաղաք Սադախլոյում կարելի էր, օրինակ, ԵԱՀԿ գրասենյակ բացել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արագացնելու նպատակով:

Հայ-վրացական հարաբերություններ

Թբիլիսին անհրապույր ու անխնա քաղաքի տպավորություն թողեց ու բոլորովին նման չէր նախկինում իմ տեսած ոսկեզօծ քաղաքին: Նոյեմբերի 15-ին այստեղ կայանալու էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ փողոցները զարդարված էին իսկական տղամարդկանց լուսանկարներով: Հասկացանք, որ Վրաստանն էլ Հայաստանի նման մի երկիր է: Ի տարբերություն Երեւանի, Թբիլիսիի փողոցներում կարելի էր հանդիպել ավտոմատներով զինված ոստիկանների: Ու վա՜յ հայկական համարանիշով մեքենա ունեցողներին: Նրանց կանգնեցնում էին ամեն քայլափոխի: Եթե հայ վարորդը անմիջապես ըմբռնում չցուցաբերի, ապա մանրամասն կստուգեն փաստաթղթերը, մեքենայի պարունակությունը: Ոստիկանները սկզբից մերժում են պարզած ձեռքիդ պարունակությունը. «Նետ, զեմլյակ, նե նադո, լուչշե բաստուրմա պրինեսի»:

Բաստուրման ավելի թանկ համարելով՝ մեր վարորդները ձեռքի պարունակության վրա են պնդում եւ, ի վերջո, հասնում նպատակին: Գագոն, որ Երեւան-Ցխինվալի երթուղու վրա է աշխատում 1990-ից, 1000 դոլարով իր մեքենայի հայկական համարանիշերը փոխել է վրացականի ու Վրաստանում այլեւս խնդիր չունի: Ասենք, որ ի տարբերություն Հայաստանի, վրացական / ի դեպ, նաեւ ադրբեջանական/ մեքենաներից ոչ մեկի վրա ռուսական տառերով համարանիշեր չնկատեցինք: Հայազգի վարորդ Գագոն խոստովանեց, որ վրացական մեքենաներն էլ առանձնապես մի ցանկալի հյուր չեն մեր եզերքում: Եղբայր ժողովրդի փոխադրամիջոց տեսնելիս, իսկույն աշխուժանում է հայկական ԳԱԻ-ն՝ ռուսական ռուբլի, դոլար, դրամ: Թբիլիսի-Երեւան ճանապարհին Գագոն վրաց «երկրապահներին» ռուսականով էր «հարգում», մերոնց՝ դրամով:

Հավելենք, որ վրաց սահմանապահները զինվորական հագուստ էին կրում, մերոնք՝ Բագրատաշենում, համենայնդեպս, կաշվե բաճկոններով էին: Ապրանքափոխանակությունն ու դրամափոխությունը Հայաստան-Վրաստան երթուղիներում արդի հարաբերությունների իրական արտացոլումն է: Առանց դրա մեր պետական մակարդակով հարաբերությունները, իրոք, վիրտուալ իրականության տպավորություն կթողնեին…

Կազբեգիո՞վ, թե՞ Ցխինվալիով

Թբիլիսիից՝ Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Վլադիկավկազ, լեռնային երկու ճանապարհ կա՝ ավանդական՝ Պասանաուրի-Կազբեգիով եւ Ցխինվալիով: «Ցխինվալիով չգնաք, թունելներում կիջացնեն, փողերդ ձեռքներիցդ կառնեն, ի՞նչ պիտի անեք»,- զգուշացնում էր Թբիլիսիում վարորդների մի մասը: Մյուսը մասը՝ Կազբեգիի ճանապարհով էր սարսափեցնում:

«Վերեւով ոչ մի դեպքում չգնաք, սարերի գագաթին կփոխանակեն ձեզ ուրիշ պասաժիրով, տեղ էլ չեն հասցնի»: Կովկասի ճանապարհներին լայնորեն տարածված է ուղեւորներին էստաֆետի պես իրար փոխանցելու պրակտիկան: Քանի որ այս երկու ճանապարհներին այլընտրանք չկար, որոշեցինք Կազբեկով գնալ Վլադիկավկազ, իսկ Ցխինվալիով վերադառնալ Թբիլիսի: Այդպես էլ արեցինք: Ճանապարհին հասկացանք՝ բազմաթիվ զգուշացումների իմաստը: Վրաստանի համարանիշ ունեցող մեքենայով գերադասելի է Հյուսիսային Օսեթիայի տարածքը չհատել, այլապես վաստակածի կեսը (Թբիլիսիից Վլադիկավկազ՝ ուղեւորը 15 դոլարով են տանում) վարորդները ստիպված են ոստիկանների, սահմանապահների եւ այլ ազդեցիկ «երկրապահների» գրպաններում թողնել: Նույն գործընթացն է տեղի ունենում Վլադիկավկազից Թբիլիսի երթուղում: Լեռնային գյուղերում ամենուրեք կարելի է հանդիպել առեւտրի օջախների՝ միրգ, գործվածքեղեն, փափախներ, գինի, իրանական, թուրքական ապրանքների տեսականի: Վաճառքը վրացական հատվածում լարիով է, օսեթականում՝ ռուսականով:

Հասնելով հռչակավոր Վերին Լարս մաքսային կետը, մեր մեքենան կանգնում է ուղիղ մեկ ժամ: Նախ վրացական սահմանապահներն են ստուգում, հետո՝ ռուսական: Վրացիները մեր վարորդին նախատեցին մեքենայում տղամարդ չլինելու համար. ասպետ են, կանանցից (այն էլ, ակնհայտորեն՝ ոչ առեւտրական) ի՞նչ վերցնեն: Եթե հիշում եք, հենց այստեղ էր մի տարի առաջ հայտնի «սպիրտային ռազբիրատը» Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ: Այսօր էլ տասնյակ հսկա բեռնատարներ սպասում էին սահմանը հատելու իրենց հերթին: ԲՏՌ-ներ, կամուֆլյաժով ավտոմատավորներ… ծանոթ ու հեռավոր տեսարան: Ռուսական սահմանապահները վերցնում են 50-ական ռուսական ռուբլի, կնիք դնում անձնագրում, այսինքն՝ երեք օր կարող ես Ռուսաստանում անգրանցում ապրել, 20-ական էլ վերցնում են մաքսավորները: Թե ինչո՞ւ են վերցնում՝ հարկ չհամարեցին բացատրել: Վարորդը իր հերթին է տալիս ՝ յուրաքանչյուր պահակակետում 20-ական ռուբլի:

Ազգությամբ օսեթ մեր վարորդ Արչիլը, որը Վրաստանի քաղաքացի է, բողոքեց իր հայրենակիցներից. օսեթ ոստիկանները «հարկեր» հավաքելու իմաստով վրացիներին գերազանցում են: Ահա ինչու են վարորդները ձգտում ուղեւորների փոխանակում կատարել եւ վերադառնալ սեփական անկախ պետություն: Թե այս եւ թե այլ առումներով որեւէ տարբերություն չկա Թբիլիսիից Վլադիկավկազ տանող երկու ճանապարհների միջեւ, սակայն վարորդների վկայությամբ, ավանդական ճանապարհը լուրջ նորոգման կարիք ունի եւ վրաց-օսեթական պատերազմից հետո Ցխինվալիով գնալն ավելի նախընտրելի է, թեեւ՝ ավելի երկար: Մի քանի օրից վերադառնում էինք Ցխինվալիի ճանապարհով. մյուսը փակ էր: Սարերում ձյուն էր նստել ու հարյուրավոր բեռնատարներ լռվել էին ոլորանների վրա: Վրաստանից խնձոր, մանդարին, ալյուր էին տանում Ռուսաստան: Պահակակետերում նույն տեսարանն էր՝ զրահատեխնիկա, զինվորներ, փշալարեր:

Սահմանապահները տուրքերի մեջ զանազանություն էին մտցրել. նախ մթերք կամ տասական ռուբլի էին վերցնում՝ հերթդ արագացնելու համար (խոսքը լռված բեռնատարներին չի վերաբերում. դրանք օրերով անշարժ են մնում), հետո պահանջում էին բենզին «թափել», վարորդը՝ 5 լիտր, ու կրկին փող էին ուզում: Այստեղ եւս լռվեցինք մեկ ժամ: Մեր վարորդը, խնձոր ու բենզին բաժանելով, ի վերջո, հասավ հռչակավոր թունելներին ու առանց որեւէ խոչընդոտի հաղթահարեց դրանք: Այստեղ էր, որ «ապրանքի փոխանակություն» տեղի ունեցավ՝ այլ մեքենա տեղափոխվեցինք, հասանք Հարավային Օսեթիայի մաքսային կետ, մուծեցինք 25 ռուսական ռուբլի (անձնագրում առանց որեւէ կնիքի կամ փաստաթղթի) ու հատեցինք բուն Վրաստանի սահմանը: Ցխինվալիի դարպասների մոտ ցուցանակը զգուշացնում էր. «Ցխինվալիում գործում է պարետային ժամը»: Թե ինչպես է այն գործում, չհասցրինք իմանալ, բայց վրաց-օսեթական պատերազմի հետքերը՝ ավերված տներ, պատերին բեկորների բազմաթիվ հետքեր, նկատեցինք:

Հարավային Օսեթիան, ինչպես բացատրեցին տեղի բնակիչները, փաստորեն միացած է Հյուսիսայինի հետ. շրջանառության մեջ ռուսական ռուբլին է, թոշակներն ու նպաստներն օսեթները ստանում են Վլադիկավկազում: Գյուղերից մեկում «ճակատամարտ» էր, բարեբախտաբար՝ մանկական: Երեխաները պատերազմ էին խաղում փայտե խաղալիք-զենքերով: Քիչ անց անհամարանիշ բեռնատարներ սլացան մեր կողքով՝ իսկական զինվորներով, ծածանվող երկնագույն դրոշակով ու հայրենասիրական երգերով: Իմ պատկերացմամբ, դրանք զվիադիստականներ էին, որոնք, Սինակիի խռովությունը կազմակերպելով, ուզում էին ապակայունացնել Վրաստանը եւ ապօրինի զավթել իշխանությունը, կամ՝ վրաց-օսեթական հարաբերությունները բորբոքող ազգայնականներ, որոնք ձգտում են վերսկսել պատերազմը: Բայց հնարավոր է, դա հենց այնպես մի պատկեր էր՝ Կովկասի վիրտուալ իրականությունից…

Ինչպես ասացինք սկզբում, մեր այս ուղեւորության նպատակը համոզվելն էր, թե արդյո՞ք Կովկասում հայերից բացի այլ ժողովուրդներ էլ դեռ կան: Այս էր պատճառը, որ Կովկասյան լեռների չքնաղ շղթան կտրելով, հասանք Վլադիկավկազ: Երեկոյան ժամը 6-ն էր: Մութ էր ու ցուրտ: Վլադիկավկազը մեռյալ քաղաքի պատկերն ուներ: Մի հայ երիտասարդ, իմանալով Ինգուշեթիա ու Չեչնիա գնալու մեր մտադրության մասին, ապուշ կտրեց. «Կյանքիցդ ձեռք ե՞ս քաշել, չգիտե՞ս, որ պատերազմ է, մարդ են գողանում»: Հյուրատանը գիշերեցինք՝ սարսափելի պատմություններ լսելով: Առավոտյան բռնեցինք Չեչնիայի ճամփան, որին հասնելու համար եւս երկու «սահման» պիտի կտրեինք:

ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30