Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ 7.

Նոյեմբեր 21,1998 00:00
Shekoyan

Հեղափոխությունը եւ մտավորականությունը

Որքան էլ մտավորականության մի ստվար հատվածը շարունակ խուսափի հեղափոխական առնչություններից ու շփումներից, միեւնույն է, հեղափոխությունն անմիջականորեն է առնչվում նրան։ Մտավորականության մի մասը, առանց հապաղելու դառնալով հաղթանակած հեղափոխության ապավեն, առաջին իսկ օրերից սկսում է օգտվել հեղափոխության պտուղներից։ Մյուսները, ակտիվորեն հակադրվելով հեղափոխությանը, նույնպես մնում են խաղի մեջ ու ջրի երեսին։ Երրորդները, շարունակելով իրենց անելիքը գիտության կամ արվեստի ասպարեզներում, փաստորեն, դուրս են մնում իրական կյանքից, ահագին ուշացումով հասկանալով, որ գիտության կամ արվեստի ժամանակներ չեն։ Այն մտավորականները, ովքեր հեղափոխության առաջին իսկ օրերից պրոֆեսիոնալ հեղափոխական են դառնում, հեղափոխության հաղթանակից անմիջապես անց դառնում են երկրի քաղաքական առաջնորդներ եւ բարձրագույն պաշտոնյաներ։

Նրանք, ովքեր հեղափոխության հաղթանակի մատույցներում կամ հեղափոխության հաղթանակից հետո են ինտեգրվում հեղափոխության առաջացրած գաղափարներին, հիմնականում այն պատեհապաշտներն են, ովքեր հեղափոխության հաղթանակից հետո շարունակ ջանում են ստեղծել այն տպավորությունն ու մթնոլորտը, թե՝ առանց իրենց գաղափարական աջակցության հեղափոխության առաջնորդներն ու հեղափոխության շնորհիվ առաջացած իշխանություններն անհուսալիորեն անպաշտպան են լինելու ստեղծված նոր իրավիճակում։ Եվ նրանց հիմնականում հաջողվում է այդ տպավորությունը ներշնչել հեղափոխության առաջնորդներին եւ հեղափոխության շնորհիվ առաջացած իշխանություններին, քանզի վերջիններս լիդերության փառքից ահագին շլացած ու ընդարմացած են լինում, ինչպես նաեւ՝ բավականին հոգնած ու բթացած։ Այս ներշնչողները հիմնականում նախորդ ռեժիմի այն հեղինակավոր մտավորականներն են, ում հեղափոխության առաջնորդները հեղափոխության սկզբում հատկապես են վարկաբեկել ու չեզոքացրել՝ վախենալով, որ սրանք կարող են հեղափոխության ընթացքը դանդաղեցնել կամ՝ պարզապես կանգնեցնել։

Հեղափոխության առաջնորդները, միանգամայն խամ լինելով, անկարող են հասկանալ, որ, ընդհակառակը, մտավորականության այս տեսակը հեղափոխության վերջնական ելքի հարցում իրենցից շատ ավելի անհամբեր է եւ իրենցից ավելի է շտապում ըմբոշխնել հաղթանակած հեղափոխության պտուղները՝ շուտափույթ ու ամբողջովին ներդրվելով արդեն հաղթանակած հեղափոխության գաղափարախոսության մեջ։ Հեղափոխությունը սկզբում վարկաբեկում ու ոտնատակ է տալիս հին ապրելաձեւն ու հին մտածողությունը, որպեսզի հետագայում վերստին ու յուրովի վերադառնա դրանց։ Եթե բոլշեւիկյան հեղափոխության դեպքում այդ վերադարձը տեղի ունեցավ յոթանասուն երկար ու ձիգ տարիների ընթացքում, ապա մեր վերջին հեղափոխությունը, հինը ջարդելով, այդ նույն հինն առավել անվարժ ձեւերով սկսեց կրկնել ընդամենը մի քանի տարի անց։ Բայց երբեմն, որոշ էպիզոդներում, հինն ավելի էֆեկտիվ է կրկնվում, քան՝ նախկինում կար։

Օրինակ. 1988 թվականին սկսված Շարժումն իր առաջին իսկ օրերին պարզապես բզիկ-բզիկ արեց ավելի քան խունացած կտորի վրա հազիվհազ նշմարվող «Հավերժ ռուս ժողովրդի հետ» արդեն լավ մոռացված լոզունգը, իսկ դրանից ընդամենը մի քանի տարի անց վերադարձանք ու շարունակում ենք վերադառնալ «Հավերժ ռուս ժողովրդի հետ»-ին՝ արդեն բոլորովին նոր կտորի վրա ու թարմ ներկերով թանձր գրելով վերոհիշյալ կարգախոսը, եւ որ ամենակարեւորն է՝ գրում ենք ոչ միայն կտորեղենի վրա, այլեւ՝ մեր հոգիներում։ Ու հետաքրքրական է, որ «Հավերժ ռուս ժողովրդի հետ» լինելու մեր հերթական հանգրվանը ժամանակային առումով մեկը մեկին զուգադիպում է ռուսաստանյան հերթական սոդոմգոմորին, երբ Ռուսաստանն ինքն էլ չի կարողանում իր հետ լինել։

Եթե յուրաքանչյուր նորմալ երկրում մտավորականությունը հանդիսանում է ամենայն նորի ջատագովն ու օրենսդիրը, ապա հայաստանյան մտավորականության մեծամասնությունը մշտապես հնին վերադառնալու համար պարզապես մի հատ է, եւ, որպես օրենք, հայաստանյան յուրաքանչյուր հնին վերադարձող իշխանություն հարյուր տոկոսով կարող է վստահ լինել մեր մտավորականության բացարձակ մեծամասնության բուռն աջակցության հարցում։ Հեղափոխությամբ իշխանության եկածներն, այնուամենայնիվ, որպես կանոն, անփորձ են լինում, եւ այդ է պատճառը, որ պալատական մտավորականությանը պալատից չկտրելու նպատակով ահագին ծախսեր են անում՝ չհասկանալով, որ մտավորականի տվյալ տեսակին փետով էլ պալատի մերձակայքից չես հեռացնի։ Սա՝ ընդհանուր առմամբ։ Բայց սույն մտավորականության մեջ կան այնպիսիք, որոնք իսկապես առանձնահատուկ ծախս են պահանջում։

Եվ թարսի պես նրանք հենց նրանք են, ովքեր իսկապես իրենց ելույթներով ի վիճակի են ուզածդ իշխանավորի վարկանիշն ուզածդ տոկոսի հասցնել։ Եվ եթե նրանք ըստ արժանվույն չեն գնահատվում ու վարձատրվում, ապա նրանցից հենց ամենաարժանավոր առաջինն անմիջապես ինքն իրեն դարձնում է ընդդիմության ամենաթանկարժեք քարն ու գլխավոր զարդը՝ կախվելով հակահեղափոխության (նոր հեղափոխության) վզից։ Դա տեղի է ունենում գրեթե բնականաբար, իսկ երբ շատ շուտով պարզ է դառնում, որ հակահեղափոխությանը (նոր հեղափոխությանը) ինտեգրվելն էլ պակաս շահութաբեր չէ (ոչ միայն նյութական, այլեւ ժողովրդականության իմաստով), ահա այդժամ գլխավոր զարդն անմիջապես համալրվում է մանրումեծ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերով։ Վերոշարադրյալից, իհարկե, սխալ կլինի ենթադրել, թե ոչ ծախու մտավորականներ մեր շարքերում ընդհանրապես չկան։ Նրանք կան եւ լինելու են, բայց, ցավոք, արդեն՝ ո՛չ մեր շարքերում։ Նրանք կան եւ կլինեն, բայց առայժմ դատապարտված են լինել մուրացկանների ու հիվանդների շարքերում, տոնավաճառներում՝ իրենց ոչ մի կերպ չհամակերպվող դախլներին անհուսորեն կռթնած, ավանդական սրճարաններում՝ իրենց վնասաբեր իդեաֆիքսերի հետ գիրկընդխառն:

Կան եւ շատ կան հոգեբուժարաններում, եւ ավելի շատ են պատահականորեն հոգեբուժարան չընկածների շարքերում, եւ շատ ավելի շատ են գերեզմանատներում՝ իրենց վերջնական հանգստավայրերում։ Այնպես որ՝ արվեստը վերստին զոհեր է պահանջում, եւ եթե հաշվի առնենք, որ այսօր նաեւ քաղաքական ու այլ կարգի թնդանոթներն էլ են խլացուցիչ թնդում, ապա հասկանալի է դառնում, որ մենք գտնվում ենք այն եզակի ժամանակներից մեկի մեջ, ուր ճշմարիտ ու անկաշառ մտավորականի ինքնախաբեությունը ոչ մի կերպ մի կտոր հացի չի վերածվում։ Դրան հակառակ, իհարկե, հեղափոխական գաղափարների ժամանակավոր պաշտպան մտավորականների ինքնախաբեությունը հեշտությամբ վերածվում է ոչ միայն հացի, այլեւ՝ զանազան այլ ուտեստների։ Եթե երեկվա մեր կոմունիստ պատմաբանների այսօրվա ճապուկ այլակերպումներին մի քիչ ավելի ուշադիր հետեւենք, ապա մեզ կարող է թվալ, թե նախկինում ՍՄԿԿ պատմության անխտիր բոլոր ամբիոնները ՀՅԴ ընդհատակյա բջիջներ են եղել, իսկ Գիտկոմունիզմի ամբիոններն էլ՝ Աստծո Որդու քարոզչության նախավայրեր։

Այսինքն՝ եթե նախկինում դաշնակներին մի բոլ չես հայհոյել ու սեւացրել, ապա այսօր իրավունք չպիտի ունենաս ազգային հարցից ու Հայ Դատից լիիրավ խոսել կամ գրել։ Եվ եթե նախկինում քո Գիտական կոմունիզմով կամ աթեիզմով Աստծո գոյությունը հարյուր տոկոսով չես հերքել, ապա քեզ դժվար թե այսօր իրավունք տրվի որեւէ Բաց կամ փակ համալսարանում Կրոն դասավանդել։ Այսպիսով՝ նրանք վերստին կուշտ են (գրեթե կուշտ են) եւ վերստին իրենց շրջապատում հարգված են (գրեթե հարգված են), եւ նրանց մեղադրողներն ու դատապարտողներն առ այսօր չեն հասկացել ու համառորեն շարունակելու են չհասկանալ, որ մեր ժողովուրդն էն գլխից էլ ատել է կուշտ մտավորականներին եւ արհամարհել է սովածներին։ Եվ նրանք, ովքեր կարծում են, թե արհամարհված լինելն առավել գերադասելի է, կնշանակի՝ իրենք երբեւէ արհամարհված չեն եղել։ Իսկ այն փաստը, որ հեղափոխական իշխանության առաջին սերունդը կուտ գնաց, իսկ գրեթե ողջ պալատական մտավորականությունը բալանսից բալանս փոխանցվեց հեղափոխական իշխանության հաջորդ սերնդին, թող նախկին իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկին առանձնապես դառնություն չպատճառի, որովհետեւ սույն իրողությունը մարդկության պատմության մեջ առանձնապես նորություն չէ։

Եվ քանի դեռ մեր պետությունն իր մտավորականներին աշխատատեղերով ու նորմալ աշխատավարձերով չի ապահովել, նրանք բոլորն էլ հանդիսանալու են զանազան երկրների հայաստանյան համալսարանների, զանազան աղանդների ու է՛լ ավելի զանազան գրանտատուների պոտենցիալ կամակատարները, եւ հասկանալի է, որ դա լավ օրից չէ, քանզի որոշ գրանտներ վտանգավոր են ոչ միայն չստացողների, այլեւ՝ ստացողների համար, եւ մեզնից քչերն են ի վիճակի «Հայաստանում ծխելու դեմ» տեսակի անշառ ու անմեղ գրանտներ հաջողացնել։ Իսկ երեխաները (մեր երեխաները) թարսի պես համառորեն շարունակելու են մեզնից հաց ու շոր ոչ թե խնդրել, այլ՝ պահանջել։ Ճշմարտությունն իսկապես դառն է. հավասարապես բոլորիս համար։

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30