Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՌՎՈՂ ԹՂԹԵՐ՝ ՓԱԿ ԴՌՆԵՐԻ ԵՏԵՎՈՒՄ

Նոյեմբեր 21,1998 00:00
Sos Gimishyan

Բազմաթիվ առիթներով խորհրդարանականները դժգոհել են, որ մամուլը միայն ԱԺ լիագումար նիստերն է լուսաբանում եւ չի անդրադառնում հանձնաժողովների աշխատանքին, որտեղ բուռն քննարկումներ են անցկացվում, «թղթեր պատռվում» եւ այլն։ Ընդունելով կշտամբանքի արդարացվածությունը՝ որոշեցինք շտկել մեր բացթողումը եւ մասնակցել պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի երեկվա նիստին։ Սակայն, չնայած նախապես ազդարարվել էր, որ բոլոր հանձնաժողովների նիստերը մշտապես բաց են՝ երեկ մեզ թույլ չտվեցին բուռն քննարկումներ լսել եւ տեսնել, թե ինչպես են պատգամավորները թղթեր պատռում։ Այդ հանձնաժողովը երեկ, ի շարս այլ հարցերի, նաեւ քննարկեց «Հայրենիք» խմբի ներկայացրած «ՆԳ եւ ԱԱ համատեղելիության մասին» նախագիծը։ Վճռվելու էր այն եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը, նաեւ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ պիտի բովանդակային քննարկում անցկացվեր եւ որոշվեր, թե ինչ եզրակացություն է ներկայացվելու ԱԺ-ին այս օրինագծի վերաբերյալ։

Մեզ հաջողվեց պարզել, որ այս հարցի քննարկումը շուրջ մեկ ժամ է տեւել։ ՆԳ եւ ԱԱ նախարարության շահերը պաշտպանել է փոխնախարար Հայկ Հարությունյանը։ Օրինագիծը ներկայացրել եւ հարցերին պատասխանել է «Հայրենիք» խմբի անդամ Սոս Գիմիշյանը, որին էլ խնդրեցինք պատմել, թե ինչպես է անցել քննարկումը, ինչ նոր փաստարկներ, հիմնավորումներ են հնչել եւ այլն։

Նախ, այս օրինագծի հակասահմանադրականությունը հերքող եւս մի փաստարկ ներկայացվեց․ «Սահմանադրությունը հստակ արձանագրում է, որ նախագահի հրամանագրերը, որոնցով նաեւ սահմանվում է կառավարության կառուցվածքը, չպիտի հակասեն օրենքներին։ Ես նաեւ մի օրինակ բերեցի, որ մեր օրենքով սահմանել ենք, թե պետք է Լեզվի պետական տեսչություն գոյություն ունենա, որով փաստացի սահմանափակել ենք նախագահի հնարավորությունն, ասենք, Լեզվի նախարարություն ստեղծել։ Կամ օրենք ենք ընդունել էներգետիկայի հանձնաժողովի վերաբերյալ, որով նույնպես սահմանափակել ենք նախագահին»։

Նախարարության տարանջատման նպատակահարմարության վերաբերյալ «Հայրենիքի» մոտեցումները եւս մեկ անգամ շարադրելուց հետո Սոս Գիմիշյանն առաջարկել է հետեւյալ ճանապարհն ընտրել՝ ԱԺ-ում քննարկել այս օրենքը, եւ եթե պատգամավորները գտնեն, որ այն ընդունելի է՝ «դրանից հետո նախագահը բազմաթիվ ճանապարհներ ունի նախեւառաջ ճշտելու, թե ԱԺ-ն որքանով է համոզված իր ճշմարտացիության մեջ, հետո կարող է վետոյի իրավունքը կիրառել կամ, եթե նույնիսկ օրենքն այդ դեպքում էլ անցնի՝ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի Սահմանադրական դատարան դիմել, որն այս խնդրում վերջակետ կդնի եւ եզրակացություն կտա, թե արդյոք այս օրինագիծը հակասո՞ւմ է Սահմանադրությանը»։

Սոս Գիմիշյանը Հայկ Հարությունյանին իր նկատառումներն է հայտնել նաեւ Սերժ Սարգսյանի որոշ հայտարարությունների առնչությամբ. «Նախարարի փաստարկն է, թե այս խնդիրը քննարկելը պրոֆեսիոնալների գործն է։ Բայց երբ նա ԱԱ նախարար նշանակվեց, չէր կարելի նրան պրոֆեսիոնալ համարել։ Գուցե ընթացքո՞ւմ է այդպիսին դարձել։ Եվ այդ մոտեցման դեպքում, թե միայն պրոֆեսիոնալների թելադրանքով ենք շարժվելու՝ անիմաստ է դառնում ԱԺ-ի գոյությունը։ Փոխնախարարին նաեւ ասացի, թե չեմ ընդունում նաեւ այն փաստարկը, որ սա ֆինանսների խնայողության խնդիր է։ 1993-ին, երբ այդ նախարարություններն առանձին էին՝ նրանք միասին երկու անգամ ավելի քիչ միջոցներ էին սպառել, քան այսօր է։ Եվ, վերջապես, երբ Սերժ Սարգսյանն առանձին նախարարություն էր ղեկավարում, ոչ մի անգամ հանդես չի եկել գումարներ շահելու նպատակով նախարարությունները միացնելու առաջարկով»։

Սոս Գիմիշյանին էինք ստիպված խնդրել, որ ներկայացնի, թե ինչ հակափաստարկներ է բերել ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Հայկ Հարությունյանը։ «Ասաց, թե այս միացման շնորհիվ վիճակն ավելի լավացել է, որի հետ բացարձակապես համաձայն չենք,- որպես հիմնավորում մեր զրուցակիցը կրկնեց այս նախարարության իրականացրած քաղաքական եւ տնտեսական ճնշումների վերաբերյալ պնդումները։- Հակափաստարկներից մեկն էլ այն էր, որ արդյունաբերության, առեւտրի եւ զբոսաշրջիկության միասնական նախարարություն կա։ Բայց դե, պետական առեւտուր արդեն գոյություն չունի։ Զբոսաշրջիկությունն էլ հիմնականում նույնպես պետականորեն չի կազմակերպվում, ուստի, իրոք բնական է, որ դրանք կարելի է իրար միացնել։ Իսկ այս դեպքում միացումն անընդունելի է»։ Ի դեպ, երբ «Առավոտին» թույլ չտվեցին այս նիստին մասնակցել, ենթադրեցինք, թե պատճառն այն է, որ հրապարակելու են, թե քանի հետախույզ եւ հակահետախույզ է տնտեսված փողերով պահում այս նախարարությունը եւ նման այլեւայլ պետական գաղտնիքներ։

Պրն Գիմիշյանից էլ խիստ զգուշորեն հետաքրքրվեցինք, թե արդյոք քննարկման ընթացքում գերգաղտնի տվյալնե՞ր են հրապարակվել. «Միանշանակ՝ ոչ։ Ոչ մի նման փաստ չի հրապարակվել, որ պետական գաղտնիքների հետ է առնչվում»,- սառը ջուր լցրեց մեր հետաքրքրասիրության վրա Սոս Գիմիշյանը։

Ի դեպ, որպես շահագրգիռ կողմ, նա նպատակահարմար չէր գտել ներկա գտնվել այս օրինագծի քվեարկությանը եւ հարցազրույցի պահին չգիտեր արդյունքները։ Ամբողջ օրվա ընթացքում մենք մի քանի անգամ ԱԺ մամուլի ծառայությունից (որի աշխատակիցը ներկա էր եղել քննարկմանը) փորձեցինք տեղեկանալ, թե ինչ եզրակացություն է որոշել հանձնաժողովն այս օրինագծի վերաբերյալ եւ արդյոք այն ընդգրկվելո՞ւ է առաջիկա եռօրյա նիստերի օրակարգում, սակայն փորձերն ապարդյուն էին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30