Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ դու նստե՞լ ես…

Նոյեմբեր 21,1998 00:00
hayrikyan

«Նստած-դուրս եկածների» հանդեպ մեզանում միշտ որոշակի եթե ոչ հարգալից, ապա առանձնահատուկ վերաբերմունք է եղել: Ընդունված է նույնիսկ կարծել, որ եթե արական սեռի որեւէ ներկայացուցիչ բանտ չի նստել, ապա նրան դժվար է հասուն տղամարդ համարել: Չգիտեմ, հաշվի՞ է առել այս հանգամանքը Հայաստանի ներկա նախագահը, թե ոչ, բայց նրա մերձավոր շրջապատում հիմա հասուն տղամարդկանց դեֆիցիտ կարծես թե չի զգացվում:

Որքան էլ տարօրինակ լինի, նախագահական ողջ շքախմբի ընդհանուր առմամբ գորշ խճանկարում շատ արագ իր օրգանական տեղը գտավ Պարույր Հայրիկյանը, որին գորշից բացի կարելի է ցանկացած գույն վերագրել: Մինչդեռ ողջ ետխորհրդային տարածքում նրա պես կենսագրություն ունեցող մարդիկ այդպես էլ պետք չեկան այն իշխանություններին, որոնց գալուստը նրանք երազում էին: Այդ անձնավորությունները հիմա ամենուրեք նույն փնթփնթան դժգոհները եւ նույն այլախոհներն են, իսկ ոմանք՝ ցանկացած տիպի իշխանության ամենակատաղի ընդդիմադիրները: Այլ կերպ ասած, Հայրիկյանի պես մարդիկ ոչ մի ուրիշ ետխորհրդային պետությունում իշխանական համակարգերի հետ, որպես կանոն, բարեկամություն չեն անում, էլ չեմ ասում համագործակցության մասին:

Այս հանգամանքը, ինչ խոսք, մի շարք հարցեր է առաջացնում, մեր տեղական այլախոհության շուրջ ընդհանրապես եւ Հայրիկյանի հարցում՝ մասնավորապես: Բայց դրանց անկեղծ պատասխանները մենք հազիվ թե ստանանք: Հայրիկյանը իր նույնիսկ ամենաանբացատրելի քայլերը կարողանում է «բացատրել» այնպիսի հարձակողական կրքոտությամբ, այնպիսի հեշտությամբ շրջանցելով իր երեկվա եւ այսօրվա դիրքորոշումների միջեւ եղած հակասությունները, այնպիսի ոչ քրիստոնեական մեթոդներով ահ տալով նրանց, ովքեր համարձակվում են նկատել այդ հակասությունները, որ նրա հետ հիմնականում աշխատում են գլուխ չդնել:

Եթե իշխանությունը առավել զորեղացնի նրա բնավորության այդ գծերը, իսկ դա անտարակույս այդպես էլ կլինի, ապա Հայրիկյանի հետ նույնիսկ անվնաս տեսական վեճի բռնվելը անօգուտ կլինի: Իսկ ինչ-որ տեղ՝ նաեւ վտանգավոր: Բայց եթե իշխանական համակարգ մտնելու համար նա իր բազմաթիվ տիտղոսներին միայն ճշմարտությունը բռնաբարողի կոչումն ավելացնի, ապա իրեն կարող է երջանիկ ճակատագիր ունեցող քաղաքական գործիչ համարել: Մյուսները սովորաբար ավելի ծանր գին են վճարում:

Քոչարյանի մեկ այլ խորհրդականի՝ Վահան Հովհաննիսյանի հարցը շատ ավելի բարդ է: Եթե Հայրիկյանը նստել է նախկին ռեժիմի տարիներին, ապա Վահանը արդեն անկախ Հայաստանի նստածներից է եւ ցանկացած ժամանակ այդ հանգամանքը կարող է վահան դարձնել իր համար. իբր, նստիր՝ որքան ես, իսկ հետո կխոսենք:

Երկար տարիներ Վահան Հովհաննիսյանը, գոնե որոշակի խմբի մարդկանց համար, եղել է այն բոլոր հասկացողությունների խորհրդանիշը, որը անհնար է տեղավորել ցանկացած ծառայողական առանձնասենյակի նեղ տարածքում: Նրա մուտքը իշխանական համակարգ արդարացված կհամարվեր միայն այն պարագայում, եթե հաստատ վստահություն լիներ, թե սեփական անձի կողմից պաշտված, իսկ այնուհետեւ հազարավորների պարանոցին փաթաթված գաղափարների իրականացման գոնե մի փոքր հույս կա: Հովհաննիսյանն ըստ երեւույթին հակված է կարծել, թե պաշտոնական միջոցառումների ժամանակ իր վերնաշապիկին ամրացված թիթեռնիկն իսկ այդ հույսի առհավատչյան է: Դժբախտությունը, սակայն, այն է, որ նույն վստահությունը չունեն մնացածները, այդ թվում, կարծում եմ, նաեւ բոլոր նրանք, ովքեր Հովհաննիսյանին մինչեւ այսօր էլ գուցե միամտաբար, իսկ գուցե իներցիայով շարունակում են խորհրդանիշ համարել:

Մարդ-խորհրդանիշը պետչինովնիկի կարգավիճակում ակնհայտորեն կարող է արժեզրկել իր իսկ կողմից խորհրդանիշ դարձված գաղափարները եւ, այդ գործընթացը, ինչպես ասում են, մեր աչքերի առաջ է:

Մնում է պատասխանել թերեւս ամենակարեւոր հարցին. նստած լինելու փաստը այս մարդկանց ներկա պահվածքի վրա որեւէ հետք թողե՞լ է, թե՝ ոչ: Թե՞ նրանց բարձր առանձնասենյակներում նստած տեսնելուց հետո մենք հանկարծ հիշեցինք, որ նրանք ժամանակին ուրիշ տեղ էլ են նստել…

ՆԱՐԵԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30